Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել
 |factor.am|
17:51 - 16 հոկտեմբերի, 2023

Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել |factor.am|

factor.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով սեպտեմբերի 19-ից մեկնարկած բողոքի գործողությունների ժամանակ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում ավելին, պնդում է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել։ Քոչարյանն անազատության մեջ է սեպտեմբերի 22-ից։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, Քոչարյանին մեկ ամսով կալանավորել է, և հոկտեմբերի 22-ին լրանում է կալանքի մեկամսյա ժամկետը։ Ենթադրվում է, որ նրա կալանքի ժամկետը երկարացնելու գործը կմակագրվի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրի դատավորներից մեկին, քանի որ court.am-ում առկա ժամանակացույցի համաձայն՝ հոկտեմբերի 16-ից հերթապահ դատարանը, որը պետք է քննի դատական երաշխիքների, այդ թվում՝ կալանավորման վերաբերյալ վարույթները, Կենտրոնի նստավայրն է։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները նրան 1 ամսով կալանավորելու որոշման դեմ բողոք են տարել Վերաքննիչ դատարան, որը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին։ Վերջինս այս բողոքի գործով որոշումը պետք է հրապարակ հոկտեմբերի 19-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել