Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել Արցախի ԱԽ հայտարարության տեքստին. Դավիթ Իշխանյան
14:24 - 24 սեպտեմբերի, 2023

Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել Արցախի ԱԽ հայտարարության տեքստին. Դավիթ Իշխանյան

Արցախի ԱԺ նախագահ Դավթ Իշխանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել:

«Երկրի» հարցին ի պատասխան` Արցախի ԱԺ նախագահ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը հետևյալ պարզաբանումն է ուղարկել.

«Անտեղի շահարկումներից խուսափելու համար և բանսարկություններից ու հերյուրանքներից զերծ մնալու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կողմից իրականացված սույն թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից: Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը:

Ցավում եմ, որ ՀՀ-ում խորհրդարանական մեր գործընկերները, հավանաբար տեղյակ չլինելով այս մանրամասնություններին, փորձում են իրենց տեղեկացվածության պակասի հետևանքով մեղավորներ որոնել կամ մեղքեր բարդել այլ պատասխանատու անձանց վրա:

Արցախի իրավիճակն ու ներկա պայմանները թույլ չեն տալիս մեզ ավելի մանրամասնություններ ներկայացնել:

Հուսով ենք, որ հանձնառու ու պատասխանատու կեցվածքի ցուցաբերումը մեր գործընկերներին զերծ կպահի իրականության խեղաթյուրմամբ քաղաքական նեղ շրջանակների շահերը սպասարկելու գայթակղությունից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել