ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես եկավ տեսաուղերձով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․
«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ
վերջին տարիներին տեղի ուենցած մի շարք իրադարձություններ մեզ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետեւություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել։ Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, ի՞նչ է տեղի ունենում եւ ի՞նչ պետք է տեղի ունենա. սրանք են այն հարցերը, որոնց պատասխանները ռազմավարական են ապագայի համար։
Վերջին տարիներին ՀՀ–ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ–ի պետական շահերի եւ անվտանգության տեսակետից։ Սա երեւաց, թե՛ 44–օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021 թ մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022 թ․ սեպտեմբերին, եւ ցանկը դեռ կարելի է շարունակել։
2020 թ․ դեկտեմբերին ԼՂ Խծաբերդի եւ Հին թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, ԼՂ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակումը ԼՂ վրա լրջագույն հարցեր են բարձրացնում ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակաների եւ խնդիրների մասին։
Ի հեճուկս 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ԼՂ հայությունը այսօր էլ էթնիկ զտումների առաջ է։ Վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում։ Եվ եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ եւ էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է։
Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականություն որդեգրած Ադրբեջանի եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա։ Իհարկե, ՀՀ կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է ԼՂ հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձեւավորման վրա, բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, Կառավարությունը ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի ՀՀ–ում։ Սրանով, սակայն, վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլեւ ավելի կսրվեն։
ՀՀ–ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել եւ իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել, բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը եւ այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունները ի ցույց դնելու եւ հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել։ Ընդ որում, նման քաղաքականությունը ամենեւին էլ կապ չունի 2018 թ․ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ, եւ այդ քաղաքականության դրսեւորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում։ Այդ քաղաքականության արտահայտությունն էր նաեւ 2016 թ․ Քառօրյա պատերազմը, 2014-2015 թթ տեղի ունեցած սահմանային լարումները եւ այլն։
Մենք ՀՀ անկախությունը կասկածի տակ դնող ձեւակերպումներին երբեք չենք համաձայնել, բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ ու ժողովրդավար պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիությունը ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ հիմա արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլեւ ներքին անվտանգությունն ու կայունությունը, այս ընթացքում խախտելով դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկայի, կոռեկտության բոլոր նորմերը, ընդհուպ՝ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։
Այս քայլերին ի պատասխան՝ մենք կոչ ենք անում եւ հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը եւ մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին եւ ներքին անվտանգությունը։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը։ Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար։
Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել ՀՀ արտաքին եւ ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ։ Մենք այս շարքում ենք դիտում ոչ միայն բանակի ու անվտանգության ուժերի խորը եւ համապարփակ բարեփոխումները, այլեւ 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Պրագայի եւ 2023 թ․ մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դե յուրե ձեւակերպվում են որպես ՀՀ պետական սահման։ Մենք այս շարքում ենք դիտում նաեւ Հռոմի ստատուտի վավերացումը, որը ՀՀ–ին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաեւ Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից։ Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը մենք կայացրինք 2022 թ․ դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ եւ հայ–ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար, եւ այդ որոշումը որեւէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ–ի կամ ՌԴ–ի դեմ, դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, եւ նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է։
ՀՀ–ն պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ եւ ժողովրդավար պետություն, բայց այդ ճանապարհին անհրաժեշտ է վերահաստատել ազատ եւ ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով՝ հարգելով մեր բոլոր գործընկերներին, բայց եւ նույնպիսի հարգանք ակնկալելով մեր ժողովրդի, մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր ազատության նկատմամբ։
Վերջին տարիներին եւ այսօր էլ մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է․ Հայաստանը լինելու է ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետությո՞ւն թե՞ վախվորած ծայրագավառ։ Արդեն գրեթե բաց եւ թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում, եւ ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքը անկախությա՞ն պաշտպանության շարժման մասնակից է թե՞ ծայրագավառային հնազանդության։ Ես
ՀՀ վարչապետն եմ, հետեւաբար առաջնորդվում եմ անկախության պաշտպանության շարժումը։ Եթե չլինեի վարչապետ, որպես քաղաքացի կգնայի ՀՀ անկախության պաշտպանության շարժումը առաջնորդող վարչապետի հետեւից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է, որովհետեւ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ, որովհետեւ Հայաստանւ ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ ՀՀ քաղաքացին չի կորցրել եւ չի կորցնի իր հպարտությունն ու հաստատակամությունը, եւ ՀՀ քաղաքացին կհաղթնի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, երջանկության եւ ազատության համար մղվող այս պայքարում։
Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)