Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում Իշխան Սաղաթելյանը կոչ արեց վաղը՝ ժամը 8-11-ը, մայրաքաղաքում համատարած անհնազանդության բողոքի ակցիաներ անցկացնել։
Սաղաթելյանը նշեց, որ ամբողջ քաղաքը պարալիզացնելու են, որ որևէ մեկը աշխատանքի չգնա, կառավարության բոլոր շենքերը դատարկ մնան։ Նա նաև նշեց, թե Երևանի տարբեր վարչական շրջանների որ հասցեներում են հավաքվելու քաղաքացիները՝ անհնազանդության ակցիաներն իրականացնելու համար։
«Դրանից հետո շարունակվում են անհնազանդության, իրազեկման ակցիաները, իսկ 18։00-ին հավաքվում ենք այստեղ՝ հանրահավաքի։ ․․․․ Եթե մի քանի օր բոլորս դուրս գանք միասին, պետական ամբողջ ապարատը կագնեցնելու ենք»,- ասաց Սաղաթելյանը։
Նա ուսանողներին կոչ արեց շարունակել դասադուլը, նաև դիմեց մարզերի բնակիչներին․ «Հանրապետության բոլոր մարզերում գլխավոր մայրուղիները փակում և կանգնեցնում, պարալիզացնում եք պետական ողջ ապարատի գործունեությունը»։
Վազգեն Մանուկյանն էլ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը «գնալու է 100%-ով, ցանկացած գնով»։
«Բայց մենք դա փորձում ենք անել այնպես, որ նոր եկած իշխանությունը լինի լեգիտիմ։ Եթե չէ, ապա ժողովուրդը կդառնա անկառավարելի»,- ասաց նա։
Այնուհետև հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Ոստիկանություն: Իշխան Սաղաթելյանն ասաց՝ գնում են Ոստիկանություն՝ «ցույց տալու իրենց ուժը ու զգուշացնելու, որ վաղը հանկարծ չսխալվեն»։
Երթով շարժվող քաղաքացիները բացականչում են՝ «Արցախ», «Առանց Նիկոլ Հայաստան»։
comment.count (0)