ՀՀ կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը
12:35 - 19 հոկտեմբերի, 2023

ՀՀ կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 19-ին կայացած նիստի ընթացքում քննարկեց և ընդունեց ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից։ 

Այն ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ակադեմիական քաղաքի ստեղծումը՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայրի ապահովման եղանակ, նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030թ․ զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով։

Ակադեմիական քաղաքի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է բուհական կրթության մեջ հետազոտական բաղադրիչի ավելացման նպատակից, ինչի օգնությամբ կապահովվեն գիտելիքի և հմտությունների ձեռքբերումն ու ամրապնդումը կիրառության մեջ և իրական համատեքստում:  Ակադեմիական քաղաքը նաև երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը, ինչպես նաև հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին։

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները (բաղադրիչները), ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում՝ ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ, ըստ էության, թևակոխում են Ակադեմիական քաղաքի ստեղծման գործնական փուլ՝ նշելով, որ առաջիկայում պայմանագիր կստորագրվի ճարտարապետական ընկերության հետ, որը Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի հետ համատեղ կսկսի նախագծման աշխատանքները։

«Նաև մենք հույս ունենք, որ բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները կսկսեն իրար հետ քննարկումներ անել, որովհետև այս պատմությունը սկսվել է նաև այն արձանագրումից և շեշտադրումից, որ բարձրագույն կրթությունը և գիտությունը և հետազոտական հատվածը պետք  է հնարավորինս ինտեգրվեն այնպես, ինչպես հիմնականում ընդունված է ժամանակակից կրթական համակարգում։ Եվ իհարկե, ակադեմիական քաղաքը պետք է լինի ոչ միայն ուղղակի համալսարանների և ուսանողների հավաքատեղի, այլև պետք է իր ճարտարապետական, քաղաքաշինական լուծումներով նաև նոր խոսք բերի իր հետ և նաև ինտելեկտուալ ժամանցի հաճելի վայր դառնա ՀՀ բնակիչների և իհարկե օտարերկրյա զբոսաշրջիկների և այցելուների համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ընդգծեց, որ բոլոր կլաստերներում նախատեսվում է նաև ավագ դպրոցների առկայություն, և սա ապահովելու է նաև կրթության շարունակականությունը։

«Բովանդակային բարեփոխումների շրջանակներում արդեն իսկ բավական աշխատանք արված է։ Նոյեմբերի սկզբին արվեստների ուղղությամբ աշխատանքային խումբը կայցելի Լոնդոնի արվեստների համալսարան կոնցեպտի մշակման վերջնականացման ուղղությամբ։ Ընտրել ենք մոտեցում, որ յուրաքանչյուր կլաստերի համար ունենանք միջազգային փորձառու գործընկեր։ Տեխնոլոգիական ուղղությամբ ունենք պայմանավորվածություն Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետ, որն օգնելու է կոնցեպտուալ մոտեցումներին։ Կրթական ուղղությամբ աշխատում ենք UCL-ի (Լոնդոնի համալսարանական քոլեջ)՝ կրթության ոլորտում շատ հեղինակավոր համալսարանի հետ։ Կարծում ենք, որ այս միջազգային փորձառությունն էլ պետք է բերի ավելի ճիշտ աշխատանքների»,- հայտնեց նախարարը։

Նա նաև նշեց, որ երկրաբանական անհրաժեշտ տվյալների շուրջ 95%-ը արդեն հավաքագրված է, նախատեսվում է այդ աշխատանքն ավարտել մինչև նոյեմբերի սկիզբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել