Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի անվտանգության գլխավոր սպառնալիքն է, եւ միայն նրա հեռացմամբ է հնարավոր Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովում։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարել է Անդրանիկ Թևանյանը։
«Մենք այս պայքարը որեւէ կերպ ոչ իրավունք ունենք, ոչ էլ ուզում ենք դադարեցնել, եւ այս պայքարը պետք է հասցնել հաղթական ավարտի։ Կա հետեւյալ ճանապարհը․ բոլորս շարունակում ենք մնալ այստեղ, երկրորդը՝ ես հիմա կոչ եմ անում մեր քաղաքացիներին մայրաքաղաքի, մարզերի, բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում։
Որքան բազմամարդ, խաղաղ ու անցնցում լինի մեր գործողությունը, այնքան ավելի արագ ու հեշտ կհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, եւ իշխանության աղբյուր ժողովուրդն իր ճնշմամբ պետք է իրականացնի իշխանափոխություն։ Ես նաեւ առաջարկում եմ մեր այստեղի պրոցեսներին զուգահեռ քաղաքական ուժերին նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթաց իմպիչմենտի միջոցով»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ որպեսզի կարողանանք իշխանության փոփոխություն իրականացնել, քաղաքական բոլոր ուժերը, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը պետք է իրենց ջանքերը ներդնեն համապատասխան հզորություն հավաքելու եւ այդ տեխնոլոգիան կիրառելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հեռացնեն կառավարությունից եւ ձեւավորեն նոր, ազգային կառավարություն։
«Բոլորս պահպանում ենք մաքսիմալ միասնականություն, կարգապահություն եւ թիմային ոգի։ Մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը, որպեսզի պայքարը հասցնենք հաղթական ավարտի։ Համաձա՞յն եք այդ տարբերակով։ Վանկարկում են այո։ Ուրեմն ձեզ կոչ եմ անում որեւէ այլ սադրանքի, այլ թելադրանքի չենթակրվել, միասնական ջանքերով, միասին, հետեւողականորեն եւ համախմբված, հավատացնում եմ ձեզ, ինչպես ես քսանհինգ օր թաղեթաղ ընկած բակերով անցնելով համոզում ու ապացուցում էի, որ կռիվն անիմաստ չէ, որ կարելի է գրիչով կրակել, որպեսզի թշնամին չհարձակվի, մենք ինչքան կարողացանք, դա արեցինք, բայց մեզ հաջողվեց ՔՊ-ին իշխանազրկել, նույնը հիմա է տեղի ունենալու միասնական ջանքերով»,- ասաց Թևանյանը։
comment.count (0)