Արցախցին դուրս է մնացել աջակցության ծրագրից ՀՀ–ում հաշվառվելու պատճառով
23:50 - 16 նոյեմբերի, 2023

Արցախցին դուրս է մնացել աջակցության ծրագրից ՀՀ–ում հաշվառվելու պատճառով

Արմինե Վանյանն իր 7 հոգուց բաղկացած ընտանիքի հետ Արցախից բռնի տեղահանվել եւ Հայաստան է հասել սեպտեմբերի 29-ին։ Երեւանում բնակարան վարձակալելով՝ ընտանիքի բոլոր անդամները հոկտեմբերին ստացել են ՀՀ կառավարության կողմից հատկացվող 50-հազարական դրամը. 40-հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու եւ 10-հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Նոյեմբերին, սակայն, Արմինեի մայրը՝ 72-ամյա Անուշ Անաստասյանը, իր տվյալները մուտքագրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում՝ հաջորդ ամիսների աջակցության դիմում ներկայացնելու համար, բայց պարզվել է, որ վերջինս դուրս է մնացել ծրագրից՝ իր իսկ վարձակալած ժամանակավոր կացարանի հասցեում հաշվառվելու պատճառով։ 

Արմինեն պատմում է, որ մոր անձնագրի վավերականությունը Արցախի շրջափակման օրերին լրացել է։ Երեւան գալուց հետո դիմել են անձնագրային բաժանմունք այն վերաթողարկելու համար։ Հոկտեմբերի 5-ին Անաստասյանին տրվել է նոր անձնագիր։ Օրեր անց՝ նոյեմբերի 8-ին, անձնագրային ծառայությունը նրան հանել է Ստեփանակերտի իր տան հասցեի հաշվառումից եւ հաշվառել Երեւանում վարձակալած բնակարանի հասցեում։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ին, նա ստացել է փախստականի վկայական։

Անաստասյանի նոր անձնագրում նախկին 070 կոդի փոխարեն նշվել է 001։ Անձնագրային յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր համապատասխան կոդը, որը նշում է անձնագիր տրամադրելիս։ Տվյալ դեպքում 070-ը Ստեփանակերտի անձնագրային բաժանմունքի կոդն է, իսկ 001-ը՝ Հայաստանի անձնագրային եւ վիզաների վարչության։ Դուստրը՝ Արմինեն, ենթադրում է, որ կոդի այս փոփոխության հետեւանքով է մայրը զրկվել սոցիալական աջակցության իրավունքից․ 

«Իմ մաման մեծ կին է, նման հարցերի մեջ չի խորանում, իրեն ոչ ոք ոչինչ չի ասել այդ փոփոխության մասին, չեն տեղեկացրել, թե ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել․․․ Ընդհանրապես, շատ անհասկանալի իրավիճակ է, ես զանգեցի Սոցապ նախարարություն՝ ճշտեմ՝ ինչումն է խնդիրը, ասացին՝ եթե 001 կոդով է, օրենքով շահառու չէ, հարցրի՝ ըստ իրենց այդպես ճի՞շտ է, ասացին, որ արդեն պատասխանեցին իմ հարցին․ եթե չփոխվի, չի օգտվելու, իսկ եթե չեք ուզում, եկեք, դիմում գրեք, որ անձնագիրը փոխելու պատճառով չեք կարողանում ստանալ այն [աջակցությունը], ինչ հասնում է, բայց դա, ըստ իս, աբսուրդ է․․․ Իմ մամայի համար մեկ է, ինքն ասում է՝ գուցե էդ 50 հազարը ավելի կարիքավոր մարդ ստանա, բայց ինձ համար անհասկանալի է ու անարդարացի։ 250 հազարը քիչ փող չէ, հատկապես, եթե ինքն իր ամեն ինչից զրկված է»,- ասում է Արմինեն։

Արմինեի համար անհասկանալի է նաեւ այն, որ մորը հաշվառել են Երեւանի մի բնակարանում, որն իրենք կարճ ժամանակով վարձակալել են եւ առաջիկայում պատրաստվում են տեղափոխվել։

«Անձնագրի կոդի կամ հաշվառման հասցեի փոփոխությունը բռնի տեղահանված անձին չպետք է զրկի սոցիալական աջակցության ծրագրերից»․ անձնագրային բաժնի պետ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային բաժնի պետ Աննա Մակարյանը, անդրադառնալով ՀՀ և ԼՂՀ անձնագրային կոդերի տարբերությանը, պարզաբանում է՝ մինչեւ վերջերս 070 կոդով անձնագրեր տրամադրվել են բացառապես Ստեփանակերտում, իսկ Հայաստանը, որպես աջակցող պետություն, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անձնագրեր տրամադրել է իր անձնագրային ծառայությունների համապատասխան կոդերով՝ Արցախի գործընկեր ծառայություններին հարցում անելու եւ դրական դիրքորոշում ստանալուց հետո։ Միայն բռնի տեղահանումից հետո՝ 2023 թ-ի հոկտեմբերի 12-ից է որոշվել, որ Հայաստանը կտրամադրի 070 կոդով անձնագրեր, որ ԼՂ-ի՝ ՀՀ-ում գտնվող բոլոր քաղաքացիներին հնարավոր լինի տարբերակել։ 

Ինչ վերաբերում է ԼՂ քաղաքացիների հաշվառման հասցեի փոփոխությանը, Մակարյանի խոսքով՝ սեպտեմբերի 19-ից մինչեւ հոկտեմբերի 26-ը նման գործընթաց չի իրականացվել։ Հոկտեմբերի 26-ին, երբ Կառավարությունը որոշել է բռնի տեղահանվածներին վերցնել ժամանակավոր պաշտպանության ներքո, այդ պաշտպանությունը տարածվել է այն անձանց վրա, որոնք գտնվում են ՀՀ-ում, իսկ ՀՀ-ում գտնվելով՝ նրանք չեն կարող ունենալ ԼՂՀ հասցե։ Անձնագրում նշվող հաշվառման հասցեն կարող է լինել անձի ե՛ւ փաստացի (որի դեպքում ոստիկանության տեղամասային տեսուչն է ստուգում կատարում), ե՛ւ մշտական բնակության հասցեն (որի դեպքում սեփականատերն է համաձայնություն տալիս կամ հենց տվյալ անձն է հանդիսանում սեփականատեր)։ Ընդ որում, անձը կարող է ունենալ երկու հասցեներն էլ, այսինքն՝ հաշվառված լինի մի հասցեում, բնակվի՝ մյուսում, սակայն բնակչության պետական ռեգիստրում նշվում է միայն մեկ՝ փաստացի կամ մշտական հաշվառման հասցեն։ 

Տվյալ դեպքում, ստացվում է, որ Անուշ Անաստասյանի անձնագրում նշված վարձակալության բնակարանի հասցեն նրա փաստացի հաշվառման հասցեն է, քանի որ մշտական բնակության հասցեն այլեւս գոյություն չունի։ 

Անձնագրային բաժնի պետի հավաստմամբ՝ ո՛չ հաշվառման հասցեի փոփոխությունը, ո՛չ էլ անձնագրում կոդի փոփոխությունը չպետք է հանգեցնեն բռնի տեղահանված անձի՝ սոցիալական աջակցության ծրագրի շահառու չհանդիսանալուն։ Միաժամանակ, այդ փոփոխություններն անձին չեն շնորհում ՀՀ քաղաքացիություն, քանի որ դա բոլորովին այլ գործընթաց է։ Այդ փոփոխությունները նաեւ որեւէ կերպ չեն ազդում Արցախում նրանց ունեցած անշարժ գույքերի սեփականության իրավունքների վրա։

Մակարյանի խոսքով՝ քանի որ աջակցություն տրամադրողը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, Անձնագրային բաժինը չունի այդ տեղեկությունը եւ չի կարող պարզաբանել, թե ինչու համակարգը Անուշ Անաստասյանին որպես շահառու չի ճանաչում։ 

Անուշ Անաստասյանի՝ անձնագիր ստանալու հարցում միակ խնդիրն այն է եղել, որ որպես փախստական՝ նա պետք է ունենար 070 կոդով անձնագիր, բայց քանի որ անձնագրի փոփոխության համար դիմել է նախքան Հայաստանում 070 կոդով անձնագրեր տրամադրելու որոշման կայացումը, ստացել է Հայաստանի կոդով անձնագիր։ Թե բռնի տեղահանումից մինչեւ հոկտեմբերի 12-ի որոշումը քանի այդպիսի դեպք է եղել, այս պահին հայտնի չէ։ Ըստ Մակարյանի՝ նման վիճակագրություն չի հավաքագրվել։

Կառավարությունը պատրաստվում է փոփոխել ՀՀ-ում հաշվառված լինելու հիմքով բռնի տեղահանվածներին սոցիալական աջակցությունից զրկելու իր որոշումը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Անուշ Անաստասյանի դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու խնդրանքով դիմեցինք նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը հայտնեց, որ Կառավարության որոշմամբ ի սկզբանե նախատեսվել է, որ Հայաստանում հաշվառված անձինք ամսական 50-հազարական դրամ աջակցության շահառու չեն համարվում, սակայն Կառավարության վաղվա նիստում այդ սահմանափակումը հանվելու է։

Կառավարության վաղվա նիստի օրակարգում, սակայն, այս պահի դրությամբ հրապարակված չէ աջակցության հիշյալ ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որեւէ նախագիծ։ «Ինֆոքոմն» այս մասին մանրամասներ կներկայացնի վաղը տեղի ունենալիք նիստից հետո։

Ի պատասխան մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ սահմանափակման պատճառով բռնի տեղահանվածներն այս ընթացքում զանգվածաբար այս նույն խնդրի առաջ կանգնած լինեն, Մանուչարյանը պատասխանեց, որ նոյեմբերի 15-ի դրությամբ՝ 50 հազարական դրամների` հոկտեմբեր ամսվա աջակցությունից օգտվել է 99 հազար 850 անձ, ինչն արդեն իսկ վկայում է, որ խնդիրը զանգվածային բնույթ չի կրել։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ այդ անձինք առաջին ամսվա աջակցությունից օգտվել են, քանի որ չեն դիմել կամ առնվազն այդ պահի դրությամբ դիմած չեն եղել՝ իրենց հաշվառումը փոխելու։

Զառա Մանուչարյանի խոսքով՝ նախարարությունը դեռ իրականացնում է հոկտեմբեր ամսվա փոխանցումները, իսկ նոյեմբերի փոխանցումներն առայժմ չեն սկսել։ Աջակցության ծրագրերով փոխանցումների մասին Արցախից բռնի տեղահանված անձինք կարող են տեղեկանալ dimum.ssa միասնական սոցիալական ծառայության համակարգի  միջոցով։

Արցախահայությանը տրամադրված ՀՀ անձնագրերը նրանց չեն շնորհել ՀՀ քաղաքացիություն

Բռնի տեղահանումից հետո արցախահայության քաղաքացիության եւ կարգավիճակի հարցը դարձել է օրակարգային։ Հատկապես նրանց փախստական ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումից հետո հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես կարող է ՀՀ անձնագիր ունեցող անձը իր իսկ քաղաքացիության երկրում համարվել փախստական։

Բանն այն է, որ 1999 թ․ փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ կնքվել է «Անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր), որի հիման վրա ՀՀ-ն որոշակի հանգամանքներում ԼՂՀ բնակչությանը տրամադրել է անձնագրեր։ Համաձայնագիրը համացանցում հրապարակված  չէ, սակայն դրա որոշ դրույթներ քննարկվել եւ ներառվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ կամ Եվրոպական դատարան) «Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2015 թ․-ի վճռում։

Վճռի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Համաձայնագրով ՀՀ-ն եւ ԼՂՀ–ն (այսուհետ՝ Կողմեր) համաձայնել են, որ իրենց քաղաքացիները Կողմերից յուրաքանչյուրի տարածքում ունենան ազատ տեղաշարժվելու եւ բնակվելու իրավունք։ Սահմանվել է, որ մինչեւ ԼՂՀ–ի միջազգայնորեն ճանաչումը ԼՂՀ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են դուրս գալ ԼՂՀ կամ ՀՀ տարածքներից, Համաձայնագրի շրջանակներում կարող են դիմել եւ ձեռք բերել ՀՀ անձնագիր։

Կողմերը համաձայնել են նաեւ, որ ԼՂՀ քաղաքացիների՝ ՀՀ անձնագիր ձեռք բերելը նրանց չի շնորհում ՀՀ քաղաքացիություն։ Ըստ Համաձայնագրի՝ այդ անձնագրերը ԼՂՀ քաղաքացիների կողմից կարող են օգտագործվել միայն ՀՀ եւ ԼՂՀ տարածքներից դուրս ճամփորդելու նպատակով։ 

Նույն թվականին ընդունվել են նաեւ այս Համաձայնագրի կիրառման հետ կապված կարգավորումներ, ըստ որոնց՝ ԼՂՀ-ի բնակիչներին հայկական անձնագրեր տրվում է միայն բացառիկ դեպքերում, երբ արտասահման մեկնելու նպատակը բուժում ստանալն է, կրթությունը կամ անձնական բնույթի այլ խնդիր: 

ՄԻԵԴ–ում գործի քննության ժամանակ ՀՀ կառավարությունը նշել է, որ ԼՂՀ-ն իր քաղաքացիներին տրամադրել է անձնագրեր, եւ նրանք այդ քաղաքացիության հիման վրա ունեցել են քաղաքական իրավունքներ եւ քաղաքացիական պարտականություններ, իսկ Համաձայնագրի շրջանակում, ըստ ՀՀ կառավարության, ՀՀ անձնագրեր է տրամադրվել ավելի քիչ, քան 1000 անձի։ 

Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանի ժամանակավոր պաշտպանության ներքո են մինչև 2024 թ․ հոկտեմբերի 28-ը

Ինչպես նշեցինք, այս տարվա հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագրի եւ դրա տրամադրման կարգը։

Որոշումը կայացվել է՝ ի թիվս այլնի, հաշվի առնելով, որ ԼՂ բնակիչները շարունակաբար զրկված են իրենց մշտական բնակության երկիր վերադառնալու հնարավորությունից՝ պայմանավորված 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի որոշ շրջաններից նրանց բռնի տեղահանումով, 2022 թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով եւ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակմամբ։ 

Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվել՝

  • ԼՂ բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք,
  • ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ում,
  • Այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ-ի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում եւ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից։

Որոշումը չի տարածվում վերոնշյալ կետերին համապատասխանող, սակայն այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց վրա։

ժամանակավոր պաշտպանությունը տրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ժամկետի հաշվարկը սկսվում է որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ 2023 թ․-ի հոկտեմբերի 28-ից։ Այսինքն՝ այս պահի դրությամբ՝ Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանի ժամանակավոր պաշտպանության ներքո են մինչեւ 2024 թ․ հոկտեմբերի 28-ը։

 

Գլխավոր լուսանկարում՝ Արմինե Վանյանը

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (1)

Դիանա 06:10 18.նոյեմբերի.2023

Եսելեմ չեմ ստանա աջակցուցուն։Աշխատանքը կորցրած մարդը ինչպես պիտի տա բնակվարձը

Մեկնաբանել