«ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք»․ Շահրամանյանը դուրս եկավ բողոքի ակցիա իրականացնող արցախցիների մոտ
11:56 - 20 հոկտեմբերի, 2023

«ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք»․ Շահրամանյանը դուրս եկավ բողոքի ակցիա իրականացնող արցախցիների մոտ

Արցախից բռնի տեղահանված տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց։ Պատճառը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրն է, որը հրապարակվել է երեկ։

Հրամանագրում նշվում է, որ հաշվի առնելով սեպտեմբերի 20-ից հետո Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողները համարվում են ազատված զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ. Արցախի Նախագահի, աշխատակազմի ղեկավարի, ԱԽ քարտուղարի, Արցախի պատգամավորների և այլք, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով (առանց վարձատրության):

Իրադրությունը լարված էր Արցախի ներկայացուցչության առջև։ Արցախցիներին հաջողվեց անցնել ոստիկաններին ու մուտք գործել շենք, որտեղ ցանկանում էին հանդիպել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Սակայն այդ հանդիպումը չկայացավ, և Արցախի ներկայացուցչության դիմաց քաղաքացիների հետ զրուցելու դուրս եկավ Սամվել Շահրամանյանը՝ նշելով, որ չի կարող ԶԼՄ-ների առաջ խոսել, քանի որ ինչ որ պետք է ասի, շատ մեծ վտանգներ է պարունակում։ 

«Մենք բոլորս էլ շատ դժվար վիճակում ենք, ծայրահեղ ծանր վիճակում ենք։ Ինչը էստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում իրավիճակը։ Մեր թշնամին մեկն է, և ես իմ արած բոլոր քայլերի համար պատասխանատու եմ ձեր բոլորի և ձեր ընտանիքների համար։ Իմ կայացրած որոշումների համար եմ ես պատասխանատու։ Մեզ ևս մի հայրենիք ունենք, ՀՀ-ն, և ՀՀ-ի ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք։ Ես պատրաստ եմ, բոլորիդ հետ հանդիպեմ, քննարկեմ»,- ասաց նա։

Արցախի նախագահի խոսքը հաճախակի ընդհատվում էր քաղաքացիների մեկնաբանությունների պատճառով։ Նրանցից մեկը ասաց, որ ՀՀ իշխանությունը չի վստահում Շահրամանյանին, դրա համար հանդիպումներ չեն լինում, ինչին արձագանքելով՝ վերջինս նշեց, որ դա քաղաքացու կարծիքն է, որ չեն վստահում։

Շահրամանյանն առաջարկում էր այս պահին 20 հոգու հետ հանդիպում ունենա, մյուս շաբաթ էլ ավելի մեծ թվով մարդկանց մասնակցությամբ հանդիպում լինի։ Դեռևս համաձայնության չեն հասել հանդիպման մասով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել