«Յուքոմ»-ի բաժնետոմսերը գրավադրվել են
 |civilnet.am|
16:28 - 24 հոկտեմբերի, 2023

«Յուքոմ»-ի բաժնետոմսերը գրավադրվել են |civilnet.am|

civilnet.am:  Հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմ»-ի բաժնետոմսերի մոտ 78 տոկոսը կգրավադրվի «Արդշինբանկ»-ում։ «Յուքոմ»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բաժնետոմսերի գրավադրմանը համաձայնություն տալու համար, հանձնաժողովն էլ համաձայնություն է տվել գործարքին։ Այս տարվա օգոստոսի 31-ին, սակայն, ՀԾԿՀ-ն նույն գործարքի կատարումը մերժել էր, քանի որ դրան դեմ էր արտահայտվել Ազգային անվտանգության ծառայությունը։

Շուրջ 2 ամիս անց, այնուամենայնիվ, ՀԾԿՀ-ն գործարքին համաձայնություն է տվել։ Դրանով կգրավադրվեն «Յուքոմ»-ի բաժնետոմսերի մոտ 78 տոկոսը։ Դրանից ավելի քան 29 տոկոսը պատկանում է «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, որի սեփականատերը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքն է։ Գրավադրվել են նաև Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն Խաչատրյանին պատկանող 11,9 տոկոս, Արտյոմ Խաչատրյանին պատկանող 11,9 տոկոս, Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին պատկանող 24 տոկոսի բաժնետոմսերը։ Սա որպես ապահովության միջոց է՝ «Արդշինբանկ»-ից վարկ ներգրավելու համար։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու ԱԱԾ-ն գործարքի հարցում առարկություններ չեն ներկայացրել։ «Սիվիլնեթ»-ի հարցին, թե ինչու՞ է օգոստոսին մերժված գործարքը հավանության արժանանում հոկտեմբերին, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց՝ նախորդ անգամ բացասական եզրակացությունը եղել էր ԱԱԾ կողմից, իսկ հիմա «որոշման պայմանները փոխվել են, փոխվել է նաև ներգրաված գումարի չափը»։

Չնշելով ներգրավվելիք վարկի չափը՝ Բաղրամյանը տեղեկացրեց, որ վարկային միջոցներն ուղղվելու են ընկերության վերաֆինանսավորմանը. «Ամենագլխավոր նպատակը եղել է թեթևացնել ընկերության հիմնական ֆինանսական բեռը՝ վերցրած վարկերի մարում և այլն։ Կային նաև այլ նպատակներ»,- փոխանցեց Բաղրամյանը։

«Յուքոմ»-ը Հայաստանում ֆիքսված ինտերնետի մատուցման առաջատարն է, ունի սեփական օպտիկամանրաթելային ցանց։ Ընկերությունն ունի շուրջ 1 400 աշխատակիցներ։ «Յուքոմ»-ի ֆիքսված և շարժական կապի ծառայություններից օգտվում է ավելի քան 700 000 բաժանորդ։ Այս տարվա մարտին «Յուքոմ»-ի գլխավոր տնօրեն դարձավ «ՄՏՍ-Հայաստան»-ի երկարամյա նախկին տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել