Ես չեմ ընդունում սխալ գործելու վերաբերյալ բնորոշումը։ Այսպես է արձագանքել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային սեղանը Բրյուսելից Վաշինգտոն տեղափոխելու վերաբերյալ հարցին, թե ով է սխալվել, երբ և ինչու։
«Մենք խրախուսել ենք բանակցությունները։ Պետքարտուղարը ուղիղ երկխոսություններ է ունեցել Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի հետ։ Մենք մի շարք պաշտոնյաներ ենք գործուղել տարածաշրջան ոչ միայն նախորդ շաբաթ կամ ռազմական գործողությունների մեկնարկից 10 օր առաջ, այլև ամիսներ, ամիսներ, ամիսներ առաջ»,- ասել է նա։
Միլլերի խոսքով իրենք ամեն բան արել են դիվանագիտությամբ առաջնորդվելու համար․ «Բայց, ի վերջո, հիշեք, այստեղ երկու կողմերից է կախված, դրանք անհամաձայնություններ ունեցող կողմերն են։ Մենք ուժերի ներածի չափով ամեն բան կարող ենք անել նրանց մղելու համար, բայց ի վերջո, նրանք պետք է համաձայնեն բանակցելու և պետք է համաձայնեն վերջնականապես որոշակի լուծման հասնելու համար։ Մենք պատրաստվում ենք շարունակել մեր դերը՝ այդ գործընթացը հեշտացնելու համար»։
Բանակցություններում Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը ասել է․ «Իմ կարծիքը միանշականակ չէ, որ Ռուսաստանը արդյունավետ դեր է ունեցել վերջին շաբաթվա ընթացքում։ Մենք տեսել ենք ժամանակ, երբ նրանք դյուրացրել են բանակցությունները, և մենք դա ողջունել ենք, բայց կոնկրետ նախորդ շաբաթվա մեջ նրանց դերը արդյունավետ չի եղել այս իրավիճակում»,- հավելել է Միլլերը։
comment.count (0)