Ծառայողական մեքենաներ Արցախից բերվել են. դրանք այս պահին տնօրինում են արցախցի պաշտոնյաները
20:45 - 16 հոկտեմբերի, 2023

Ծառայողական մեքենաներ Արցախից բերվել են. դրանք այս պահին տնօրինում են արցախցի պաշտոնյաները

Արցախի գերատեսչություններին սպասարկած ծառայողական մեքենաներ բերվել են Հայաստան․ դրանց մի մասը կայանված է Արցախի ներկայացուցչությունում, իսկ մյուս մասը շարունակում է սպասարկել արցախցի պաշտոնյաներին։ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն, սակայն, «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան այսօր հայտնել է, որ որևէ տեղեկություն չունի Արցախի ծառայողական մեքենաների, ինչպես նաեւ գերատեսչությունների հաշվեկշիռներում ներառված այլ գույքի մասին։

Օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հերքել էր տարածվող այն լուրերը, թե ծառայողական մեքենաները սեփականաշնորհվել են ֆիզիկական անձանց կողմից, սակայն չէր մանրամասնել, թե որտեղ են ավտոմեքենաները կամ ովքեր են տնօրինում դրանք։ 

Քանի որ պատասխանատու մարմինները դեռեւս ոչինչ չեն հայտնում Արցախի պետական գույքի մասին, «Ինֆոքոմը» փորձեց տեղեկություններ ստանալ հենց պետական մարմինների աշխատակազմերից։ 

Արցախի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար Շավարշ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ Պետգույքի կառավարման կոմիտեին արդեն ներկայացրել է Հայաստան բերված եւ նախարարության հաշվեկշռում եղած մեքենաների մակնիշի, համարանիշերի, եւ դրանք օգտագործող անձանց մասին տվյալներ։

Ըստ Սարգսյանի՝ Արցախի ԿԳՄՍՆ հաշվեկշռում 5 մեքենա է եղել. 2-ը՝ Hyundai H-1, 2-ը՝ Hyundai Tucson, 1-ը՝ LADA Niva մակնիշի մեքենաներ: Դրանցից չորսն են, սակայն, այժմ գտնվում Հայաստանում. Hyundai H-1-ներից մեկը, ըստ աշխատակազմի ղեկավարի,անսարք է եղել եւ չի տեղափոխվել։ Մեքենաներից 2-ը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում են եւ չեն օգտագործվում, 2-ը՝ նախարարության աշխատակիցների մոտ են եւ սպասարկում են նախարարին ու փոխնախարարին։

Արցախի Առողջապահության նախարարության ծառայողական մեքենաները, ըստ նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի, 2-ն են եղել. մեկը սպասարկել է նախարարին, մյուսը՝ աշխատակազմին։ Նախարարը շարունակում է օգտագործել իր մեքենան, իսկ ինքը՝ Առաքելյանը, վարում է մյուս մեքենան։ Նա, ինչպես եւ Շավարշ Սարգսյանը, նշեց, որ սպասում են Հայաստան բերված պետական գույքի վերաբերյալ մեկ միասնական որոշմանը․ «Որտեղ ասեն, էնտեղ էլ հաշվառելու ենք։ Առայժմ օգտագործում ենք, մինչեւ որոշում կայացվի»,- նշեց Առաքելյանը։ Նրա խոսքով՝ Արցախի առողջապահության նախարությունն այլ գույք կամ տեխնիկա չի տեղափոխել Հայաստան, այդ թվում՝ բժշկական սարքավորումներ։

2 ծառայողական մեքենա է ունեցել նաեւ Արցախի Արտաքին գործերի նախարարությունը։ Դրանք եւս այժմ Հայաստանում են, ժամանակավորապես գտնվում են Արցախի ներկայացուցչությունում։ Արցախի ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը մեր զրույցում նշեց, որ նախարարությունից այլ գույք չի բերվել Հայաստան, իսկ մեքենաների վերաբերյալ ինչ որոշում կայացվի, այն էլ կիրականացվի։

Արցախի Արդարադատության նախարարության հաշվեկշռում համեմատաբար ավելի շատ մեքենա է եղել։ Նախարար Սրբուհի Արզումանյանն «Ինֆոքոմին» հայտնեց, որ դրանց հիմնական մասը բերվել է Հայաստան։ Մասնավորապես, դուրս են բերվել նախարարության աշխատակազմին, այդ թվում՝ նախարարին սպասարկող 2 մեքենաները, մոտ 5 տրանսպորտային միջոց էլ եղել է ԴԱՀԿ-ի տնօրինման տակ։ Արզումանյանի փոխանցմամբ՝ մեքենաների մի մասը սարքին չի եղել։ Նախարարը, սակայն, չհստակեցրեց, թե այդ 5 մեքենաներից քանիսն է այժմ գտնվում Հայաստանում․ «Լիազոր մարմինները կասեն՝ ինչ է լինելու, եւ երբ ընդհանուր լուծում լինի, ըստ այդմ կգործենք»,- եզրափակեց Սրբուհի Արզումանյանը։

«Ինֆոքոմը» շարունակում է հետեւել Արցախի պետական գույքի տնօրինման վերաբերյալ որոշումներին։ 

Լուսանկարի աղբյուրը՝ radiovan.fm

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել