Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ»-ի բաժնետերերի միջև 2023 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված հաշտության համաձայնությունը հաստատվեց Վարչական դատարանի կողմից:
Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությամբ, Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքի) և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը:
Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2022 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի շենքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով հայց էր հարուցել Վարչական դատարան:
Հայց հարուցելու հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության մինիստրների սովետի 1955 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 699 կարգադրությամբ՝ Արտասահամանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի՝ «ԱՕԿՍ»-ի հաշվեկշռին, հանձնվել էր գույք, այդ թվում՝ Աբովյան 3 հասցեի շենքը:
Հետագայում, 1992 թվականի հուլիսի 30-ին ստեղծվել էր «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» կազմակերպությունը, որն առանց օրինական հիմքերի` հանդես է եկել որպես արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի իրավահաջորդ և 2001 թվականին, ներկայացնելով իր ստեղծումից շուրջ 37 տարի առաջ ընդունված վերոհիշյալ կարգադրությունը, ստացել էր «ԱՕԿՍ»-ի շենքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական:
Նկատի ունենալով վերոգրյալը՝ Գլխավոր դատախազությունը Վարչական դատարան ներկայացված հայցով պահանջում էր անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության 2001 թվականի հուլիսի 3-ին և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ 2011 թվականի նոյեմբերի 25-ին կատարված իրավունքի պետական գրանցումները:
Հայցադիմումը Վարչական դատարան էր մուտքագրվել 2022 թվականի նոյեմբերի 22-ին:
2023 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքվել էրհաշտության համաձայնություն: Համաձայնությունը նույն օրը մուտք էր արվել Վարչական դատարան:
Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ապօրինի մասնավորեցման վերաբերյալ քննվող քրեական վարույթով նախաքննությունը Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է:
comment.count (0)