«Օրենքը պահանջում է, որ մեր նահատակների անունները հավերժացվեն, հստակ ծրագիր նախատեսեք»․ Արծվիկ Մինասյանի առաջարկը՝ վարչապետի աշխատակազմին

 |aravot.am|
11:43 - 01 նոյեմբերի, 2023

«Օրենքը պահանջում է, որ մեր նահատակների անունները հավերժացվեն, հստակ ծրագիր նախատեսեք»․ Արծվիկ Մինասյանի առաջարկը՝ վարչապետի աշխատակազմին |aravot.am|

aravot.am: «Մենք ունենք հայրենիքի պաշտպանության համար զոհված անձանց հիշատակի հավերժացման մասին օրենք, որտեղ բավական լուրջ պահանջներ կան սահմանված բոլոր գերատեսչությունների, առաջին հերթին կառավարության համար։ Եվ այստեղ նախատեսված է, որ հավերժացման հիշատակները բազմաթիվ ուղղություններով պետք է իրականացվեն»,- այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի ու պատերազմական գործողությունների հետեւանքով, ցավոք, ունենք զոհեր, որոնց վերաբերյալ առ այսօր դեռեւս չկա տեղեկատվություն։

«Բայց այս օրենքը պահանջում է նաեւ, որպեսզի մեր նահատակների անունները հավերժացվեն։ Նույնը վերաբերում է նաեւ Արցախի Հանրապետության դեմ հատկապես վերջին պատերազմի հետեւանքով զոհված մեր հայրենակիցներին։ Ես առաջարկում եմ, որ մինչեւ բյուջեի ամբողջական ներկայացումը, այս հարցը պարտադիր քննարկման առարկա դարձնեք եւ հստակ ծրագիր նախատեսեք այս ուղղությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը նշեց, որ հստակ չի կարող պատասխանել այս հարցին։ «Բայց քննարկումը կսկսենք»,- հավելեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել