«Հաղթանակ» զբոսայգում պայթյունի գործով քրվարույթ է նախաձեռնվել. Տուժածներից մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
12:44 - 23 հոկտեմբերի, 2023

«Հաղթանակ» զբոսայգում պայթյունի գործով քրվարույթ է նախաձեռնվել. Տուժածներից մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

«Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարանում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) հատկանիշներով։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ քննչական կոմիտեից:

«Կատարվում է քննություն՝ պարզելու պայթյունի առաջացման պատճառները։ Քննության առարկա են հնարավոր բոլոր վարկածները։ Նշանակված են համապատասխան փորձաքննություններ։ Պայթյունից այս պահի դրությամբ, տուժածների թիվը 3-ն է։ Նրանցից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, մեկը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժնում»,-ասված է պատասխանում:

 

Հիշեցնենք, որ ՆԳՆ հայտնել էր, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 2/6 հասցեում տեղի էր ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Քանդվել էին սանհանգույցի և խոհանոցի կախովի առաստաղը՝ 8 քմ, շինության ետնամասի արտաքին պատը՝ 4 քմ: Տուժածներ Ա․ Ս․-ն (ծնված 1974 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 2000 թ.) և Ս․-ն հոսպիտալացվել էին բժշկական կենտրոններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել