Կոչ ենք անում Ադրբեջանին համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն ծավալել Ղարաբաղի հայերի հետ․ Ժոզեպ Բորելը՝ ՄԱԿ-ում
02:03 - 22 սեպտեմբերի, 2023

Կոչ ենք անում Ադրբեջանին համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն ծավալել Ղարաբաղի հայերի հետ․ Ժոզեպ Բորելը՝ ՄԱԿ-ում

Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ ԵՄ-ն ուշի ուշով հետեւում է զարգացումներին, ամբողջական համերաշխություն եմ հայտնում Ղարաբաղի հայերին, որոնք ինտենսիվ դժվարությունների ժամանակաշրջանում են ապրում։ 

«Նրանք ամիսներ շարունակ մեկուսացած են եղել Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով, ինչի պատճառով սննդի եւ դեղորայքի անբավարարություն է, նրանց տեղաշարժի ազատությունը սահմանափակված է եղել։ Նրանք գազի եւ էլէներգիայի մատակարարման բազմաթիվ ընդհատումներ են ունեցել», - նշել է նա։

ԵՄ պաշտոնյան հայտարարել է, որ Ադրբեջանն է կրում պատասխանատվությունը՝ ապահովելու լիարժեք հարգանքը Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության նկատմամբ։

Նա նշել է, որ ԵՄ-ն բազմիցս հստակորեն ընդծել է, որ վեճերը լուծելու նպատակով ուժի գործադրումն ընդունելի չէ։ Այդ պատճառով ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը։ 

«Դատապարտելի ենք համարում այդ լարվածության հետեւանքով տեղի ունեցած մարդկային կորուստները։ Մենք ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին համապատասխան հայտարարությունները եւ ակնկալում ենք, որ մարտական գործողությունների և որեւէ տեսակի բռնության դադարը կպահպանվի։ Տեղի բնակչությանը հրատապ անհրաժեշտ է մարդասիրական օգնություն, նրանց անհրաժեշտ են նաեւ երաշխիքներ, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կհարգվեն», - ասել է Բորելը՝ նշելով, որ կոչ են անում Ադրբեջանին այս առումով կոնկրետ քայլեր ձեռնարկել։

Բորելը 2 կետ է առանձնացրել.

«Առաջին՝ ապահովել առանց խոչընդոտների մարդասիրական հասանելիությունը կարիքի մեջ գտնվող քաղաքացիական բնակչության համար, այդ թվում լիարժեքորեն բացելով Լաչինի միջանցքը, կարեւոր է, որպեսզի մարդասիրական կառույցները կարողանան ընդլայնել իրենց գործունեությունը, ինչն անհրաժեշտ է ներկայիս իրավիճակում։ ԵՄ-ն եւ վերջինիս անդամ պետությունները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել, եւ այսօր Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է մարդասիրական օգնության առաջին փաթեթի մասին կարիք ունեցող մարդկանց օգնելու նպատակով։

- Երկրորդը՝ համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն ծավալել Ղարաբաղի հայերի հետ՝ ապահվելու համար նրանց անվտանգության իրավունքները, այդ թվում՝ իրենց տներում արժանապատվորեն ապրելու իրենց իրավունքը։ Ի գիտություն ենք ընդունում, որ այսօր այս հարցին նվիրված հանդիպում է տեղի ունեցել։ Հստակ հայտարարեմ՝ ԵՄ-ն լիովին սատարում է Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, եւ ակնկալում, որ բոլոր դերակատարները նույնը կանեն։ Ադրբեջանին կոչ ենք անում վերահաստատել իր աներկբա հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ համաձայնել իրենց սահմանի սահմանազատմանը՝ 91թ․ Ալմա-Աթայի հռչակագրի տառին եւ ոգուն համահունչ։ ԵՄ-ն նաեւ կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր առկա հարցերի վերաբերյալ՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության համաձայնագիր։ Մենք պատրաստ ենք շարունակելու ֆասիլիտացնելու կողմերի երկխոսությունը, որպեսզի համապարփակ, մնայուն խաղաղություն ձեւավորվի՝ հանուն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների», - ելույթը եզրափակելով՝ նշել է Բորելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել