Ազգային ժողովը լիագումար նիստում քննարկում է կառավարության ներկայացրած՝ «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագիծը։ Խորհրդարանում նախագիծը ներկայացնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Վերջինս ԱԺ ամբիոնից նշեց, որ սա կարեւորագույն նախագիծ է․
«Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն ընդունվել է 98թ․-ին՝ Հռոմում, այն ուժի մեջ է մտել 2002թ․ հուլիսի 1-ից։ Այս պահին 123 պետություն անդամակցում է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, ՀՀ-ն այն ստորագրել է դեռ 1999թ․ հոկտեմբերի 1-ին, բայց դրա ստորագրումից հետո վավերացման գործընթացը կասեցվել էր, քանի որ 2004-ին ՍԴ-ն Կանոնադրության մեջ ամրագրված որոշ պարտավորություններ ճանաչել էր Սահմանադրությանը հակասող»,- ասաց Կիրակոսյանը՝ նշելով, որ դրա վավերացման վերաբերյալ քննարկումները վերսկսեցին դեռ մեկ տարի առաջ, երբ Հայաստանի սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ ագրեսիա, որի ընթացքում կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ նեւ ՀՀ սուվերեն տարածքում, այդ պահից սկսվեցին քննարկումները Կանոնադրության վավերացման եւ իրավազորությունը հետադարձ ճանաչելու հարցի վերաբերյալ։
Այս քննարկումներից ընթացքում ՍԴ-ն վերստին գնահատել է Կանոնադրության սահմանադրականության հարցը եւ 2023-ի մարտի 24-ին կայացրել է որոշում, ըստ որի՝ Սահմանադրությանը համապատասխանում են Կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները։
«Միջազգային քրեական դատարանն իր իրավազորության շրջանակում քննություն է իրականացնում ծանրագույն միջազգային հանցագործությունների վերաբերյալ, նրա նպատակն է պատասխանատվության ենթարկել ծանրագույն միջազգային հանցագործություններ կատարած անձանց, խոսքը պատերազմական հանցագործությունների, մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների․ ցեղասպանության հանցագործությունների մասին է։ Նաեւ նոր հանցակազմ է ավելացել՝ ագրեսիայի հանցագործությունը»,- մանրամասնեց Կիրակոսյանը՝ նշելով, որ այս պահին Կանոնադրության սկզբնական տարբերակն է վավերացվում։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն ասաց, որ վավերացման նպատակը հիմնականում միտված է Ադրբեջանի կամ նրա զինծառայողների կողմից իրականացված պատերազմական եւ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսելուն․ «Հուսով ենք, որ այս վավերացման քայլով այն կունենա էական կանխարգելիչ ազդեցություն ՀՀ տարածքում նմանատիպ ծանր հանցագործությունների կատարումը բացառելու եւ կանխարգելելու նպատակով»,- նշեց Կիրակոսյանը։
Նրա խոսքով կանոնադրության վավերացումը ՀՀ տարածքի նկատմամբ սահմանում է Դատարանի իրավազորությունը․ «Այսինքն՝ կարելի է ասել, որ ՀՀ-ն որոշակիորեն երաշխիք է ստանում, որ իր տարածքում կատարված ցանկացած ծանրագույն հանցագործություն (խոսքը վերաբերում է պատերազմական, մարդկայնության դեմ ուղղված, ցեղասպանության հանցագործություններին) ենթակա կլինի դատարանի իրավազորությանը։ Այսինքն՝ անձինք, որոնք մտադրություն ունեն կատարաելու նման հանցագործություն, նրանց նկատմամբ կունենա կանխարգելիչ ազդեցություն»։
comment.count (0)