«Կրթությունը բարձրացնել գիտական կազմակերպությունների հաշվին»․ Էկոկենտրոնի տնօրենը՝ «Ակադեմիական քաղաքի» մասին
19:27 - 07 նոյեմբերի, 2023

«Կրթությունը բարձրացնել գիտական կազմակերպությունների հաշվին»․ Էկոկենտրոնի տնօրենը՝ «Ակադեմիական քաղաքի» մասին

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։ 

Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։

Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միանալու իրար և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»: 

«Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։

Մեր առաջին հարցազրույցը Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն, աշխարհագրական գիտությունների թեկծանու Լիլիթ Սահակյանի հետ է։

 

Կրթություն-գիտություն համագործացկության խնդիրներ

Վերջին շրջանի իր հարցազրույցներում, խոսելով Ակադեմիական քաղաքի նպատակներից և բուհերի ու ինստիտուտների միավորումից, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահն առանձնացրել է երկու հիմնական խնդիր՝

  • գիտական ինստիտուտների՝ երիտասարդ կադրերով համալրում,
  • որակյալ և գիտահեն բարձրագույն կրթության իրականացում։

Այս խնդիրների լուծման համատեքստում էլ դիտարկվում է բուհերի և հետազոտական ինստիտուտների միավորումը։

Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի կարծիքով կրթության և գիտության միջև տարանջատումն աշխարհագրական հիմք չունի։


Լիլիթ Սահակյանը

«Երևանի պետական համալսարանը մեզնից 15 րոպե քայլքի հեռավորության վրա է։ Աշխարհագրորեն որ բերես, նույն հովանոցի տակ դնես, արհեստական է լինելու, չի բերելու ցանկալի արդյունքին»,- ասում է Սահակյանը՝ ավելացնելով, որ գիտական կազմակերպությունները միշտ ավելի բաց են եղել կրթություն-գիտություն համագործակցությանը, իսկ  «կրթական օջախները ավելի փակ են դրսից եկող գիտության առջև»։

Էկոկենտրոնի տնօրենն այս խնդրի հիմքում տեսնում է բուհերի կրթական ծրագրերի ընդհանրական լինելը։ Էկոկենտրոնի մասնագետներն, օրինակ, ավելի հակված են նեղ ոլորտային դասախոսություններ կարդալուն, և հենց դա է պատճառը, որ կենտրոնից շատ քիչ մասնագետեր են այս պահին բուհերում դասավանդում։ 

Լիլիթ Սահակյանը հիշում է, որ իրենց մասնագետները փորձել են բուհերում մի քանի առարկաներ դասավանդել, բայց տպավորություն են ստացել, որ առարկայական ցանկը կազմված է ֆակուլտետում եղած դասախոսների հնարավորություններով միայն։ 

Էկոկենտրոնում երիտասարդ կադրերով համալրման հարցը լուծում են հենց տեղում մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի միջոցով։ Կենտրոնում գործում է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի բազային ամբիոն, այստեղ մի քանի մագիստրոսական ծրագրեր են ուսուցանվում։ 

Էկոկենտրոնի տնօրենը նաև մի փաստ է կարևորում․ ոչ բոլոր հետազոտողներն են սիրում դասավանդել և նախընտրում են միայն հետազոտություններ իրականացնել։

«Ես հավատացնում եմ՝ այն գիտնականները, որոնք հիմա միայն գիտնական են, Ակադեմիական քաղաքում կրթական համակարգի մեջ չեն ներգրավվելու, իսկ նրանք, ովքեր հիմա ներգրավված են կրթության մեջ, այնտեղ էլի ներգրավվելու են»,- մեկնաբանում է Սահակյանը։ 

Ամփոփելով այս թեման՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ գիտական ռեսուրսների մեծամասնությունը հենց ԳԱԱ ինստիտուտներում է, և այս նախագծով փորձ է արվում «կրթությունը բարձրացնել այս գիտական կազմակերպությունների հաշվին»։

«Գիտությունն այս ծրագրով ու հիմա ընդհանրապես դիտվում է որպես կրթությունը սպասարկող մի բան»,- ասում է Լիլիթ Սահակյանը։ 


Էկոկենտրոնի հետազոտողները և մագիստրոսները

 

Որ կլաստերում կարող է ներառվել Էկոկենտրոնը

Էկոկենտրոնում իրականացնում են հիմնականում շրջակա միջավայրի բնապահպանության, գյուղատնտեսության, սննդի և պարենի անվտանգությանը վերաբերող հետազոտություններ, որոնք ազգային անվտագության բաղադրիչ ունեն։ Լիլիթ Սահակյանի խոսքով իրենց գործունեությոնը ինչ-որ առումով համապատասխանում է Սպայական կլաստերին։ Այս կլաստերն, ըստ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի, ունենալու է երկու բաղադրիչ՝ արտաքին անվտանգային և ներքին անվտանգային։

Մյուս կողմից էլ Էկոկենտրոնի տնօրենը նշում է, որ իրենց գործուներության լայն սպեկտորը և միջառարկայականությունը, ինչպես նաև հայեցակարգի բազմաթիվ անորոշությունները դժվարացնում են առաջարկված կլաստերներից որևէ մեկի ընտրությունը: 

Լիլիթ Սահակյանի խոսքով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հրապարակումից հետո ԳԱԱ-ն դիմեց Էկոկենտրոնին՝ խնդրելով ներկայացնել առաջարկներ հայեցակարգի մասին։ Էկոկենտրոնն էլ ԳԱԱ ուղարկեց հայեցակարգի վերաբերյալ իր կարծիքը, որտեղ վեր են հանվել այն բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, որոնք Էկոկենտրոնը նկատել է հայեցակարգում։ 

Էկոկենտրոնի տնօրենի խոսքով՝ իրենք նշել են, որ սա հավակնոտ ու գրավիչ նախաձեռնություն է, սակայն «հայեցակարգը և դրա հիմնավորումները իրագործելիության առումով հույս չեն ներշնչում»։ 

Էկոկենտրոնի դիրքորոշումն այն է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հաջողությունը կախված է այն խնդիրների լուծումից, որոնք ներառվել են իրենց առաջարկներում։ 

 

Պարզ չէ, թե նախագիծը ֆինանսական ինչ միջոցներով է իրականացվելու

Լիլիթ Սահակյանի խոսքով վերջին շրջանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտնականների համար աննախադեպ ծրագրային ֆինանսավորում է տրամադրում՝ սահմանելով բարձր չափանիշներ գիտնականներից ստացվող հայտերի  համար։ 

«Ինչու եմ սա ասում․ այս հայեցակարգի նման նախագիծ որ գրես, ուղարկես Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, կոմիտեն նույնիսկ քո ծրագրին չի նայի. ո՛չ ֆինանս կա գրված, ո՛չ կայունություն, ո՛չ ռիսկեր։ Ծրագրի կայունությունը ֆինանսներից է կախված․ ընդհանրապես չի երևում` ինչ ֆինանսներ են նախագծի տակ ներդրվելո և որտեղիցւ»- ասում է Էկոկենտրոնի տնօրենը։

 

Նախագծի իրականացման ժամանակացույց

Լիլիթ Սահակյանի խոսքով հայեցակարգից պարզ չեն նաև կլաստերների ստեղծման ժամանակացույցը և ակնկալվող չափելի արդյունքները։ 

Նշենք, որ հայեցակարգում նշվում են միայն Ակադեմիական քաղաքի ձևավորման փուլերը՝ նախագծման, կառուցման և սպասարկման։ Նախագծման փուլը կտևի մինչև 2025-ի սեպտեմբերը․ այս ընթացքում կիրականացվեն նախապատրաստական աշխատանքները, օրինակ՝ կարիքների գնահատում, շահառուների հետ քննարկում, ճարտարապետաշինարարական նախագծի մշակում, ենթակառուցվածքների նախագծում։

Կառուցման փուլը կավարտվի 2029-ի դեկտեմբերին։ Այս փուլում կիրականացվի կլաստերների, դրանց բաղադրիչների և հանգուցային կառույցների փուլային հանձնումը: Այլ մանրամասներ չեն նշվում։ 2030-ի հունվարին էլ կսկսվի վերջին՝ սպասարկման փուլը։ Այլ մանրամասներ չեն նշվում։

Էկոկենտրոնի տնօրենի խոսքով ներկայումս բերված հայեցակարգը ունի շատ անորոշություններ, որոնք դժվարացնում են իրավիճակը: 

«Պարզ չէ՝ ակադեմիական քաղաքում ընդգրկվելու պարագայում ինչ է սպասվում ինչպես ընթացիկ աշխատանքների, այնպես էլ զարգացման ռազմավարական ուղղությունների համար ներդրման մասով: Օրինակ, Էկոկենտրոնն ունի Հայաստանի տարբեր շրջաններից 30 տարվա ընթացքում հավաքած և խնամքով պահպանված հողերի նմուշների բացառիկ հավաքածու, որի պահպանման համար ծախսեր են անհրաժեշտ: Հստակ չէ՝ ինչ անել դրանց հետ»,- ասում է Լիլիթ Սահակյանը:


Կենտրոնի հողային նմուշների արխիվի մի մասը

 

Գիտական կազմակերպությունների կարգավիճակն ու դերն ակադեմիական քաղաքում նույնպես հստակ չէ

Շարունակելով ներկայացնել Էկոկենտրոնի առանձնացրած խնդիրները՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ հայեցակարգում չի նշվում, թե ինչ կարգավիճակ են ունենալու գիտական ինստիտուտները։ Այս համատեքստում նա հիշում է իր սիրելի անեկդոտներից մեկը․ «Մեկը մահանում է, գնում է վերև, Գաբրիել հրեշտակին ասում է՝ ինձ և՛ դրախտը ցույց տուր, և՛ դժոխքը։ Գաբրիել հրեշտակը դրախտի դուռը բացում, տեսնում է` կանաչ, մարդիկ ժամանակ են անցկացնում, լավ է։ Ասում է՝ դժոխքն էլ տեսնեմ։ Դժոխքի դուռը բացում են, նույն վիճակն է, բայց մի քիչ ավելի ուրախ։ Ասում է՝ Գաբրիե՛լ հրեշտակ, ես դժոխք եմ ուզում։ Գաբրիել հրեշտակը նրան թողնում է դժոխքում, դուռը փակում է, ու մարդը սկսում է կրակների մեջ այրվել։ Դուռը ծեծում է, ասում՝ Գաբրիել հրեշտակ, էս ի՞նչ էր, պատասխանում է՝ այ սա՛ է տուրիստի ու էմիգրանտի տարբերությունը»։

Լիլիթ Սահակյանը նշում է, որ Էկոկենտրոնը՝ որպես ԳԱԱ համակարգի գիտակրթական կենտրոն, ունի ակադեմիական և լիարժեք անկախություն, բայց հիմա իրենց առաջարկում են ընտրել, թե որ կլաստերում են ուզում լինել, որ բուհի հետ միանալ։

«Մենք չգիտենք՝ օրինակ, ընտրեցինք այսինչ բուհը, ի՞նչ կարգավիճակում ենք լինելու, գնացինք մյուս բուհ, այնտե՞ղ ինչ կարգավիճակում ենք լինելու․․․ Մենք որոշյալ լավ-վատ վիճակից պիտի գնանք անորոշ ինչ-որ մի երազանքի հետևից՝ [հույսով] որ լավ է լինելու, ինչպես հիմա էմիգրանտներն են գնում որևէ երկիր, որտեղ լավ է լինելու»,- ասում է Էկոկենտրոնի տնօրենը։

Նրա խոսքով հստակ չեն նաև կազմակերպաիրավական ձևերը, այդ պատճառով դժվար է բովանդակային հարցեր քննարկել։

«Եթե մենք ու որևէ բուh իրար հետ միավորվում ենք, ՊՈԱԿ ենք մնում, սա լրիվ ուրիշ քննարկում է, հիմնադրամ ենք դառնում՝ ուրիշ, միավորվում ենք, գնում ենք ԵՊՀ-ի կազմ՝ լրիվ ուրիշ։ Արդյո՞ք բուհերը մեզ պատրաստ են ընդունել։ Այն կարգավիճակով, որով բուհերը կարող են մեզ ընդունել, մեզ ձեռնտու չէ, որովհետև դա գիտական, ակադեմիական անկախության վերջն է։ Իսկ թե մենք ինչ կարգավիճակում ենք Ակադեմիական քաղաքում հայտնվելու, ես չգիտեմ։ Ընտրության հնարավորությունն է, որը պարտադիր պետք է տալ ինտիտուտներին, որպեսզի ՀՀ ԳԱԱ համակարգում ստեղծված ու պահպանված գիտական դպրոցները չկորցնենք:»,- ավելացնում է Էկոկենտրոնի տնօրենը։

Կենտրոնի լաբորատորիաներից մեկում

 

Հնարավոր ռիսկեր

Լիլիթ Սահակյանը վստահ է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման շուրջ անորոշությունը նաև ռիսկեր է պարունակում։

«Այս անորոշության մեջ լավ կադրերին պահելը շատ դժվար է․ երկրում անորոշ վիճակ է, գիտությունն անորոշ է, որոշումներն անորոշ են․․․ Ունես լավ մասնագետներ, որոնց արտասահմանից ոչ թե կանչում են, այլ «խլում»։ Հայաստանում մասնագետները հատ-հատ ընտրված են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն այդպիսի մասնագետի կորուստն ինչ կարող է դառնալ գիտական դպրոցի համար: Իսկ գիտական դպրոցների ստեղծման համար մեկ-երկու նախագիծ կամ մեկ-երկու տարին բավարար չեն:»,- մտահոգվում է Սահակյանը։


Ինչ է առաջարկում Էկոկենտրոնը

Էկոկենտրոնը ԳԱԱ ուղարկած իր կարծիքում կառավությանը ներկայացրել է այս բոլոր մտահոգություններն ու առաջարկել միայն մի բան՝ հնարավորինս հստակեցնել անորոշությունները։

«Որպեսզի մենք մեր դերն իմանանք և իմանանք՝ պետությունը մեր առջև ինչ խնդիր է դրել․ արդյո՞ք այն ուղղությունները, որոնք Էկոկենտրոնում կան, բոլորը մնալու են, արդյո՞ք մեր առաջնահերթություններն էլի մենք ենք սահմանելու։ Այնքան անորոշություններ կան։ Հաջողելու կամ ձախողելու հավանականությունը 50/50 է»,- ասում է նա։ 

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգում նշվում է, որ կազմակերպությունների՝ Ակադեմիական քաղաք տեղափոխվելուց հետո Երևանում ազատված անշարժ գույքն «ըստ նպատակահարմարության և հնարավորության՝ ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար»:

Էկոկենտրոնի տնօրենի խոսքով ինֆորմացիոն վակումի և անորոշության պայմաններում իրենք մի քանի ամիս բախվել էին խնդրի, երբ գերատեսչություններից մեկը ցանկանում էր ստանալ Էկոկենտրոնի շենքը։ Լիլիթ Սահակյանը նշում է՝ Էկոկենտրոնի անձնակազմը, սակայն, կարողացավ պայքարել ու պահպանել իր շենքը։ 

Պատասխանելով այն հարցին, որ գիտական ինսիտուտների տնօրենները Ակադեմիական քաղաքին և բուհերի ու ինստիտուտների միավորմանը կարող են դեմ լինել այն պատճառով, որ չեն ուզում իրենց պաշտոնները կորցնել՝ Էկոկենտրոնի տնօրենն ասում է․ «Իմ իմացած երիտասարդ տնօրենները որ օրը դիմեցին, հաջորդ օրը երեք անգամ ավելի բարձր աշխատավարձով, ավելի լավ աշխատանք են գտնելու։ Տնօրենների՝ պաշտոնից կառչելու պահն ամեն դեպքում իմ իմացած տնօրենների մոտ չկա, որովհետև մեծամասնությունը լավ գիտնականներ են, կայացած մարդիկ են և ունեն «ճոխ» կենսագրություն, ուստի նման շահարկումներն ուղղակի զավեշտալի են»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) նախարարությունը հուլիսին հայտարարություն  տարածեց՝ հրավիրելով բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին հայեցակարգային առաջարկներ ներկայացնել միավորման գործընթացի վերաբերյալ։ Էկոկենտրոնը դեռևս առաջարկներ չի ներկայացրել, քանի որ հարցը ԳԱԱ-ում դեռ չի քննարկվել։ 

Ամփոփելով ակադեմիական քաղաքի շուրջ Էկոկենտրոնի մտահոգությունները՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ Բարձրագույն գիտության և կրթության կոմիտեից նշել են, որ  կայցելեն գիտական բոլոր ինստիտուտներ, քննարկումներ կունենան այս թեմայով։ Այժմ Էկոկենտրոնում սպասում են քննարկումներին, որ իրենց հարցերի պատասխանները ստանան։ 

 

Գլխավոր լուսանկարը գեներացված է Արհեստական բանականության միջոցով

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել