Ընդդիմությունն առաջարկում է ստեղծել Ազգային կոմիտե, որը կառաջնորդի ժողովրդին
20:20 - 20 սեպտեմբերի, 2023

Ընդդիմությունն առաջարկում է ստեղծել Ազգային կոմիտե, որը կառաջնորդի ժողովրդին

Հանրապետության հրապարակում այսօր ևս հանրահավաք է։ Հանրaհավաքի ժամանակ ելույթ ունեցավ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը, որ նշեց՝ երեկ Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ունեցել են խորհրդակցություն՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը։

«Երկու հարցում ձեռք ենք բերել փոխըմբռնում և ունենք որոշում․ առաջինը, որ ժողովրդական շարժումը, պայքարը գլխավորելու և առաջնորդելու համար անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի այս ամեն ինչի համար, առաջնորդի ժողովրդին և այս պայքարը հասցնի իր հաղթական ավարտին։ Դա կկոչվի Ազգային կոմիտե։ Երկրորդը՝ մենք մշակել ենք քայլերի, գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պիտի լինի այս չարիքի կառավարության հեռացումը»,- նշեց նա։

Սաղաթելյանի խոսքով խորհրդարանական ընդդիմությունն այդ ծրագրի շրջանակում օգտվելու է նաև Ազգային ժողովում ինպիչմենտ սկսելու գործընթացից։ 

«Քաղաքական ուժերի խորհրդակցությունների արդյունքում ձևավորած ծրագիրը, պատկերացումները փոխանցելու ենք նոր ստեղծվող Ազգային կոմիտեին, որը շատ կարճ ժամանակ հետո այս հարթակից հստակ ներկայացնելու է քայլերի և գործողությունների ծրագիր»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ դեռ ուշ չէ ինչ-որ բան փոխելու համար, չնայած այդպիսի կարծիքներ են հնչում․ «Եթե ուշացնենք, Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ ենք կորցնելու։ Մի՛ կոտրվեք․ պետք է շարունակել պայքարը»։

 

Գլխավոր լուսանկարը՝ սեպտեմբերի 19-ի ցույցից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել