ԼՂ-ից բռնի տեղահանվածների 50 հազար դրամ աջակցության դիմումները կընդունվեն հաջորդ շաբաթվանից |armenpress.am|
17:16 - 10 նոյեմբերի, 2023

ԼՂ-ից բռնի տեղահանվածների 50 հազար դրամ աջակցության դիմումները կընդունվեն հաջորդ շաբաթվանից |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային սպառողական կարիքները հոգալու համար համար Կառավարության կողմից հաստատված 50 հազար դրամի չափով նոր սոցիալական երկամսյա աջակցության դիմումները  կընդունվեն արդեն հաջորդ շաբաթվանից։

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

«Շահառու չեն հանդիսանա, եթե տվյալ ընտանիքի անդամները բնակվում են հյուրանոցում, հյուրատներում, կամ չեն գտնվում ՀՀ-ում, կամ սույն թվականի սեպտեմբերի 19-ից առաջ ունեցել են ՀՀ հաշվառում, կամ հոկտեմբերի 2-ի դրությամբ  իրենց բանկային հաշիվներում ունեն 2 միլիոն դրամի շեմը գերազանցող դրամական միջոցներ։ Այս սահմանափակումը տարածվում է միայն տվյալ անձի վրա և չի տարածվում տվյալ ընտանիքի անդամների, այդ թվում՝   երեխաների վրա։ Չի տարածվում նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուկ օգնություն ստացող անձանց վրա»,-մանրամասնել է նախարարի տեղակալը։

Նրա խոսքով՝ դիմումը լրացնելիս յուրաքանչյուր անձ կտա բնակային հաշիվների մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում հնարավոր կլինի բանկային հաշվի սահմանված շեմը գերազանցելու մասին ինֆորմացիան ստանալ։ Դրամական աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել երեխաների մասին տվյալներ։ Վճարումներն իրականացվելու են միայն անկանխիկ եղանակով՝ բանկային քարտերի միջոցով։

«Բոլոր այն դեպքերում, երբ մեր հայրենակիցները չեն ունենա բանկային քարտեր և կունենան որոշակի խոցելիություն ու սահմանափակումներ՝ բանկ  այցելելու, այս հանգամանքի պարագայում կունենանք որոշակի ծառայություններ և բանկային քարտերը կհասցվեն համապատասխան տեղակայման վայրեր։ Այս ծառայությունը կվերաբերի 75 տարին լրացած անձանց, առաջին և երկրորդ խմբի  հաշմանդամություն ունեցողներին»,-հավելել է Ժամակոչյանը։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 50 հազար դրամի չափով նոր աջակցությունը կտրամադրվի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել