Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի դեսպանը ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իրանական կողմի հստակ դիրքորոշումը
17:00 - 25 սեպտեմբերի, 2023

Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի դեսպանը ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իրանական կողմի հստակ դիրքորոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանարապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 

Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առիթով և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված դժվարին ժամանակաշրջանում երկու երկրները պետք է պահպանեն ակտիվ հաղորդակցություն: Վարչապետը շեշտել է, որ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ առկա է վստահելի երկխոսություն, ինչը նպաստում է հայ-իրանական փոխգործակցության հետևողական խորացմանը:

Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ընդգծել ԻԻՀ կառավարության շահագրգռվածությունը` զարգացնելու Հայաստանի հետ կապերը բոլոր ոլորտներում: Դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իրանական կողմի հստակ դիրքորոշումը: Պարոն Սոբհանին իր մտահոգություններն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ և կարևորել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի: Մասնավորապես, քննարկվել են տնտեսության, առևտրատնտեսական կապերի, ենթակառուցվածքների զարգացման, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող թեմաներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել