Գորիսի հավաքակայան. չեղած կյանքի եւ եղած-չեղած իրականության մեջտեղում
13:08 - 27 սեպտեմբերի, 2023

Գորիսի հավաքակայան. չեղած կյանքի եւ եղած-չեղած իրականության մեջտեղում

Շտապօգնության եւ ոստիկանության մեքենաների անընդմեջ ազդանշանները, որ խախտում են գիշերվա առանց այդ էլ խախուտ ժամերը, մի բան են շշնջում ականջիս՝ աղետը ժամ–պատարագ չունի, աղետը սկիզբ ու վերջ չունի։ Լուսերես Գորիսի համար այստեսակ մտքերը գուցե շատ են մթին, բայց այդ անվերջության մեջ մենք բոլորս՝ մեծից փոքր, քաղաքից քաղաք, այլ տարբերակ չունենք․ կյանքը, որով ապրում էինք, էլ չկա։

Չեղած կյանքի եւ եղած–չեղած իրականության միջով  շտապում ենք դարձյալ հավաքակայան․ այստեղ արդեն օրեր շարունակ չի դադարում բռնի տեղահանված արցախցիների հոսքը․ դեպի ո՞ւր են գալիս, ի՞նչ հասցեով եւ ինչպե՞ս շարունակվելու՝ չգիտեն իրենք էլ։

–Բա ձեզ մոտ ի՞նչ են ասում, ո՞նց են տրամադրված մեր գալուն,– հարցնում է ինձ տուն–տեղ, հայրենիք ու զարմիկ կորցրած մի արցախցի։

–Իմացեք՝ ձեր տուն եք եկել, ուրիշ ի՞նչ կարող են ասել,– պատասխանում եմ ու կոտրվում։

***

Գորիսի հավաքակայանը, որ ընդամենը օրեր առաջ մշակույթի տուն էր՝ իր մշակութային անհոգությամբ ու օրակարգով, այսօր արդեն ուրիշ անուն, ուրիշ տեսք ունի։ Արգելապատնեշները, որ երեկ լրագրողների առաջ էին, այսօր մի քանի ժամով բացվեցին (ի դեպ, դա լավագույն տարբերակն է՝ փոխադարձաբար իրար աշխատանքի չխանգարելու), եւ շենքից ներս մշուշը մի քիչ պարզվեց։ 

Ընդարձակ սրահի ամեն մի անկյուն առանձնացված էր կոնկրետ նպատակի համար․ սկզբում գրանցատեղին է՝ համակարգիչներով ու փաստաթղթերով լի, ապա երեխաների սեղաններն են՝ աշխարհի ամենագունավոր նկարներով ու երազներով, դրան մոտ՝ բժշկական կետն է՝ բուժքույրերով ու դեղամիջոցներով, կողքին՝ սննդի ու ջրի կետը։ Քիչ հեռվում նաեւ հագուստներ կան՝ մեծ ու փոքր, հաստ ու բարակ։ Եվ այս ամբողջի մեջ ամենուր՝ Հայկական կարմիր խաչի անխոնջ կամավորներ, «քարսիրտ լրագրողներ» եւ անթիվ–անհամար մոլորյալ աչքեր․․․

Եվ աղմուկ, աղմուկ, աղմուկ․․․

Բայց առաջին հայացքից լաբիրինթ թվացող այս գործընթացն անվերջ չէ․ հաշվառվելուց հետո մարդիկ դուրս են գալիս բակ՝ իրենց ավտոբուսին կամ հարազատին սպասելու։ Ես էլ փորձում եմ սպասումը լցնել։

***

Քրիստինե Սարգսյանը Ասկերանի Իվանյան ավանից է, ամուսնու եւ անչափահաս երեք երեխաների հետ Գորիս է հասել 19 ժամում։

Քրիստինեն բժիշկ է, մինչեւ վերջին օրն աշխատել է Ստեփանակերտի հոսպիտալում։ Այնտեղ էր նաեւ սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց Ադրբեջանի վերջին հարձակումը․ «Երեք էրեխեքին էլ ուղարկել էի դպրոց, սովորական առօրյա էր, ու հետո հանկարծակի սկսեց պայթյունը, պայթյուն չէր է, везде… Իվանյանի учебка–ներում պայթյունները հաճախ են լինում, մեզ համար դրա ձայնը սովորական էր, բայց սա ամեն տեղից էր․․․ Մեզ էվակուացրել են նկուղում, հետո էրեխոց հետ մի կերպ կապ ենք հաստատել, իրենց են իջեցրել դպրոցի նկուղ, պահել են, մինչեւ ծնողները գնացել, վերցրել են, ես էլ, քանի որ հիվանդանոցում էի, չկարողացա վերցնել, սաղ գնացել են, մնացել են մեր էրեխեքը, հետո եղբայրս է ոտքով այդ պայթյուների, այդ կրակոցների տակ բերել, հասցրել նկուղ»,– պատմում է Քրիստինեն ու բացատրում՝ մեքենա ունեին, բայց բենզին չկար։

Մի քիչ հոգնած, մի քիչ անորոշ՝ Քրիստինեն մի բան է ուզում ասել միայն․ «Մեկ–մեկ զրույցներ են գնում, որ կարողա չգնանք, մնանք, ինտեգրվենք, թուրքի հետ ապրենք, բայց էդ даже представить невозможно. դեռ 90-ական թվականներին թուրքը ո՞նց է վարվել, ի՞նչ է արել արել, հիմա՝ էսքանից հետո, 2020 թ․–ից, 2023 թ․–ից հետո․․․ C ними невозможно жить… Բայց միաժամանակ մենք ցանկություն չենք ունեցել, որ հայրենիք լքենք, տուն կորցնենք, որովհետեւ եթե հայրենիք կորցնող լինեինք, տուն թողնող լինեինք, այսքան դժվարության միջով էլ չէինք անցնի, ոչ սով, ոչ բլոկադա, ոչ այդ պատերազմները»։

Մեր զրույցը, ցավոք, կիսատ է մնում․ ընտանիքը շտապում է դեպի Տավուշ գնացող ավտոբուսի հետեւից, Դիլիջանում հյուրատանը պիտի մնան։

–Դե, դու էլ պատմիր՝ ինչ էիր նկարել մշակույթի տանը, ու գնանք,– դիմելով աղջկան՝ ասում է Քրիստինեն։

Աղջիկն էլ՝ 11-ամյա Եվան, իր խոշոր–խոշոր աչքերը պարզելով ինձ, ժպտադեմ պատմում է․

–Մեր երկրի՝ Արցախի քարտեզն եմ նկարել, էդտեղ մի պուճուր մաս ա մնացել, շուրջը բոլորը թուրքեր են։

–Հիմա էդ մի փոքր մասն էլ չի մնացել,– հառաչում է Քրիստինեն։ Եվ այս տխուր նոտայի վրա էլ բաժանվում ենք։

***

Անօթեւան մնացած շատ արցախցիներ էլ ապաստանում են հենց Գորիսում։ Ամեն տուն ու հյուրատուն, ամեն հյուրանոց բաց է նրանց առաջ։

Հյուրանոցներից մեկում ծանոթանում եմ Ստելա Լազարյանի հետ՝ Մարտակերտի շրջանի Հորաթաղ գյուղից։ Օրերս բռնի տեղահանվել է նրա 13-հոգանոց ընտանիքը․ «Ես ու իմ ամուսինը՝ էրեխեքով, տեգրոջս կինը՝ 7 էրեխով, հարսի մայրը, սկեսուրս, 13 շունչ այստեղ ենք, իմ քույրն ու եղբայրը ճամփեքին են, խաբարություն չունեմ, մայրս էլի Գորիսում է, բայց էլի տեղեկություն չունեմ»։

Ստելայի պատմելով՝ հարձակման պահին սրտները դող ընկած միայն երեխաների մասին են մտածել․ «Ասում էինք՝ մի բան անենք, էրեխեքին հանենք, մենք՝ ջհանդամ, կարեւորը էրեխեքն էին, գիշերվա կեսին, սրտները ախ գցած, դուրս ենք հանել, գնացել ենք Ասկերանի օդանավակայան, էնտեղից էլ տեղափոխվել ենք այստեղ, էլ ուրիշ տեղ չունեմ գնալու, այստեղ եմ մնում, թե որտեղ կտանեն հետո, ինչ կանեն, չգիտեմ»,– ասում է նա՝ հավելելով, որ ինչի կարիք ունեցել է, տվել են, եւ ինքը դրա համար շնորհակալ է։

Ադրբեջանական անցակետում, նրա խոսքով, առանց լուրջ միջքադեպերի է անցել․ «Անցակետում որ մտել են ավտոբուսը, դողդողալով մնացել ենք, սուս արած, էնքան որ մտնեն, ստուգեն, մեր տղաներին էլ հանել են դուրսը, ոտքով քայլացրել, էնքան որ վնաս չլինի, ոչ զենք, ոչ մի բան, մի քիչ գնացել են ու էլի նստել ավտոն»։

Այժմ ընտանիքը Գորիսում փորձում է երեխաների օրը զբոսանքներով ու խաղերով լցնել․ «էնքան որ Աստծուն փառք եմ տալիս, որ առոք–փառոք եկել եմ, տեղ հասել, կարեւորը էրեխեքն են, որ էրեխեքին դուրս ենք հանել, Աստծուց գոհ եմ, փրկվել ենք թուրքի ձեռից»։ Հարցնում եմ՝ իսկ դուք ինչպե՞ս եք, տխուր ժպիտով ասում է՝ վատ․ «Իմանում եմ, թե էլի կգան, դուրս կհանեն էստեղից, անընդհատ կասկածի մեջ քնում եմ, իրիկունը քնելիս ասում եմ՝ վայ, թուրքերը եկան, վախից դող ընկած՝ քնում ենք, թե վերջներս ինչ կլինի, չգիտեմ, կուզեինք որ մեր հայրենիքում մնայինք, բայց որ տենց ա, ի՞նչ անենք»:

Անկեղծ ասած՝ ես էլ չգիտեմ։ Բայց Ստելան անգամ այս իրավիճակում է փորձում չհուսահատվել․ «Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»,–ասում է նա ու մի բան երազում միայն․ «Թող հայ ժողովուրդը մեր նման դժբախտ չապրի»։

 

Միլենա Խաչիկյան
ք․ Գորիս, 26․09․2023


Նորությունները հակիրճ և օպերատիվ ստանալու համար հետևեք մեր ալիքներին՝
WhatsApp-ում և Telegram-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել