«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց պատգամավորի թեկնածուն առաջարկել է ընտրակաշառք. Դատախազություն
17:49 - 05 հոկտեմբերի, 2023

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց պատգամավորի թեկնածուն առաջարկել է ընտրակաշառք. Դատախազություն

2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Հ.Է.-ն քաղաքացիներ Գ.Ա.-ի և Մ.Ու.-ի հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Քանաքառ-Զեյթուն համայնքի մի շարք բնակիչների առաջարկել և խոստացել է տալ ընտրակաշառք։

Դատախազությունից հայտնում են, որ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց՝ որպես կաշառք, առաջարկվել է 20 հազար դրամ, որի վճարումը կատարվելու էր 2021 թվականի հունիսի 17-ին։

2021 թվականի հունիսի 18-ին Հ. Է.-ն ձերբակալվել է:

2021 թվականի հունիսի 19-ին դատարանը բավարարել է Հ.Է.-ի պաշտպանի կողմից ներկայացված բողոքը՝ հաստատելով վերջինիս ազատությունից զրկելու ոչ իրավաչափ լինելը և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին՝ անհապաղ ազատ արձակել Հ.Է.-ին, որից հետո Հ.Է.-ն հատել է ՀՀ պետական սահմանը:

2021 թվականի հունիսի 21-ին Հ. Է.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 24-ի որոշմամբ՝ Հ. Է.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2023 թվականի սեպտեմբերի 22-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթով մեղադրյալ Հ. Է.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

2023 թվականի սեպտեմբերի 29-ին դատախազը Հ. Է.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալը) նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացրել:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 2-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և հեռակա կարգով իրականացված քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Միաժամանակ, դատարան է ներկայացվել Հ. Է.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել