hetq.am: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Գազայի հատվածի «ամբողջական շրջափակման» մասին՝ Իսրայելի պաշտպանության նախարարի հրամանը՝ այն բնորոշելով որպես «կոլեկտիվ պատժի» և «պատերազմական հանցագործության» ձև: Այդ մասին նշվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Իսրայելում և Պաղեստինում Human Rights Watch-ի տնօրեն Օմար Շաքիրը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի խոսքերը «նողկալի» է անվանել և Իսրայելին մեղադրել սովը որպես «պատերազմի գործիքի» օգտագործման մեջ։
Շաքիրը առանձնացրել է 2,2 միլիոն պաղեստինցիների համար ռիսկերը, որոնք ապրում են Իսրայելի կողմից Գազայի հատվածի երկարատև արգելափակման պայմաններում, ու կոչ արել միջազգային քրեական դատարանին միջամտել ստեղծված իրավիճակին։
Human Rights Watch-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ Շաքիրը նաև դատապարտել է իսրայելական բնակավայրերի վրա «Համաս»-ի հարձակումները՝ նշելով, որ «քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորումը, անխտիր հարձակումները և քաղաքացիական անձանց պատանդառումը», միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, նույնպես համարվում են ռազմական հանցագործություններ:
comment.count (0)