Ինչպե՞ս կընտրվեն ԿԿՀ նոր անդամները․ ընտրության կարգն ու քաղաքական մեծամասնության ազդեցությունը 
11:28 - 31 հոկտեմբերի, 2023

Ինչպե՞ս կընտրվեն ԿԿՀ նոր անդամները․ ընտրության կարգն ու քաղաքական մեծամասնության ազդեցությունը 

2023 թ․ նոյեմբերի 19-ին լրանում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (Հանձնաժողով) նախագահ Հայկուհի Հարությունյանի և Հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետները, և առաջիկայում պետք է ընտրվեն Հանձնաժողովի նոր անդամներ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն ինստիտուցիոնալ դերակատարներից է։ Հանձնաժողովն է հետևում բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների, շահերի բախման կարգավորումների պահպանմանը, կանոնակարգում հայտարարագրման գործընթացը, ստուգում ներկայացված հայտարարագրերը, մասնակցում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակմանը։ 

Հանձնաժողովը նաև եզրակացություն է տալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների, դատախազի թեկնածուների,  Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ։

2020-ից Հանձնաժողովը հնարավորություն ստացավ հայտարարագրերի վերլուծության ընթացքում նաև բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու։

2022-ից Հանձնաժողովի գործառույթներից է նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններում առկա տեղեկությունների և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը։

Հանձնաժողովի գործառույթների նման լայն շրջանակի առկայության պարագայում չափազանց մեծ նշանակություն է ստանում հարցը, թե ովքեր և ինչպես կարող են դառնալ Հանձնաժողովի անդամ։

 

Հանձնաժողովի անդամի ընտրության կարգի փոփոխությունները

Վերջին 4 տարում Հանձնաժողովի անդամների ընտրության կարգը 2 անգամ փոփոխվել է։ 

2017 թվականին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով սահմանվում էր, որ Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է Մրցութային խորհուրդ (Խորհուրդ), որը պետք է կազմված լինի Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հանրային խորհրդի, Փաստաբանների պալատի և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների (կոնսենսուսով) նշանակված մեկական անդամներից։

Ձևավորված Խորհուրդը կազմակերպելու և անցկացնելու էր Հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության մրցույթ։ Մրցույթը պետք է անցկացվեր երեք փուլով․ առաջինը՝ փաստաթղթային ստուգման, երկրորդը՝ թեստավորման, իսկ երրորդը հարցազրույցի փուլն էր։

Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո Խորհուրդը մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը պետք է ներկայացներ Ազգային ժողովի նախագահին, որից հետո Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ պետք է ընտրեր կամ չընտրեր թեկնածուներին։

2018 թ. իշխանափոխությունից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացը կաթվածահար եղավ։ Չնայած նրան, որ 2018 թ․ կար ձևավորված Մրցութային խորհուրդ, այնուամենայնիվ Հանձնաժողովի ձևավորման գործընթացն այդպես էլ առաջ չգնաց։ 

Արդյունքում Հանձնաժովի անդամ ընտրելու կարգը հիմնարար փոփոխության ենթարկվեց։ 2019-ի աշնանը Ազգային ժողովն ընդունեց Արարատ Միրզոյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով փոփոխվում էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը։ Այս փոփոխությամբ վերացվում էր Մրցութային խորհրդի միջոցով Հանձնաժողովի անդամի թեկնածուների ընտրության մրցութային կարգը, և Հանձնաժողովի անդամի պաշտոնի թեկնածուի ուղիղ առաջադրման հնարավորություն էր տրվում Կառավարությանը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից յուրաքանչյուրին և ԲԴԽ-ին։ 

Ընդ որում, այս փոփոխությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների համար սահմանվում էր պաշտոնավարման 3 տարբեր ժամկետ․ Կառավարության և Ազգային ժողովի կառավարող խմբակցության առաջադրած թեկնածուները նշանակվում էին 6 տարի ժամկետով, ընդդիմադիր խմբակցությունների առաջադրածները՝ 4 տարի ժամկետով, իսկ Բարձրագույն դատական խորհրդինը՝ 3 տարի ժամկետով։

Այս կարգով 2019-ի նոյեմբերին Ազգային ժողովը Հանձնաժողովի անդամ ընտրեց Կառավարության կողմից առաջադրված Լիլիթ Ալեքսանյանին (6 տարի ժամկետով), «Իմ քայլը» խմբակցության կողմից՝ Էդգար Շաթիրյանին (6 տարի), «Բարգավաճ Հայաստանի» կողմից՝ Նարեկ Համբարձումյանին (4 տարի), «Լուսավոր Հայաստանի» կողմից՝ Հայկուհի Հարությունյանին (4 տարի), Բարձրագույն դատական խորհրդի կողմից՝ Արամայիս Փաշինյանին (3 տարի)։

«Լուսավոր Հայաստանի» առաջադրած Հայկուհի Հարությունյանը նորաստեղծ Հանձնաժողովի առաջին նիստում ընտրվեց Հանձնաժողովի նախագահ, իսկ «Իմ քայլը» խմբակցության առաջադրած Էդգար Շաթիրյանը նույն օրը հրաժարվեց հանձնաժողովի անդամի պաշտոնից։

Հանձնաժողովի ձևավորումից ընդամենը 4 ամիս անց Կառավարությունը Ազգային ժողով բերեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծ, որն էլ 2020 թ․ մարտի 25-ին ընդունվեց Ազգային ժողովի կողմից։

Այս նախագծով, կարելի է ասել, վերադարձ էր կատարվում 2017 թվականին ընդունված օրենքով սահմանված՝ Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության կարգին։ Մասնավորապես, նշվում էր, որ Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ։

Այս դեպքում, սակայն, մասնակի փոփոխվել էր Խորհրդի անդամներին նշանակող կառույցների ցանկը։ Ինչպես 2017 թ․ կարգավորմամբ էր, Խորհրդի անդամի թեկնածուներ կարող էին առաջադրել Մարդու իրավունքների պաշտպանը և Փաստաբանների պալատը, իսկ Սահմանադրական դատարանի նախագահի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների (կոնսենսուսով) և Հանրային խորհրդի փոխարեն Խորհրդի անդամի թեկնածուների առաջադրման լիազորություն էր տրվում Բարձրագույն դատական խորհրդին, Ազգային ժողովին (բոլոր խմբակցությունների կոնսենսուսով) և Կառավարությանը։

Ստացվում է, որ եթե խորհրդարանական կառավարման պայմաններում կառավարող ուժը և նրա ձևավորած կառավարությունը 2017 թ․ կարգավորմամբ որևէ կերպ չէին մասնակցում Խորհրդի ձևավորմանը, ապա հիմա Խորհրդի մեկ անդամի նշանակում է Կառավարությունը, իսկ կառավարող ուժը հնարավորություն ունի ազդելու Ազգային ժողովի կողմից մեկ այլ անդամի նշանակման գործընթացի վրա։

 

Մրցութային խորհուրդների ձևավորումն ու Հանձնաժողովի անդամի ընտրությունները

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում 2020 թ․ կատարված փոփոխությունից ավելի քան 1 տարի անց՝ 2021 թ․ փետրվարի 19-ին, ձևավորվեց Մրցութային խորհուրդը, որում Կառավարությունը նշանակել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանին, Ազգային Ժողովը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին, ԲԴԽ-ն՝ Արմեն Հարությունյանին, ՄԻՊ-ը՝ Միքայել Խաչատրյանին, Փաստաբանների պալատը՝ Իրինա Փիլոյանին։ Այս Խորհուրդը իր կողմից անցկացված մրցույթի հիման վրա 2021-ի մայիսի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրեց Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը: Վերջինս, սակայն, Ազգային ժողովի՝ հունիսի 4-ի փակ գաղտնի քվեարկությամբ չընտրվեց Հանձնաժողովի անդամ:

Եվս մեկ մրցույթի անցկացման արդյունքում 2021 թ․ սեպտեմբերին Խորհուրդը Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջաջադեց Մարիամ Գալստյանին։ Վերջինս Ազգային Ժողովի կողմից ընտրվեց Հանձնաժողովի անդամ։

2022 թ․ նոյեմբերի 19-ին լրացավ Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի պաշտոնավարման ժամկետը։ Քանի որ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվում է նոր Խորհուրդ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթը կազմակերպվում է Հանձնաժողովի մեկից ավելի անդամների պաշտոններում թեկնածուներ ընտրելու նպատակով, 2022 թ․ դեկտեմբերի 20-ին ձևավորվեց նոր Խորհուրդ։

Խորհրդի կազմում Կառավարությունը նշանակել էր Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին, Ազգային Ժողովը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին, ԲԴԽ-ն՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանին, ՄԻՊ-ը՝ ՄԻՊ խորհրդական Ազգանուշ Թոթոլյանին, իսկ Փաստաբանների պալատը՝ Պալատի խորհրդի անդամ Մանե Կարապետյանին։

Խորհուրդը 2023 թ․ մարտի 23-ին մրցույթի հաղթող ճանաչեց Արամայիս Փաշինյանին։ Ապրիլի 12-ին Ազգային ժողովը վերջինիս կրկին ընտրեց Հանձնաժողովի անդամ։

2023 թ․ նոյեմբերի 19-ին լրանում են Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և Հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետները։ 

Քանի որ նույն անձը անընդմեջ կարող է մինչև երկու անգամ նշանակվել Հանձնաժողովի անդամ, նրանք ևս կարող են մասնակցել Հանձնաժողովի անդամի թեկնածուի մրցույթին։

Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը, ի թիվս այլ անհրաժեշտ փաստաթղթերի, ներկայացնում է նաև բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ, որում ներկայացված տվյալները ստուգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Այսինքն, կարող է լինել մի իրավիճակ, որ Հանձնաժողովը ստուգի մրցույթին մասնակցող իր ներկա կամ նախկին անդամների հարցաթերթիկները։

Ազգային Ժողովի նախագահի կարգադրությամբ 2023 թ․ սեպտեմբերի 8-ին արդեն ձևավորվել է Մրցութային խորհուրդ։ 

 

Ովքե՞ր են այժմյան մրցութային խորհրդում

Ձևավորված նոր Խորհրդում Կառավարությունը կրկին առաջադրել է Վարչապետի աշխատակազի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին։ Վերջինս շուրջ 15 տարի պաշտոնավարել է Պետեկամուտների կոմիտեի համակարգում։ 2019-2021-ին եղել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական։ Այդ ժամանակահատվածում նա հիմնականում աշխատել է Արայիկ Հարությունյանի հետ։ 2021-ին, երբ Հարությունյանը դարձավ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հովսեփյանը նշանակվեց նրա տեղակալ։ 

Ազգային ժողովը  Խորհրդում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին։ Նա 2005-2013 թթ. եղել է ՀՊՃՀ, 2007-2009 թթ.՝ Տնտեսագիտության և իրավագիտության համալսարանի դասախոս, 2014-2018 թթ. աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ մի շարք ծրագրերում, 2015-2018 թթ. եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ մի շարք ծրագրերի իրավաբան։

Ջուլհակյանը 2019-ից ԱԺ կառավարող խմբակցության անդամ է, իսկ դրանից առաջ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր։ 

Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Արմինե Թումասյանին։ Թումասյանը ներկայումս Դատական դեպարամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետի պաշտոնակատարն է։ Դրանից առաջ նա եղել է Դատական դեպարտամենտի՝ Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստերի նախապատրաստ­ման և որոշումների նախագծերի մշակման բաժնի պետ։ 

Մարդու իրավունքների պաշտպանը առաջադրել է ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանին։ 2016-ի հոկտեմբերից մինչև 2019-ի ապրիլը Փիրումյանը եղել է ՄԻՊ խորհրդական։ Դրանից հետո եղել է Սահմանադրական դատարանում ՄԻՊ-ի ներկայացուցիչ և Պաշտպանի աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար, նաև աշխատել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմում։ 2015 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում և Արդարադատության ակադեմիայում։ Փիրումյանը ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար է այս տարվա մայիսից։ 

Փաստաբանների պալատն էլ առաջադրել է պալատի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանին։ Վերջինս այդ պաշտոնին է  2021-ից։ 

 

Որոշողը, այնուամենայնիվ, քաղաքական մեծամասնությունն է

Ինչպես և նախորդ երկու Խորհուրդների դեպքում, այս դեպքում ևս Ազգային ժողովն առաջադրել է իշխող խմբակցության պատգամավորի։ Եվս մեկ անդամի առաջադրել է կառավարող ուժի ձևավորած Կառավարությունը։ Ստացվում է, որ անկախ Խորհրդի ձևավորմանը մասնակցող այլ մարմինների առաջադրած՝ Խորհրդի անդամների վրա ազդեցության առկայությունից կամ բացակայությունից՝ Խորհրդի այս երկու անդամները անմիջականորեն կրում են կառավարող քաղաքական ուժի ազդեցությունը։

Բացի այդ, չնայած Մրցութային  խորհրդի գոյությանը, Հանձնաժողովի անդամի ընտրությունն ունի քաղաքական բաղադրիչ, և եթե կայացվի որոշում, քաղաքական մեծամասնությունը կարող է չընտրել թեկնածուին։ Նման նախադեպ արդեն եղել է․ ինչպես արդեն նշել ենք, 2021 թվականի մայիսին մրցութային խորհուրդը անցկացված մրցույթի հաղթող էր ճանաչել Տաթևիկ Բարսեղյանին, սակայն Ազգային ժողովը նրան չընտրեց հանձնաժողովի անդամ։ 

Հետևաբար, Խորհրդի կազմավորման, նրա միջոցով մրցութային եղանակով թեկնածուի առաջադրման ներկա կարգը չի նվազեցնում Հանձնաժողովի անդամ ընտրելու հարցում քաղաքական մեծամասնության հայեցողականությունը։ Ավելին՝ ձևավորման այս կարգով և լիազորությունների այս շրջանակով Խորհրդի առկայությունը որոշակիորեն կարող է նվազեցնել  քաղաքական ուժերի քաղաքական պատասխանատվությունը իրենց կողմից ընտրված Հանձնաժողովի անդամի գործողությունների համար ։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի կարծիքով, անկախ Հանձնաժողովի անդամի ընտրության մրցութային կարգից, քաղաքական մեծամասնությունը կրում է այդ ընտրության համար պատասխանատվություն։

«Միևնույն է, մեծամասնությունն է կրում պատասխանատվությունը, քանի որ թեկնածուի ընտրության ամենավերջում հենց ինքն է իր քվեարկությամբ ընտրում կամ մերժում Հանձաժողովի անդամի թեկնածուին։ Բացի սրանից՝ կառավարությունն ունի  հակակոռուպցիոն քաղաքականություն, և Հանձնաժողովն այդ քաղաքականության կատարող օղակ է, ու անկախ հանգամանքից՝ մրցութայինո՞վ է ընտրված Հանձնաժողովի անդամը, թե՞ քաղաքական ուժի կողմից, նա իրականացնելու է այդ պահի հակակոռուպցիոն ռազմավարությունը»,- նշում է Այվազյանը։ 

Վերջինիս համոզմամբ Հանձնաժողովի անդամի ընտրության մրցութային մեխանիզմը սկզբունքորեն ճիշտ ճանապարհ է․ այլ հարց է, թե որքանով է այս մեխանիզմը աշխատում։ 

«Օրինակ, մարդիկ կարող են չդիմել՝ ելնելով այն կարծրատիպից, որ ընտրվելու է այն մարդը, որին պաշտպանում է ՔՊ-ն, որը կապեր ունի ՔՊ-ի հետ։ Սա կանխարգելում է, որ իրական մրցույթ լինի։ Մրցութային եղանակի մեջ ես սխալ բան չեմ տեսնում․ միգուցե մրցույթը լավ չանցկացվի, լինեն բացթողումներ, բայց մրցույթը բերում է մրցակցություն, կարողունակությունների համեմատություն, ու այն, որ դա այսօր չի աշխատում, չի նշանակում, որ մրցութային կարգը սկզբունքորեն ճիշտ չէ»,- ասում է Սոնա Այվազյանը։ 

 

ԿԿՀ անդամին ներկայացվող պահանջները նվազեցվել են

2019 թվականին իրականացված փոփոխություններով նվազեցվել են նաև Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները։ 2017-ին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով Հանձնաժողովի անդամին ներկայացվում էին այն պահանջները, ինչ ԱԺ պատգամավորին։ Սա նշանակում է, որ Հանձնաժողովի անդամ կարող էին դառնալ 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում մշտապես ՀՀ-ում բնակվող, ընտրելու իրավունք ունեցող, հայերենին տիրապետող անձինք։ 

Բացի այդ՝ Հանձնաժողովի անդամը պետք է ունենար բարձրագույն կրթություն, առնվազն տասը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և ճանաչում:

2019-ին արված փոփոխություններով նախ դուրս է եկել Հանձնաժողովի անդամի՝ 25 տարին լրացած լինելու մասին պահանջը, ինչպես նաև վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու ու 4 տարի մշտապես ՀՀ-ում բնակվելու պահանջները։ Պահպանվել է ՀՀ քաղաքացի լինելու պահանջը։

Բացի այդ՝ 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի փոխարեն այժմ բավարար է ունենալ 5 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 3 տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):

2019-ի փոփոխություններով նաև սահմանվեց, որ Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է լինի բարձրագույն իրավաբանական կրթությամբ, իսկ մյուսը՝ բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ։ 

Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, 

  • որը դատապարտվել է հանցագործության կատարման համար՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, 
  • որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով,
  • որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, 
  • որն ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:

Նշված սահմանափակումները փոփոխության չեն ենթարկվել։

 

Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել