Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գործընկերությունը ազդանշան է ՆԱՏՕ-ին․ դեսպան
 |civilnet.am|
17:38 - 02 նոյեմբերի, 2023

Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գործընկերությունը ազդանշան է ՆԱՏՕ-ին․ դեսպան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական ոլորտում գործընկերությունը տաբու է կոտրում և ազդանշան է ՆԱՏՕ-ին․ նոյեմբերի 2-ին ՍիվիլՆեթին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Հայաստանի ներկա իրավիճակում եզրահանգումներ ենք արել, և մեր կարծիքով՝ շատ անհրաժեշտ ոլորտում աջակցություն ցուցաբերելու միջոց գտել։ Պաշտպանական համագործակցությունը միայն ռազմատեխնիկան չէ։ Ես նույնիսկ հակված եմ մտածելու, որ պաշտպանական դոկտրինը, Զինված ուժերի վերապատրաստումը, մարտի դաշտին մոտեցման ձևերը, Զինված ուժերի արդիականացումը միջնաժամկետ հեռանկարում, հավանաբար, ավելի կարևոր են, քան զուտ տեխնիկան»,- հայտարարեց դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում այս համագործակցությունը Ֆրանսիայի առաջնահերթությունների ցանկի և իր՝ որպես դեսպանի համար առաջնահերթ է։

«Կարծում եմ՝ պաշտպանության նախարար պարոն Պապիկյանը միակ նախարարն է, որի հետ ամենաշատ հանդիպումներն եմ ունեցել այստեղ իմ պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Պաշտպանական համագործակցությունը ինքնիշխան որոշում է։ Այսպիսով, մենք այդ որոշմանը եկանք ինքնիշխան կերպով, ինչպես որ Հայաստանը, ընտրելով մեզ հետ համագործակցությունը, իրացրեց իր ինքնիշխան իրավունքը: Սա հետաքրքիր է նաև այն տեսանկյունից, որ կոտրում է տաբուն․ մենք ՆԱՏՕ-ի առաջին երկիրն ենք, որը Հայաստանի հետ բաց և հաստատակամ համագործակցություն ունի պաշտպանության ոլորտում։ Եվ դա ազդանշան է տարածաշրջանին, իհարկե, դա ազդանշան է նաև ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին: Եվ մենք հպարտանում ենք դրանով»,- նշեց Օլիվիե Դըկոտինյին։

Հարցին, թե որքանով է այս համագործակցությունը երկարաժամկետ, դեսպանը պատասխանեց, որ Ֆրանսիան ներդրումներ չէր անի վերապատրաստման, ռազմական ակադեմիաների միջև համագործակցության մեջ, եթե չունենար երկարաժամկետ հեռանկար։

«Մյուս կողմից, Հայաստանի պաշտպանական գործընկերությունը չի կարող հենվել միայն Ֆրանսիայի վրա։ Մենք գործընկեր ենք: Կարծում եմ՝ վստահելի գործընկեր ենք։ ՆԱՏՕ-ի երկրների թվում Հայաստանի համար առաջին գործընկերն ենք, բայց պաշտպանության ոլորտում կան նաև այլ գործընկերներ, և Հայաստանի կառավարությունն ակտիվորեն հետամուտ է այդ գործընկերության բազմազանեցմանը։ Մենք սատարում ենք դրան»,- նշեց դեսպանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս ռազմավարական դրությունը հաշվի առնելով՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և բազմաթիվ այլ երկրների կողմից կա մտահոգություն և աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Դեսպանը մեկնաբանեց նաև հարցը, թե ինչու է առանձնահատուկ կարևորություն տրվում Սյունիքին․ «Դե, նայեք քարտեզին։ Սյունիքն ու Վայոց ձորը Հայաստանի տարածքի ամենանեղ հատվածն են։ Եվ որքան ավելի նեղ՝ այնքան ամենախոցելին։ Իսկ Բաքվից հնչած որոշ հայտարարություններ, տեսակետներ մտահոգություն են առաջացրել մի շարք մայրաքաղաքներում և, մասնավորապես, Փարիզում»,- ասաց դիվանագետն ու հավելեց, որ Փարիզը մտահոգություններ ունի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ կապված և շատ զգոն է, երբ խոսքը վերաբերում է դրան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել