ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները այսօր կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մասին: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:
«Կցանկանայի հանրայնորեն ասել` Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել: Առայժմ չեմ կարող ավելի մանրամասնել»,- ասաց նախարարը:
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք նախարարները կարող են առավել մանրամասն տեղեկություն հայտնել պայմանագրի կետերի վերաբերյալ, Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասաց.
«Այս պահին չեմ կարող շատ հստակեցումներ ասել պայմանագրի մասին, միայն կարող եմ ասել, որ մի շարք հարցեր համաձայնեցվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ Մենք այս բնագավառում երկու կողմից էլ շատ լուրջ պատասխանատվությամբ ենք գործում, որպեսզի չառաջացնենք էսկալացիաներ։ Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի կողքին կա այնպիսի հարևան երկիր, որը անընդհատ թշնամական գործողություններ է իրականացնում»։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ իր կարծիքով տիկին նախարարը բավականին սպառիչ պատասխանեց՝ պայմանագրի վերաբերյալ հարցին։
«Խոսքը Հայաստանի պաշտպանական կարողություննեին աջակցելու մասին է»,- հավելեց Միրզոյանը։
Այն հարցին, թե արդյո՞ք Ֆրանսիան պահանջել է Հայաստանից դուրս գալ ՀԱՊԿ-ից, Միրզոյանը պատասխանեց.
«Մեր գործընկերները երբևէ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ կամ հարցադրում նույնիսկ մեր առջև չեն դրել» ։
comment.count (0)