Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր սկսվեց Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի գործով ապացույցների հետազոտումը։
Նիստի սկզբում հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը դռնփակ քննություն իրականացնելու միջնորդություն ներկայացրեց․ «Փակ ծրարով դատարան ներկայացված փաստաթղթերը ներառում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, ուստի միջնորդում եմ, որ այդ փաստաղթերը հետազոտվեն դռնփակ ռեժիմով»,– դիմելով դատարանին՝ ասաց նա։
Հիշեցնենք՝ խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում, սակայն ըստ մեղադրողի՝ իրենց գաղտնիությամբ պայմանավորված քրեական գործի նյութերի հետ դատարան չեն ուղարկվել, եւ դատարանը մեղադրողից պահանջել է Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից ստանալ դրանք։ Նախորդ դատական նիստին 16 փաստաթուղթ փակ ծրարով բերվել էր դատարան, սակայն պաշտպանական կողմը հայտարարել էր, որ նախաքննության ժամանակ իրենց լիարժեք հնարավորություն չի տրվել՝ դրանց ծանոթանալու։
Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը
Այսօրվա նիստին դիրքորոշում հայտնելով՝ Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանն ասաց, որ ինքը դեմ է թե՛ ապացույցների հետազոտությունը, թե՛ ընդհանրապես, դատաքննությունը դռնփակ անելուն․ «Քրեական գործի նյութերում կան էլի փաստաթղթեր, որոնք գաղտնի են, նորմատիվ իրավական ակտեր են՝ գաղտնի գրիֆով, հիմա եթե այդ ապացույցը գաղտնի ենք հետազոտում, վկաների ցուցմունքներում հղումներ կան այդ փաստաթղթերին, վկաներին հարցեր են տրվելու այդ փաստաթղթերի վերաբերյալ, այսինքն՝ ամբողջ դատաքննության ապացույցների հետազոտման փուլը պետք է գաղտնի իրականացվի»։
Այնուհանդերձ, նա ընդգծեց՝ գործը ուղարկել է դատարան ոչ գաղտնի գրիֆով, իսկ նման պրակտիկա կա․ վարույթ իրականացնող մարմինները գործին գաղտնի գրիֆ են տալիս, եւ բոլոր փաստաթղթերը համարվում են գաղտնի․ «Գործը առանց գաղտնի գրիֆի ուղարկվել է դատարան, դատարանում այդ գործին ծանոթանալու հնարավորություն ունեցել են դատավորը, դատավորի օգնականը, քարտուղարը, ցանկացած անձ, որ կարող էր դա բացել, այսինքն՝ մենք այդ գաղտնիությունը ի սկզբանե չենք էլ պահել, պետությունն էլ շահագրգռված չի եղել, հիմա ասենք, որ այդ նորմատիվ իրավական ակտերը ուղղակի գաղտնի են, ոչ մեկը չպիտի մասնակցի դրանց քննությանը, երկակի մոտեցում է»,– նշեց նա՝ վերջնական որոշումը թողնելով դատարանի հայեցողությանը։
Սեւակ Աբրահամյանն էլ հայտարարեց՝ իրենք պահելու ոչինչ չունեն, եւ ուզում են, որ հնարավորության սահմաններում ամեն ինչ բաց լինի․ «Թող բոլորը իմանան՝ ինչ է եղել, ինչ չի եղել, որովհետեւ նենց հարցեր կան, որ․․․ Մարդու պատիվը սարքել են եսիմինչ, ինչեր ասել, հորինել են, ինչեր ասես, պառակտել են, մենք ոչ մի ձեւ չենք արձագանքել ո՛չ ֆեյսբուքներում, ո՛չ լրատվականներին, որ չասեն՝ խոչընդոտում ենք՝ հույս ունենալով, որ հանրությունն իրականությունը կիմանա դատավարությունում»,– նշեց նա։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը
Լսելով կողմերին՝ դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշեց բավարարել մեղադրողի միջնորդությունը եւ այսօրվա դատական նիստն անցկացնել դռնփակ՝ հաշվի առնելով, որ հետազոտման ենթակա ապացույցներում առկա են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ։
Սեւակ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով, «Մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ» եւ «Մարտական կանոնադրությամբ» սահմանված՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։
Սեպտեմբերի 27-ին հարձակում գործելով՝ հակառակորդը հնարավորություն է ունեցել ժամերի ընթացքում ճեղքել պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք դիտակետերի պաշտպանությունը եւ մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի հետաւքնով հոկտեմբերի 2-ին Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Սեւակ Աբրահամյանը 1 տարուց ավելի է՝ կալանավորված է։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)