Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն անապահովություն և անկայունություն է բերում․ Իրանի ԱԽ քարտուղար
19:38 - 01 հոկտեմբերի, 2023

Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն անապահովություն և անկայունություն է բերում․ Իրանի ԱԽ քարտուղար

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի պաշտոնակցի՝ Ալի-Ակբար Ահմադիանի հետ։

Ինչպես փոխանցում է իրանական Mehr-ը, հանդիպման ընթացքում Ահմադիանը անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումներին և ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությունը։

«Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն անապահովություն և անկայունություն է բերում ու սրացնում է ճգնաժամը»,- հայտարարել է նա։

Ներկայացնելով Իսլամական Հանրապետության անփոփոխ և հիմնավոր քաղաքականությունը իր հարևանների հետ համագործակցության ու շփումների զարգացման առումով և ցանկացած լարվածությունից ու կոնֆլիկտից զերծ տարածաշրջան ստեղծելու հարցում՝ իրանցի պաշտոնյան ասել է․ «Տարածաշրջանի երկրների միջև թափանցիկ և կառուցողական երկխոսությունները հիմք են ստեղծում կայուն անվտանգության, համաչափ զարգացման ու տարածաշրջանի բնակիչների բարգավաճման և հարմարավետության համար»:

Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է անհրաժեշտ հիմք ապահովել և հանդիպում անցկացնել տարածաշրջանի երկրների միջև։

Ընդգծելով Իրանի ու Հայաստանի միջև ինտենսիվ տնտեսական շփումների ու համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև երկկողմ առևտրային փոխադրումների աճը՝ նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել հարաբերությունների մակարդակը բոլոր ոլորտներում։

Արմեն Գրիգորյանն իր հերթին շեշտադրել է երկու երկրների երկարատև հարաբերությունները և հայտարարել է, որ Հայաստանը պատրաստակամ է համակողմանիորեն զարգացնելու Իրանի Իսլամական Հանարապետության հետ հարաբերությունները։

Նշելով Իրանի արդյունավետ դերը՝ Կովկասյան տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում՝ Գրիգորյանը հորդորել է շարունակել դերակատարություն ունենալ այդ հարցում։

Նա նաև կարևորել է երկու երկրների միջև տնտեսական, առևտրային և արդյունաբերական նախագծերը և ընդգծել դրանց հնարավորինս արագ իրականացումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել