Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար․ Փաշինյանը՝ հնգակողմ հանդիպման չեղարկման մասին
17:01 - 04 հոկտեմբերի, 2023

Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար․ Փաշինյանը՝ հնգակողմ հանդիպման չեղարկման մասին

Մենք մինչեւ վերջին պահը, եւ էսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը, եւ ընդ որում ասեմ՝ շատ կառուցողական եւ լավատես էինք տրամադրված, որովհետեւ կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստատթուղթ ստորագրելու։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված հանդիպան ու դրանց ակնկալիքների վերաբերյալ հարցին։ 

«Հիշում եք, չէ՞, ինչ եղավ, մի քանի օր առաջ ասում էին՝ փակենք օդանավակայանի ճանապարհները, որ վարչապետը չգնա Գրանադա, գնում, էնտեղ ստորագրում ա մի փաստաթուղթ, որը չգիտեմ ինչ ա անելու, ինչ ա անելու, ինչ ա անելու․․․։ Եւ մենք մինչեւ վերջին պահը, եւ էսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը, եւ ընդ որում ասեմ՝ շատ կառուցողական եւ լավատես էինք տրամադրված, որովհետեւ կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստատթուղթ ստորագրելու»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով մինչեւ այսօր առավոտ էդ հավանականությունը շատ բարձր են գնահատել։

«Փաստաթուղթ, ասում եմ, շրջադարձային նշանակության, դա էն փաստաթուղթն է, որը խամաճիկային ընդդիմությունը ամեն ինչ անում էր, որպեսզի ներկայացվի որպես կործանարար փաստաթուղթ։ Հիմա, քանի որ չստացվեց, Հայաստանը խամաճիկային ճնշումների չենթարկվեց, հստակ, տրամաբանված, կառուցողական դիրքորոշում արտահայտեց, իր տեսակետները հասկանալի դարձրեց, եւ հասկանալիորեն՝ օդանավակայանի ճանապարհը ոչ ոք չի կարող փակել, հետո տեսանք թե ինչ եղավ․ պարզվեց, որ նախատեսված հանդիպումը չի կայանում ամենեւին ոչ մեր մեղքով։ Իհարկե, դրանից մենք պետք է արձանագրենք, որ «խամաճիկային ընդդիմությունն» իր հերթական բոնուսները չի ստանա, որովհետեւ, ճիշտ է, հարցը լուծվել է, բայց իրենց ձեռքով չի լուծվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանը նաև ասաց, որ Գրանադա այցելությունը ամեն դեպքում չեղարկված չէ։ 

«Գրանադա մեր այցելությունը (պատվիրակությունով ենք մեկնում, նաեւ ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը) մենք չենք չեղարկել, մեկնում ենք, մենք էնտեղ ունենալու ենք հանդիպումներ, եւ, ըստ էության, փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել։

Իհարկե, ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, բայց հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել, եւ ցավում եմ շատ, որ վաղն առիթ չեմ ունենալու հայտարարելու, որ շատ կարեւոր այդ որոշումը կայացվեց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Սոնա Ղազարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Ստացվում է, որ կոտրվում է հերթական կարծրատիպը, որ դուք մեկնում էիք Գրանադա՝ պրոադրբեջանական օրակարգով մի փաստաթուղթ ստորագրելու, որովհետեւ ինչպե՞ս այդ պարագայում Ադրբեջանն ինքն իր կամքով չէր մասնակցի պրոադրբեջանական փաստաթղթի ստորագրման գործընթացին։ Այսինքն, ըստ էության, այս օրակարգը, որը համաձայնեցված է առնվազն ԵՄ, Ֆրանսիայի, Գերմանիայի մեր գործընկերների կողմից, թվում է՝ չի համապատասխանում Ադրբեջանի շահերին, թե չէ այլ ի՞նչ պատճառով պատճառով նրանք կհրաժարվեին մասնակցել։ Մենք շարունակելու ենք միջազգային մեր գործընկերներին խորհրդարանական մակարդակով դիմելու Ադրբեջանի վրա ուժ բանեցնելու, որպեսզի նրանք կառուցողական դաշտ վերադառնան եւ բանակցությունների մասնակից դառնան, ես էլ Ձեզ եւ մեր արտաքին գերատեսչություններին հաջողություն եմ մաղթում՝ այս բարդ գործընթացն ի կատար ածելու»։

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ չի ուզում՝ սխալ տպավորություն ստեղծվի, թե, ենթադրենք, ստորագրվելիք փաստաթուղթը հակասում կամ հարվածում կամ էլ հակառակ է Ադրբեջանի շահերին և լիարժեք համապատասխանում է ՀՀ Շահերին։

«Ես կարծում եմ, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է տարածաշրջանի խաղաղության եւ կայունության շահերին, որովհետեւ եթե որեւէ փաստաթուղթ հավասարակշռված չլինի, որեւէ մեկը չի ստորագրի այդ փաստաթուղթը, ոչ մեկն էլ չի կարող ստիպել։ Այլ բան, որ կան ուժեր, ովքեր տեսնում են, որ Հայաստանի սահմանների թիկունքում կան, իհարկե, շատ մարգինալացված, բայց, այնուամենայնիվ, խամաճիկային ուժեր, բայց նրանց կարելի է օգտագործել Հայաստանի շահերին ի վնաս՝ այդ հավասարակշռությունները կորցնելու համար, եւ, կարծում եմ, հենց այդ սցենարն են իրականացնում»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված էր հնգակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ֆրանսիա, Գերմանիա, ԵՄ) հանդիպում, որը, սակայն, ինչպես այսօր հայտնի դարձավ, չեղարկվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Ըստ ադրբեջանական «Մինվալ»-ի՝ պատճառը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններն են, նաև ադրբեջանական կողմը պնդել է, որ Թուրքիան ևս մասնակցի հանդիպմանը, սակայն, Ֆրանսիան և Գերմանիան դեմ են եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել