Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Առաջին հերթին կարևոր է այն, որ հրադադարը, որ կա այժմ, պահպանվի, որ այնտեղ ռազմական գործողություն չլինի։ Երկրորդը, որ ԼՂ բնակչության հումանիտար կարիքները բավարարվեն, և երրորդը, որ Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն տևական խաղաղության համաձայնագրի»,- ասել է Միլլերը։
Ինչ վերաբերում է գետնի վրա հումանիտար իրավիճակին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը պետք է կարողանան մնալ իրենց տներում խաղաղ և արժանապատիվ պայմաններով, իրենց իրավունքները պետք է հարգվեն, և անվտանգությունը պահպանվի, եթե իրենք ընտրում են այդպես վարվել։
«Ովքեր ցանկանում են հեռանալ կամ վերադառնալ, նրանց համար պետք է թույլատրվի անվտանգ անցում չեզոք, անկախ երրորդ կողմի վերահսկողությամբ։ Եվ Ադրբեջանը պատասխանատվություն ունի պաշտպանելու քաղաքացիներին և ապահովելու մարդկային վերաբերմունք բոլորի նկատմամբ, այդ թվում՝ նրանց, ովքեր կասկածվում են պատերազմի մարտիկներ լինելու մեջ»,- հայտարարել է Միլլերը։
«Մենք միանշանակ հավատացած ենք, որ միջազգային առաքելություն պետք է լինի, որը ԼՂ բնակիչների ու միջազգային հանրության համար կապահովի թափանցիկություն, վստահություն և երաշխիքներ, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվի Ադրբեջանի հայտարարություններին հապատասխան»,- հավելեց Միլլերը։
comment.count (0)