Հարվածել են ոստիկաններին, Կառավարության շենքի ուղղությամբ քարեր նետել․ երեկվա հանրահավաքի առթիվ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել
16:07 - 21 սեպտեմբերի, 2023

Հարվածել են ոստիկաններին, Կառավարության շենքի ուղղությամբ քարեր նետել․ երեկվա հանրահավաքի առթիվ ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել

Երեկ Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերի առթիվ ( ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատ)։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ

2023թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ընթացքում, հավաքի մասնակիցների շրջանում հրապարակայնորեն հնչեցված՝ անկարգություններ իրականացնելու հրապարակային կոչերից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով մոտեցել են ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին՝ սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ:

Մասնավորապես, խմբով հարձակում են գործել Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց, Կառավարության շենքի ուղղությամբ քարեր, տարբեր առարկաներ նետելով։

Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են։ 

Իրականացվում է նախաքննություն։ Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները։

Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել