Մեր Ղարաբաղեն քաղցր տեղ չկա, իմ պապի խոսքն է, մեծ սարը վկա․․․
20:50 - 01 հոկտեմբերի, 2023

Մեր Ղարաբաղեն քաղցր տեղ չկա, իմ պապի խոսքն է, մեծ սարը վկա․․․

Ստեփանակերտից Գորիս, Գորիսից Վայք, Վայքից Երեւան․ նախկինում սովորական թվացող այս ուղեգիծը այսօր անսովոր տեսք է ստացել․ աղետի միջով անցած, աղետով բարձված մեքենաներում՝ թեւաթափ ու թեւատ մարդիկ, որ գնում են առաջ, գնում են անվերջ ու անվերջ, գնում են՝ մի նոր տանիք, մի նոր երկինք, մի չեղած անդորր գտնելու հույսով։

Մեքենաների շարասյան մեջ նստած՝ նայում եմ այս պատկերին ու մտքիս մի բան է միայն՝ աղետի ուրվականը ողջ Հայաստանում է արդեն։ Ու զնգում է մի հարց, զրնգում վերստին՝ այս ամենից հետո ինչպե՞ս ապրել նորից։

– Որ էդքան նկարում եք, մի օգուտ կա՞,– հիշում եմ Գորիսում վերջին ֆոտոներն անելիս ինձ դիմած մի քաղաքացու հարցը, որ եկել էր՝ Արցախից բռնի տեղահանված իր հարազատների հետեւից։

Մեղավոր ու անմեղ՝ փորձում եմ բացատրել, որ այն, ինչ կատարվում է, պատմություն է, ու մեր աշխատանքն է դա վավերագրելը․

– Բայց տխուր պատմություն է, ախր,– ասում է նա հուսահատ։

Եվ այդ հուսահատության մեջ ես հիշում եմ մարդկանց, որ, Հայաստանի սահմանը նոր–նոր հատած, իմ թաց աչքերին ի պատասխան՝ ասում էին․

– Քուրիկ ջան, մի հատ ինձ էլ նկարի,– եւ ժպտում էին մարդիկ ցավի միջից, եւ ժպտում էին մարդիկ՝ չգիտես, թե ինչպես։

Բռնի տեղահանված արցախցին

Հիշում եմ Կոռնիձորում նրանց դիմավորող անխոնջ կամավորներին, որ, քուն ու դադար թողած, բառացիորեն կռիվ էին տալիս՝ մոտեցող ամեն մեքենային ավելի ու ավելի շատ քաղցրավենիք ու քացրավենիքից շատ՝ սեր ու ջերմություն հասցնելու համար։ Նրանցից մեկը արտասահմանյան մի լրագրողի ինչ–որ բան էր ասել, սա էլ չէր հասկացել ու խնդրել էր՝ թարգմանեինք։ Պարզվել էր՝ ասում էին՝ դուք էլ օգտվեք, քաղցրավենիք վերցրեք։ Եվ համոզում էին, որ վերցնենք։ Արտասահմանցին շնորհակալություն է հայտնում․ 

–It for Artsakh, not for us,- ու սիրտը լցված՝ պատասխանում է։

Կամավորները

Եվ իսկապես, սա Արցախի համար է՝ հուսահատության ու տխրության մեջ լույսի այս փոքրիկ շողերը, որ պիտի օգնեն մի օր պատասխան գտնել հարցին՝ այս ամենից հետո ինչպես ապրել նորից։

***

Տիկին Միրան վերջին արցախցին է, որի հետ զրուցում եմ մինչ Երեւան ուղեւորվելը։  Նախապես հարցնում եմ՝ կհամաձայնի՞ խոսել կատարվածի մասին, ասում է․ «Պատմելը կպատմեմ, պատմելը դժվար չէ․․․»։ Ու անավարտ է մնում միտքը․ երեւի ապրելն է դժվար։

Միրա Ասրյանը Ստեփանակերտի բնակիչ է՝ 63 տարեկան, 44-օրյա պատերազմից հետո աշխատում էր Ննգի գյուղում՝ որպես ակումբավար։ Ադրբեջանի վերջին՝ սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո բռնի տեղահանվել է Հայաստան ողջ ընտանիքով՝ որդու, հարսի եւ 2 թոռների՝ Անիի ու Արամի հետ։ Ամուսինը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

Անին եւ Արամը

Վերհիշելով սեպտեմբերի 19-ը՝ տիկին Միրան պատմում է՝ աղջիկ թոռը, որ առաջին դասարան է, դպրոցում էր, ուզել էր միայնակ տուն վերադառնալ, չէին թողել․ «էրեխուն վերցրի, եկա, ասում եմ՝ Անի ջան, ցավդ տանիմ, էլ ասես ոչ մինակ գամ, կացա, հլը կռիվ ա, փիս ժամանակաշրջան ա, խաղաղությունը կըլի, էն վախտ ուժե մինակ կգաս»,– թոռան հետ խոսելով՝ տուն է վերադարձել դպրոցի ճամփով վերջին անգամ։

Ու տանը, երբ պատրաստվելիս են եղել՝ պարի գնալու, տագնապի ազդանշանը միացել է․ «էրեխին բերել եմ տուն, հաց եմ տվել, հենց կոֆթան հանել եմ, մեկ էլ տեսա՝ պայթյունը սկսել ա, էրեխեքը՝ ընդի տկլոր, էն ա որ կոֆթա, շալվար վերցրել եմ, վազել ենք նկուղ։ Դրանից հետո արդեն՝ ահավոր ձեներ, ահավոր բան, հարսս ոնց ա հասել պադվալը՝ չեմ կարող ասել, 10 րոպեում հասել ա, բա՝ էրեխեքս–էրեխեքս, տենց էլ մնացինք պադվալում, 2 օր մնացինք, 3–րդ օրը ասեցին՝ հրադադար ա, բանակցություններ պիտի լինեն․․․ Հետո ասեցին՝ բանակցություններն ավարտվել են, որոշել են բանակը վերացնել, էնքան զինվորներ, էնքան անմեղ տղաներ զոհվին, վիրավորվին, տեհա պիտի լիներ՝ բանակը ցրեին, սկի էդքան զոհն էլ չտայինք․․․ Կրակել են սաղ շտաբների վրա, պոստերի վրա, լրիվ զենք–զինամթերք ոչնչացրել են, բանակը ցրել, ասել են՝ ամեն գյուղի բնակչությունը հետ է գնալու իր տուն, դրանից հետո ճանապարհը բաց է լինելու, ով կցանկանա Ադրբեջանի դրոշի տակ ապրել․․․ Ով չէ, ճանապարհը բաց է»։

Բայց ադրբեջանցիների հետ համատեղ ապրելը, ըստ տիկին Միրայի, այսօր հնարավոր բան չէ․ «2020 թ․ պատերազմից հետո դա անհնարին է, մեր էրեխեքը չգիտեն, բայց ես իմ հասակում․․․ Երբ դեռ ԼՂԻՄ էր, ես իրենց հետ ապրել եմ, մեր գյուղում ֆերմայի աշխատողները սաղ ադրբեջանցի էին,  իմ սկեսրայրս անասնաբույժ է եղել, էնքան է որպես ընկեր իր հետ բերել մեր տուն, հաց են կերել, էն վախտ ուրիշ էր, բայց հիմա անհնար է, հիմա ահավոր է, մեկը մյուսին ուզում չի տեսնել, մեկը մյուսի նկատմամբ ատելությամբ է լցված»։

Այսպես ստիպված՝ ընտանիքը բռնել է տեղահանության ճամփան․ «Հենց ասել են, որ պիտի հայաթափվի, սաղս էլ եկել ենք․․․ Տուն–տեղ թողած, դատարկ ձեռքով․․․ Ընդամենը մի երկու հագուստ՝ էրեխեքին, մեկը հագնես, մյուսը լվանաս, ի՞նչ պիտի էլ հասցնեինք [վերցնել]»։

Ադրբեջանական անցակետում, տիկին Միրայի խոսքով, հանգիստ է անցել, անձնագրերն էլ չեն ստուգել․ «Ավտոն բացել են, տեսել են՝ քանի հոգի ա,  ոչ մի գռուզ չեն թափել, հանգիստ անցել ենք, իրենց էլ էդ ա պետք, որ տեսնեն՝ Արցախից քանի շունչ ա գալիս, իրենց список ա պետք ռուսների հետ միասին, հա, ռուսը մեզ պահել ա, ռուսն էլ որ չլիներ, մեզ կկոտորեին, բայց ռուսի համաձայնությամբ, Ադրբեջանի համաձայնությամբ մեզ տեղահանեցին․․․ Ճանապարհն էլ շատ ահավոր էր, հենց հասել ենք Շուշի, 2 սուտկա է՝ Լաչինի ճանապարհի վրա էինք․․․ Առավոտ ժամը 8–ին Հակարիի կամուրջը հատել ենք, խցանում էր, կես ժամ կանգնում էինք, 10 րոպե ճանապարհ գալիս, 2 ժամ կանգնում, 5 րոպե գալիս, մի ահավոր վիճակ»։

Թե ինչ են անելու Հայաստանում, ուր են գնալու՝ դեռ անորոշ է, տիկին Միրան ասում է՝ եթե ֆինանսի խնդիր չլիներ, մի ժամ էլ չէին մնա, կգնային Ռուսաստան, թեկուզ էնտեղ էլ մի բան չի․ «Տղաս 88 թ․ շարժմանն է ծնված, էս հասակում կամաց–կամաց իր կվարտիրն է ստեղծալ, մեքենա է առալ, սաղ թողալ է, եկել, էրեխեքին ինչ ուզել են, իրենց սրտով, կերել են, քնել են, ման են եկել, ո՞վ ա իմացել, որ կարողա Արցախը հանձնել, որ փողը կուտակեն»։

Նրա խոսքով՝ քաղաքում էլ է ապրել, գյուղում էլ, կուզի ինչ–որ հողամաս ունենալ, դրանով զբաղվել․ «Ես չգիտեմ, նենց չի, որ էստեղ բարեկամ չունենք, ախպեր ունեմ, մի քույրս Կրասնոդար է, մեկը՝ Ուկրաինա, բայց մենք իրենց նեղություն չենք ուզում տալ, փախցրել են, հանել բերել են, մեր հոգսը [թող] քաշեն, գոնե տան վարձը տան, ժողովուրդը իր հոգսը քաշի, տհենց բան կլինի՞, հիմա էլ ուզում են ծայրամասային տեղեր տան, պետք չի, հանց որ էգուց էլ գան, արցախցու գլխին վեր ընգնին․․․ Ես ասում եմ՝ Հայաստանա տղերքը էնքան մեղկ են, Արցախի համար զոհվել են, դե զոհվել են, շարժումն արել են, ասել են՝ միացում Հայաստան, ժողովուրդը համաձայնել է, բայց դու պերես, ստորագրես, հանձնե՞ս, գոնե ինքնավար մարզ էլ չես թողալ․․․ Գոնե տանին ոչ ծայրամասեր»։

Հիմա Աստծուն փառք է տալիս, որ իր ընտանիքը նոր զոհեր չի ունեցել, բայց շատ է ցավում, որ շատ ծնողներ իրենց 20-22 տարեկան տղաների շիրիմները, ինքն էլ իր հարազատների շիրիմները ստիպված են եղել թողնել։ Ու ծնկները, ասում է, թուլանում են, երբ պատկերացնում է, որ հաջորդը կարող է Հայաստանը լինել։

Բայց թուլացող ծնկներին ամուր պահելու է հասնում փոքրիկ Անին, որ ողջ ընթացքում եղբոր հետ, վազվում էր տարածքում վանդակից դուրս եկած, կապույտ երկինք գտած աղավնու պես թեթեւ։ Գալիս է, խիզախորեն կանգնում տեսախցիկի առաջ ու ասմունքում Արցախի մասին մոր սովորեցրած տողերը․

–Մեր Ղարաբաղեն քաղցր տեղ չկա, 

Իմ պապի խոսքն է, մեծ սարը վկա․․․

 

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան

Տեսանյութը՝ Սարգիս Խարազյանի եւ Ռոման Աբովյանի

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել