Հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձեւավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց պայմաններն ապահովելու համար․ Փաշինյան
18:23 - 21 սեպտեմբերի, 2023

Հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձեւավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց պայմաններն ապահովելու համար․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խնդրեց «ոչ մի րոպե չմոռանալ», որ ինքը դեռեւս ԼՂ դեմ հարձակման առաջին օրը այս դահլիճից, երբ եթեր է մտել, ասել է նաեւ, որ այս պրոցեսի նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է․ «Եվ սա մի խնդիր է, որը նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել, եւ այն, որ ԼՂ-ում հրադադար է հաստատված, դա չի նշանակում, որ էդ նպատակներն այլեւս օրակարգում չեն այն մարդկանց, որոնք նրանք բերել էին օրակարգ»։

«Ես էլի ուզում եմ ընդգծել մի շատ կարեւոր բան, որ ԼՂ-ում հաստատված հրադադարի պայմանների քննարկմանը, բանակցություններին ՀՀ-ն որեւէ մասնակցություն չի ունեցել, այսինքն՝ մենք այդ թղթի, պայմանների, քննարկման կողմ չենք եղել, մենք տեղյակ ենք եղել, որ նման գործընթաց է տեղի ունենում, բայց մենք որեւէ մասնակցություն չենք ունեցել, եւ ես էլի այդ գործընթացի վերաբերյալ իմ տարակուսանքը հայտնել եմ այն կտրվածքով, որ այնտեղ հիշատակվում է ՀՀ զորքեր, ԶՈՒ ստորաբաժանումներ ԼՂ տարածքից դուրս բերելու մասին այն պայմաններում, երբ մենք ասել ենք, որ նման ստորաբաժանումներ ՀՀ-ն ԼՂ-ում չունի, ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ հրադադարի հաստատման բանակցությունների պրոցեսը տարել են ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները ԼՂ իշխանությունների կամ ներկայացուցիչների հետ, որովհետեւ, ինչքանով տեղյակ է, բոլոր որոշումները կայացվել են ԼՂ բարձրաստիճան ներկայացուցիչների ընդլայնված կազմով՝ խորհրդարանի ղեկավարություն, կառավարության․․․ «Նույնիսկ գիտեմ, եւ հրապարակվել է, որ ԼՂ նաեւ նախկին ղեկավարներ են մասնակցել որոշումների կայացմանը, եւ սա կարեւոր է արձանագրելու համար, ենթադրում եմ, որ նրանք ելել են, կոնկրետ տեղում ստեղծված իրադրությունից բխող որոշում են կայացրել, իհարկե, տեղում իրավիճակն ավելի պարզ է լինում, քան հեռվից»։

Փաշինյանն անդրադարձավ Արցախից Հայաստան գալ ցանկացողների մուտքը թույլ չտալու վերաբերյալ տեղեկություններրին.

«Ես ուզում եմ շատ հստակ ասել, նախ մենք բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքն արդեն տասը ամիս փակ է, եւ ողջ ընթացքում, այս պահին էլ, Լաչինի միջանցք տանող ճանապարհները հայաստանյան ոչ մի րոպե փակ չեն եղել եւ շարունակում են փակ չլինել, այսինքն՝ էդպիսի թեմա չի եղել։ 

Ավելին ասեմ՝ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձեւավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության եւ կենցաղային պայմաններն ապահովելու համար։ 

Մենք սրա մասին չենք հայտարարել, եւ, ընդ որում, տարբեր սցենարներ ենք քննարկել, թե ինչ կարող է լինել, որ խումբը կարող է գալ եւ էսպես շարունակ, ընդհուպ հյուրանոցների համարներ ենք ամրագրել, կեցավայրեր ենք նախապատրաստել մի քանի տասնյակ հազար։ Սա արվել է այս շաբաթվա սկզբին, որովհետեւ երբ պրոցեսը սկսվեց, հասկանալի էր, որ դա կարող է լինել սցենարներից մեկը»։

Նա նշեց, որ մյուս կողմից, ինքը նախորդ շրջանի իր ելույթներում անընդհատ Ադրբեջանին մեղադրել է այն բանում, որ նրանք ԼՂ-ն էթնիկ զտումներ են փորձում ենթարկել, այսինքն՝ երկար ժամանակ այս մեղադրանքով են հանդես գալիս Ադրբեջանի դեմ․ «Հիմա, երբ վերլուծում եմ իրավիճակը, հազար ներողություն եմ խնդրում, բայց էնպիսի տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, որոնք ուզում են ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանն, էսպես ասած, մեղադրվելու որեւէ առիթ չունենա, այսինքն՝ ասի, որ տեսեք Հայաստանը, ՀՀ-ն, ՀՀ հանրությունը, ԼՂ հայությունը, իրենք որոշեցին, որ ԼՂ-ում ոչ մի հայ պետք ա չմնա, եւ որոշեցին եւ դուրս եկան, սա շատ վտանգավոր խոսույթ է։ Բայց մյուս կողմից, իհարկե, ԼՂ մեր հայրենակիցների անվտագ տեղում գտնվելը եւ ապրելը մեր պարտականությունների մեջ է»։

Նա նշեց՝ նախորդ օրը Տիգրան Խաչատրյանն իրեն զեկուցել է, որ հանրապետությունում մոտ 40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարել, եւ մենք չենք ուզում սրա մասին ասել․ «Ինչո՞ւ․ որովհետեւ մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում արժանապատիվ, անվտանգ պայմաններում։ Հիմա, այսօր, այս պահին, մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։ Ընդ որում, գիտենք նաեւ ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում գտնվում են շուրջ, իրենք էսօր հայտարարեցին, 1200-1300 քաղաքացիներ, երեխաներ, որոնց նկատմամբ նրանք հոգ են տանում, եւ իհարկե նաեւ գիտեք, որ մենք էլ հնարավոր միջոցները պատրաստ ենք ձեռնարկել, Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է խնդիրը, գիտեք, որ մեր հումանիտար բեռները սպասում են Կոռնիձորում»։

Փաշինյանը նաև ասաց, տեղեկություն ունեն, որ նախորդ օրը ավելի քան 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան․ «Նրանց ասվել է՝ եկեք, որովհետեւ հնարավոր է տեղափոխվեք ՀՀ, հետո նրանց լուսանկարել, տեսանկարահանել են, հետո ասել են՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք ՀՀ, հետո էդ լուսանկարներն են հրապարակվել, եւ ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է ՀՀ-ում ներքաղաքական ցնցումներ եւ քաոս առաջացնելու համար։

Ես ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով՝ ասում եմ․ առաջինը՝ հենց ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման առաջին ժամերից փոխվարչապետն ինձնից ստացել է հանձնարարական՝ կենտրոնացնել ռեսուրսներ՝ քաղաքացիների հնարավոր հոսքերը կառավարելու եւ մարդկանց տեղավորելու, նրանց սննդի, կեցության, առողջապահության, հիգիենայի հարցերը կարգավորելու համար, մենք այդ մասին չենք հայտարարել, որովհետեւ առաջինը ասացի, որ ՀՀ-ն ԼՂ հայաթափման քաղաքականություն չի վարում, այդ քաղաքականությունը վարում է Ադրբեջանը, եւ չի կարելի հանկարծ էմոցիոնալ վիճակում հայտնվել այն դիրքում, երբ ԼՂ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանն իրականացնի Հայաստանի ձեռքերով։ Սա շատ կարեւոր նրբություն է, ինչի վրա ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել