Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Ֆրանսիայից Հայաստան զինտեխնիկայի ուղարկումը» |tert.am|
10:47 - 13 նոյեմբերի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Ֆրանսիայից Հայաստան զինտեխնիկայի ուղարկումը» |tert.am|

tert.am: Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի «ուղարկումը Հայաստան»։ Այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով հարցին, թե «լուրեր են տարածվել այն մասին, որ Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկա և տեխնիկա է ուղարկել Հայաստան»։

Հաջիզադեն նշել է, որ նշված զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և «ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»։

«Քայլերը, որոնք ծառայում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը՝ Ֆրանսիայի զրպարտիչ հակաադրբեջանական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին ցույց են տալիս, որ Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում։  Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցից հետո, Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ներկայացրել էր ՀՀ-Ֆրանսիա պաշտպանական հարաբերությունների 3 առանցքային կետերը, այդ թվում՝ ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում․ 3 GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել