Ալիևը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը մոտեցում է, որը «ծառայում է ոչ թե խաղաղության, այլ նոր հակամարտության», և եթե տարածաշրջանում որևէ նոր հակամարտություն լինի, դրա պատճառը Ֆրանսիան է լինելու։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։
Նա նշել է, որ Ադրբեջանը Գրանադայի հանդիպմանը չի մասնակցել Ֆրանսիայի «հայտնի դիրքորոշման պատճառով»։
Ադրբեջանի նախագահը ասել է նաև, թե Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են «Հայաստանի օկուպացիայի տակ և ընդգծել է այդ գյուղերի օկուպացիայից ազատագրման կարևորությունը»։
Հեռախոսազրույցի մասին հայտնել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ նշելով, որ զրույցը տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ։
Նշենք, որ Գրանադայում պետք է տեղի ունենար հնգակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, Իլհամ Ալիևը, սակայն, չէր մասնակցել հանդիպմանը։
comment.count (0)