Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո 2021թ․ մայիսի 10-ից ի վեր կատարված հանցագործությունները եւս ընկնելու են Դատարանի իրավազորության ներքո․ Կիրակոսյան
11:35 - 03 հոկտեմբերի, 2023

Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո 2021թ․ մայիսի 10-ից ի վեր կատարված հանցագործությունները եւս ընկնելու են Դատարանի իրավազորության ներքո․ Կիրակոսյան

Միջազգային դատարանների կողմից կայացվող որոշումները եւ դրանց կատարման հետ կապված հարցերը միշտ հուզել են մեր հանրությանը, եւ հանրության կողմից ակնկալիքներ կան միանգամից արդյունքներ ստանալու, այսինքն՝ միանգամից Ադրբեջանը սկսի կատարել որոշումները, փոփոխել իր բնույթը։ ԱԺ-ում «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց։

«Ցավոք դա իրականում չի կարող տեղի ունենալ, որովհետեւ միջազգային դատարանների տրամաբանությունն այլ է, քան ներպետական դատարանների։ Բայց էս դատական մարմինների տարբեր պրոցեսներն ավելացնելով՝ դրանով իսկ երկարաժամկետ եւ կանխարգելիչ տեսանկյունից լրացուցիչ երաշխիքներ ենք ստեղծում ՀՀ տարածքի համար։ Ի տարբերություն ՄԻԵԴ-ի եւ Արդարադատության միջազգային դատարանի՝ Միջազգային քրեական դատարանի էֆեկտիվությունն ու ազդեցությունը մի փոքր ավելի կարող են լինել, որովհետեւ սա վերաբերում է ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվությանը՝ ի տարբերություն նախորդ երկու դատարանների, որոնք խոսում են պետության պատասխանատվության մասին»,- ասաց Կիրակոսյանը։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ վավերացումը հետադարձ ուժ ունի՞․ «Կան հոլովակներ, որտեղ ադրբեջանցի զինվորն այլանդակում է հայ զինվորի մարմինը, կոնկրետ էս դեպքով կարո՞ղ ենք դիմել դատարան»։

Կիրակոսյանը պատասխանեց, որ Կանոնադրությանը հետադարձ ուժ տրվում է․ «Երբ վավերացնենք, դրա մասին ծանուցենք ՄԱԿ գլխավոր քարտուղարին, դրանից վաթսուն օր հետո մենք կդառնանք լիիրավ անդամ երկիր։ Մյուս կետով նախատեսում ենք իրավազորության հետադարձ ճանաչում՝ 2021թ․ մայիսի 10-ից ի վեր։ Այսինքն այդ ժամանակից ի վեր կատարված հանցագործությունները եւս ընկնելու են Դատարանի իրավազորության ներքո։ Շատ հստակ խոսում է մեկ տարի առաջ սեպտեմբերին կատարված կոպտագույն հանցագործությունների մասին, ինչու չէ նաեւ այսօր կատարվող, ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը եւս կարող է ընկնել Դատարանի իրավազորության ներքո»,- նշեց Կիրակոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել