Մամա՛, զա՛նգ տուր Վարդանին
12:58 - 26 սեպտեմբերի, 2023

Մամա՛, զա՛նգ տուր Վարդանին

Վայոց ձորից երթևեկությունը ծանրանում է, մերթընդմերթ երևացող շտապօգնության մեքենաները և բեռներով բարձված մարդատարները մատնում են, որ մոտենում ենք Գորիսին: 

Անձրևից մնացած ջրափոսերի մեջ չփչփացնելով՝ մոտենում ենք շենքին, որը դեռ մեկ շաբաթ առաջ Դրամատիկական թատրոն էր: Շենքի դիմաց մեծ կապույտ ավտոբուս է: Պատուհանից երևացող մարդանց դեմքերից տանջանքն ու հոգնածությունը ծորում են: Մտքիս մեջ ուրախանում եմ, որ դիմացս ուղեփակոց է և հնարավորություն չունեմ մարդկանց մոտիկից տեսնելու… Մոտ 4 տարեկան մի երեխա, հացի կտորը ծամելով, դուրս է գալիս շենքից և քիչ է մնում բախվի սնունդ տեղափոխող արագ-արագ ներսուդուրս անող կամավորներին։ «Տաքսին ստեղ ա, բոլորդ կա՞ք»,- ութհոգանոց ընտանիքին ճանապարհում է Կարմիր խաչի աշխատակիցը. երեխաների հետ կատակներ է անում, մեքենան նստելիս հարազատի նման հրաժեշտ տալիս… «Հետ գնացեք, էս ավտոն դուրս գա»,- բղավում է ոստիկանը և ձեռքի շարժումով խնդրում մարդկանց ճանապարհ բացել… Կարմիր վերարկուով մոտ երկու տարեկան մի երեխա մոլորված շուրջն է նայում. «Մենակ ա՞»,- իրար երեսի են նայում մարդիկ: Մինչ փորձում ենք կողմնորոշվել, մայրը՝ գրկին ևս մեկ մանկահասակ երեխա, բռնում է փոքրիկի ձեռքը և միասին անցնում են ուղեփակոցից այն կողմ։ Մի ծեր կին սայթաքում է և մինչև կոճերը հայտնվում ջրափոսում. տեսնես փոխնորդ կոշիկ ունի՞: Հողաթափերով էր: 

Մինչ մայթեզրին կանգնած՝ փորձում եմ մարսել առաջին տպավորությունս, սպիտակ «Ֆորդի» դիմաց կանգնած կարմիր հուդիով 5-6 տարեկան աղջիկը գրավում է ուշադրությունս: Գոհարի ընտանիքը Մարտակերտի Հաթերք գյուղից է: «Ամսի 20-ին բարեկամներով՝ 25 հոգով, լցվեցինք ավտոյի մեջ ու գնացինք օդանավակայան, հինգ օր մնացինք էնտեղ, հետո էլ բերեցին (խաղաղապահները-խմբ.) Հակարին անցկացրին»,- պատմում է Գոհարի մայրը՝ տիկին Ռուզաննան: Ասում է՝ իրենք անասուններ ունեին, հասցրին մորթել ու հետները վերցնել, ինչով էլ ապրել են մինչև Կոռնիձոր հասնելը: Հարցիս՝ ինչպես դիմավորեցին օդանավակայանում, զարմանում է՝ «Ո՞վ, ռու՞սը: Բաց դաշտ ա, ավտոյով գնացել ենք կանգնել, ավտոյի մեջ քնել, մենք մեզանով ապրել»: Ասում է՝ գյուղում զոհեր են ունեցել՝ հինգ զինվոր: «Մինչև հիմա մի էրեխա ունենք, որ չեն կարողացել հանեն, բերեն, 19 տարեկան:  Չորս քույր են, մի ախպեր: Ավտոներով արդեն դուրս էինք գալիս գյուղից, էդ կինը (զոհվածի մայրը-խմբ.) հետ էր նայում, տենա էրեխեն գալիս ա, թե չէ. չի հավատում որ էրեխեն չկա: Մինչև հիմա սպասում ա, որ գալու ա»,- աչքերը լցրած՝ պատմում է տիկին Ռուզաննան: Նրա ընտանիքում ևս զոհ կա՝ ամուսնու զարմիկը՝ 19 տարեկան զինվոր: Ասում է՝ փորձում են Կարմիր խաչի օգնությամբ մարմինը տեղափոխել Հայաստան: Իրենք էլ սպասում են ընտանիքի այլ անդամներ էլ միանան, որ ճանապարհվեն Երևան: Իսկ հետո՞: «Հետո կգնամ Պյատիգորսկ, աղջիկս էնտեղ ա: Հետո քիչ-քիչ Հայաստանն էլ կհայաթափվի, ոնց որ Արցախը հայաթափվեց»: 


Տիկին Ռուզաննան՝ Գոհարի հետ

Պատի տակ միայնակ կանգնած աղջնակին հարցնում եմ՝ ու՞մ հետ ես: Բաբոյի: Մինչ փորձում եմ հասկանալ՝ ով է Նարեի տատիկը, տեսնեմ՝ աջ կողմում մի կին փորձում է «կարգի բերել» թափառական շան հետևից վազվզող չարաճճիներին՝ Արենին ու Ալենին. մեկի ձեռքից բռնում, փողոցից հեռացնում է, մինչև մոտեցնում է մայթին, մյուսն է փախչում: Տիկին Գոհարի ընտանիքը երկրորդ անգամ է տունը կորցնում: 2020թ. Շուշիից փախել են Ստեփանակերտ, հիմա՝ Գորիս, հետո… «երևի Ռուսաստան, էնտեղ բարեկամներ ունենք»:


Արենը, Ալենը ու Նարեն

«Գորիս» հյուրանոցի բակում տղամարդիկ մտահոգ ծխում են: Իրար հետ չեն խոսում, անծանոթների հետ չեն հաղորդակցվում: Հյուրանոցի միջանցքը մարդաշատ է, բազմոցի վրա թռվռացող մի երեխա տասը մատով թաթախված՝ շոկոլադ է վայելում, որի համը երևի արդեն մոռացել էր: Մի տղամարդ հերթով տոպրակից հանում է մրգերը, քաղցրավենիքը, հյութերը և բաժանում իրար հերթ չտվող փոքրիկներին ու նրանց ծնողներին: Կարճ գանգուրներով մի աղջնակ հազիվ է ձեռքերի մեջ պահում ստացած օգնության փաթեթները: «Տոպրակ կտա՞ս»,- ժպտալով դիմում է ինձ: «Ես Լարիսան եմ,- ներկայանում է ինքը, հետո ծանոթացնում եղբոր հետ.- ինքն էլ Արծիվն ա (Արտյոմ-խմբ.)»: 

Լարիսայի ընտանիքը Եղցահողից է գաղթել, թեև ինքը՝ Լարիսան, հպարտորեն նշում է, որ ինքը շուշեցի է: «Շուշիի ծննդատանն է ծնվել»,- ուղղում է մայրը: Տիկին Սուսանի ընտանիքի հայրենի Եղցահողն ամբողջությամբ դատարկվել է: «Ամսի 20-ին, գիշերվա ժամը մեկին էրեխեքին հանեցինք, բերեցինք ռուսի պոստը: Մեր գյուղը լրիվ հանել են, կողքի գյուղերն էլ՝ Հին Շենը ու Մեծ Շենը: Ոչ մի բան չենք վերցրել՝ ոչ շոր, ոչ մի բան: Գյուղապետն ավտո տրամադրեց, գյուղից հանեց: Մենք դուրս ենք էկել, թուրքերը մեր հետևից մտել են գյուղը»,- պատմում է նա: Ռուսական անցակետում, ըստ տիկին Սուսանի, երեք գյուղերի բնակիչներին տեղավորել են և սնունդ տրամադրել, հետո ուղեկցել մինչև Կոռնիձոր: Անցակետում զննում չեն անցել, մեքենաներից չեն իջեցրել, ստուգել են միայն անձնագրերը: 


Տիկին Սուսանը՝ Լարիսայի և Արտյոմի հետ

Տիկին Սուսանի ընտանիքը ո՛չ Գորիսում, ո՛չ Երևանում բարեկամներ ու հարազատներ չունի: Ասում է՝ քաղաքում չի կարող ապրել: Ո՞րն է հաջորդ կայարանը՝ չգիտի, բայց Ռուսաստան չի գնա. «Ես գյուղ տեղ եմ ուզում, որ մի աշխատանք գտնեմ, էրեխեքիս պահեմ»: Կողքից մի տղամարդ հարցնում է. «Մեղրիում չե՞ք ուզի ապրել, հրավիրում եմ»: «Մեղրի՞, մոտիկ չի՞ թուրքին: Մոտիկ ա: Բա որ գնամ էնտեղ, մի հատ էլ էնտեղ հարձակվեն»: 

Հյուրանոցի միջանցքը դատարկվում է: Ստեփանակերտի գազալցակայանի հրդեհից արդեն հրապարակված կադրեր կան: Բազմոցի վրա մի կին աղիողորմ ճչում է և արդեն որերորդ անգամ կրկնում. «Մամա, զանգում եմ չի պատասխանում, զանգ տուր Վարդանին»: 

Հյուրանոցից լուռ դուրս եմ գալիս: Դրսում ժամանակը կանգ է առել։ Տղամարդիկ հուսահատ ծխում են՝ կարծես նույն դիրքով, ինչ մեկ ժամ առաջ էին: Իսկ ականջներիս մեջ դեռ զնգում է.

«Մամա՛, զա՛նգ տուր Վարդանին»: 

 

Հեղինակ՝ Վիկտորյա Անդրեասյան

Լուսանկարները՝ Էնթոնի Պիզզոֆերատոյի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել