Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից հետո Երևանում մեկնարկած բողոքի ակցիաներին։
Քաղաքապետի թեկնածուն նշեց՝ այդ ակցիաները բնական պրոցես են, քանի որ մարդիկ ունեն հարցեր՝ ինչու այսպես եղավ, ինչպես նաև մարդիկ ունեն հանրահավաքներ իրականացնելու Սահամանադրական իրավունք․ «Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում այս պրոցեսները անխուսափելի են»։
Անդրադառնալով հարցին, թե ինչու ինքը և իր թիմը չեն մասնակցում դրանց, Մարությանը նշեց․
«Ես և իմ թիմը կարծում ենք, որ իշխանափոխությունը կարող է և պետք է լինի ընտրությունների միջոցով․ այսինքն՝ Սահմանադրական կանոններով, և սրանք ուղղակի խոսքեր չեն, մենք դա ապացուցել ենք։ Երևանի ընտրությունները ցույց են տվել, որ լինում է ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը։ Մեր թիմը այս պայքարը՝ իշխանափոխության պայքարը, սկսել է երկու- երեք ամիս առաջ և մենք ասել ենք, որ սկսում ենք Երևանից և հետո պրոցեսները պետք է ընդլայնվեն»։
Մարությանի խոսքով ինչպես քաղաքցիները, այդպես էլ ինքն ու իր թիմը վերջին մի ամսում եղել փողոցում։ Մարությանը նշում է՝ փողոց առ փողոց, բակ առ բակ բոլոր վարչական շրջաններով շրջել են և քաղաքացիներին խնդրել են, կոչ են արել անպայման մասնակացել ընտրություններին, որովհետև դրանով հնարավոր է հասնել իշխանափոխության։
comment.count (0)