Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ
14:50 - 30 հոկտեմբերի, 2023

Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ

Հոկտեմբերի 28-ին Մալթայում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը: Այդ մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահականին։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։ Այս առումով նշվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպման կարևորությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։

Անդրեյ Էրմակը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում կայացած Առաջին տիկնանց և պարոնների գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի մասնակցության և ուկրաինացի դպրոցականների համար մարդասիրական օգնություն տրամադրելու համար․ «Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, մասնավորապես, եվրաինտեգրման հարցերում»։

«Կողմերը շնորհավորել են միմյանց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի կազմում Հայաստանի և Ուկրաինայի ընտրվելու կապակցությամբ և քննարկել են երկու երկրների փոխգործակցությունը այդ կազմակերպության շրջանակներում և ընդհանուր՝ էներգետիկայի ոլորտում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Մալթա էր մեկնել հոկտեմբերի 27-ին՝ Մալթայի Արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իան Բորգի հրավերով և մասնակցել է «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել