Արցախի 1 դատապարտյալ եւ 15 կալանավոր բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել։ Նրանց ազատ արձակելու որոշումը կայացրել է Արցախի քննչական կոմիտեն։ Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ազատ արձակվածներից որոշները, ըստ Արցախի պետական կառույցների մեր աղբյուրների, մեղադրվել են պետական դավաճանության մեջ։ Նրանց գտնվելու վայրն այս պահին անհայտ է։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ փոխանցեց, որ 2023թ. սեպտեմբերին Արցախից ՀՀ քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ) կալանավորված կամ դատապարտված անձինք չեն տեղափոխվել։
44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի միակ՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք տեղափոխվել էին Հայաստանի ՔԿՀ-ներ։ 2020 թ․-ից հետո կալանավորված այն անձինք, որոնք Հայաստան չեն տեղափոխվել Լաչինի միջանցքի փակվելու պատճառով, պահվել են Ստեփանակերտի ժամանակավոր մեկուսարաններում կամ ձերբակալվածների պահման վայրերում։
Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ՝ 2020-2023 թթ․-ին Արցախի կալանավորների թիվը եղել է 18, որոնցից 12-ը պահվել են Ստեփանակերտում, իսկ 6-ը՝ մինչեւ միջանցքի փակվելը տեղափոխվել հայաստանյան ՔԿՀ-ներ։ Բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել Արցախի բոլոր 12 կալանավորները եւ Հայաստանում պահվող 6-ից 3-ը։
Արցախի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ֆելիքս Հարությունյանից փորձեցինք ճշտել կալանավորների ազատ արձակման մանրամասները, սակայն նա նշեց, որ այս պահին կառույցը չի աշխատում, եւ տեղեկություններ հայտնել հնարավոր չէ։
Արցախի ՆԳՆ ոստիկանության լրատվության ծառայության պետ Հունան Թադեւոսյանն էլ ասաց՝ ղեկավարության հետ կապ հաստատել առայժմ չի կարողանում, ավելի ուշ տեղեկություններ կտրամադրի։
Թե իրավական ինչ ընթացակարգով են անձինք ազատ արձակվել, եւ ինչ լուծում է ստանալու նրանց վերաբերյալ քրեական վարույթների հետագա ընթացքը, առայժմ ՀՀ որեւէ պետական կառույց չի մեկնաբանել։ Նրանք կալանավորվել կամ ազատազրկման են դատապարտվել Արցախի օրենսդրությանը համապատասխան, ուստի Հայաստանում այդ գործընթացի շարունակականությունն ապահովելու իրավական խնդիր է առաջանում։ Այս թեմային կանդրադառնանք առաջիկա հրապարակումներով։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)