Ըստ ԿԲ-ի՝ Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարներն ապահով ակտիվներում են
17:13 - 03 նոյեմբերի, 2023

Ըստ ԿԲ-ի՝ Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարներն ապահով ակտիվներում են

2022 թվականին ՀՀ պետական բյուջեից Արցախին տրամադրվել է 176 մլրդ բյուջետային վարկ, 2023 թվականի հունվարից մինչեւ սեպտեմբերը ներառյալ` 143.3 մլրդ դրամ, վարկի տոկոսադրույքը եղել է 0.01%։ Այս տարվա 4-րդ եռամսյակում վարկի մնացորդը կազմում է 13.1 մլրդ դրամ: Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ֆինանսների նախարարությունից։ 

Այս տարվա 4-րդ եռամսյակում Արցախ չփոխանցված 13.1 մլրդ դրամը գտնվում է ՀՀ ՖՆ գանձապետական հաշվում: Ըստ նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը:

«Ինֆոքոմին» Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ հաղորդել էին, որ չեն ստացել կենսաթոշակները եւ նպաստները, եւ տեղյակ չեն, թե երբ եւ ինչ կարգով են ստանալու այդ գումարը։ Ուստի նախարարությունից հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ փուլում է թոշակառուների եւ նպաստառուների տվյալների եւ նրանց հատկացվող բյուջեի փոխադրումը Արցախի կառավարությունից Հայաստանի կառավարություն, եւ թե որքան է կազմում Արցախի կենսաթոշակային եւ նպաստային ֆոնդը։ Այս հարցին նախարարությունից չեն պատասխանել՝ նշելով, որ տեղեկությունը դեռեւս հստակեցման փուլում է:

Ֆինանսների նախարարությունն առաջարկել էր Կենտրոնական բանկից ճշտել, թե որքան գումար է կուտակվել Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգում եւ ինչպես է տնօրինվելու այդ գումարը։ ԿԲ-ից «Ինֆոքոմի» գրությանն ի պատասխան՝ տեղեկացրել են հետեւյալը․ «Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարները ներդրված են հայկական եւ օտարերկրյա ապահով ակտիվներում (պետական պարտատոմսեր եւ այլն), եւ ներկայումս դրանք շարունակվում են կառավարվել բնականոն եղանակով»:

Լուսանկարը՝ Infocom-ի, Վայքի ընդունման կետ, սեպտեմբերի 28

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել