Չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և ՀՀ-ի անվտանգությունը. Սեյրան Օհանյան |aysor.am|
12:26 - 15 նոյեմբերի, 2023

Չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և ՀՀ-ի անվտանգությունը. Սեյրան Օհանյան |aysor.am|

aysor.am: Այս իշխանությունների համար գոնե արտաքին քաղաքականության ոլորտում խոսքը գործին չի համապատասխանում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ արձագանքելով ՀԱՊԿ նիստին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու փաստին։

«ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունն է, որի ձևավորման ակունքներում կանգնած է նաև ՀՀ-ն։ Պարզ է, որ հարաբերությունների մեջ կան խնդիրներ, պարզ է, որ այնքան էլ դյուրին չի եղել այն ամբողջ ճանապարհը, որ ձևավորել է ՀԱՊԿ-ը, բայց ստեղծվել է պայմանագրաիրավագրային մի ամբողջ փաթեթ, և մանավանդ ռազմական բաղադրիչի մեջ ՀՀ-ն մեծ ներգրավվածություն է ունեցել։ Այս պարագայում, երբ Հայաստանն ու Արցախը գտնվում են բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, և սպառնալիքները խորանում են, չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և ՀՀ-ի անվտանգությունը», - ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շատ դեպքերում կախված է եղել նաև Հայաստանի իշխանություններից։

«Բոլոր այն կառույցներում, որտեղ ՀՀ-ն մասնակցություն ունի, պետք է գնալ և մասնակցել։ Եվ եթե խնդիրներ կան դաշինքի անդամների կամ հարևանների հետ, ապա այդ հարցերը պետք է բարձրաձայնել այն հարթակներում, որտեղ միջոցառումներ են իրականացվում», - նշեց Օհանյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել