ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն
09:52 - 15 նոյեմբերի, 2023

ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն

Նոյեմբերի 13-ին Լոնդոնում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացված է ստորև։

«Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսություն 

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոն, 13-ը նոյեմբերի

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած  պաշտոնական այցի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության անդրանիկ հանդիպումը։  

Այս ռազմավարական երկխոսությունը մեկնարկը հնարավորություն էր արձանագրելու մեր երկու ժողովրդավարական երկրների միջև ամուր համագործակցությունն ու բարեկամությունը: Ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ազատություններին առնչվող սպառնալիքների համընդանուր աճի պայմաններում մենք ձգտում ենք պաշտպանել մեր քաղաքացիներին՝ միասին աշխատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այժմ առավել, քան երբևէ կարևոր է ոչ միայն առևտրի և կայունության ամրապնդումը, այլև մեր ընդհանուր առանցքային արժեքների պաշտպանությունը: Մենք վերահաստատել ենք առաջիկա տարիների ընթացքում մեր գործընկերությունը զարգացնելու ձգտումը:

Երկխոսության ընթացքում նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաշխարհային և տարածաշրջանային մի շարք հարցերը, ինչպես նաև այն ուղիները, որոնցով Հայաստանը և Միացյալ Թագավորությունը կարող են միասին աշխատել ապագայում: Դրանք ներառում են՝

Կառավարման և օրենքի գերակայության ոլորտը, որտեղ Միացյալ Թագավորությանը աջակցում է Հայաստանում հանրային ծառայությունների թվայնացմանը և արդիականացմանը, ոստիկանական ուժերում գենդերային հավասարության բարելավմանը, և շուտով կսկսի աշխատել Հայաստանի սահմանների կառավարման կարողությունների աջակցությունը՝ ուղղված անվտանգության և միգրացիայի հարցերի լուծմանը:

Հայաստան-ՄԹ համագործակցություն պաշտպանության ոլորտում, որը շարունակում է ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ զինված ուժերի, պաշտպանության նախարարության և ոստիկանության (ՆԳՆ) աշխատակիցների թիվը, ՄԹ ավագ և կրտսեր հրամանատարական կազմի ղեկավարության և առաջնորդության դասընթացները, ինչպես նաև բազմազգ խաղաղապահ և ականազերծման փաթեթները: Երկու կողմերն ակնկալում են  այս ամսվա վերջին իրականացնել Հայաստան-ՄԹ գլխավոր շտաբերի միջև բանակցությունների վեցերորդ փուլը:

Առևտրատնտեսական կապերի ոլորտը, մասնավորապես վերջերս Լոնդոնում կայացած Հայաստան-ՄԹ գործարար համաժողովը, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և գործարարության և առևտրի հարցերով պետնախարար Կոմս Մինտոն ողջունեցին հայ և բրիտանացի գործարարներին՝ քննարկելու մեր երկրների միջև առևտրային և ներդրումային հնարավորությունների լայն շրջանակը:

Նախարարները համակարծիք են Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմաններրի անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտության, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի վրա հիմնված՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում: 

Եվրոպայի հարցերով նախարարն ընդգծել է երկարատև հակամարտությունից տուժածներին աջակցելու Միացյալ Թագավորության հանձնառությունը, այդ թվում սեպտեմբերին հայտարարված՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման միջոցով:

Եվ վերջում, երկու կողմերն ակնկալում են ամրապնդել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն այս ռազմավարական երկխոսության մեկնարկի շրջանակներից դուրս, ներառյալ Եվրոպայի հարցերով նախարարի՝ Հայաստան առաջիկա այցի և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) միջոցով, որը միասնաբար հույս ունենք կյանքի կոչել առաջիկա ամիսներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել