Ազգային կոմիտեի այսօրվա հանրահավաքին կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Փաշինյանին հեռացնելու՝ իրենց նախօրոք հայտնած գործընթացը չստացվեց, քանի որ իրենք սխալվեցին․
«Ես էի հայտարարել, որ 3 օր պարալիզացնում ենք քաղաքը, ապա ճաքեր ստեղծում կառավարական համակարգում, ապա ԱԺ-ի միջոցով լուծում հարցերը, չստացվեց, մենք սխալվեցին, սխալն այն էր, որ մենք գերագնահատեցինք մեր մարդկային ու կազմակերպական ուժը, բայց մի շատ դրական բան կատարվեց․ շատ ուսանողներ միայն խոսքով, վրդովված այն ամենից, ինչ լինում է, դուրս էին գալիս»։
«Կոմիտեն այսպես միայն 5 հոգով աշխատել չի կարող, մենք ուզում ենք ընդլայնել այն։ Ես անձամբ դիմեցի մի քանի շատ արժեքավոր մարդկանց՝ հրավիրելով դառնալ կոմիտեի անդամ, նրանք դեռ պատասխան չեն տվել», - ասաց Մանուկյանը` դեռևս չնշելով այն մարդկանց անունները, որոնք հրավիրվել են կոմիտե։
Վազգեն Մանուկյանն ասաց, որ մտադրություն կա «վերցնել օդանավակայանը», որ Փաշինյանը չկարողանա գնալ Իսպանիա՝ Գրանադայում Ադրբեջանի նախագահի հետ հնգակողմ հանդիպմանը։
«Սա այս պահին ոգևորիչ միտք է, բայց ես այս պահին չեմ տեսնում, որ մեր ժողովուրդը՝ էս ջարդված, արցախցիների տեղավորումով․․․, դեռ չկոնսոլիդացված, կարողանա դա անել, բայց ամբողջ քաղաքը պիտի եռա, պետք ա ցույց տանք, որ մենք դրան դեմ ենք»։
Մանուկյանի խոսքով՝ այդ օրը հնարավոր է՝ պայմանագիր չստորագրվի, բայց նրա կարծիքով այլ «հիմնական սկզբունքեր վերջնականորեն կբերվեն ինչ-որ մի կետի»։
Ազգային կոմիտեի անդամը նշեց, որ զուգահեռ 2 պրոցես են տանելու․ «Մեկը կոնսոլիդացիան է, որ ես վաղվանից տարբեր քաղաքական ուժերի հետ տանելու եմ, բայց վաղվանից զուգահեռ պետք է շարունակվեն բողոքի ակցիաները՝ ոչ միայն կոմիտեի անդամ կուսակցությունների»։
comment.count (0)