Այսօր Երևանի պետական համալսարանը ուսանողների համար հանդիպում էր կազմակերպել Evolution ընկերության աշխատակիցների հետ։ Այդ հանդիպումը, սակայն, չանցավ սովորականի պես հարթ և հանգիստ պայմաններում։
Ըստ հանդիպման պաշտոնական հայտարարության՝ նպատակն էր ներկայացնել ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորությունները, սովորեցնել ուսանողներին CV կազմել և պատրաստվել աշխատանքի ընդունման հարցազրույցների։ Հանդիպման սկզբում, սակայն, ուսանողներից մեկն իր վրդովմունքը հայտնեց, որ ազարտային խաղեր ստեղծող ընկերությունը բուհի ուսանողներին առաջարկում է առցանց խաղատան խաղավարի աշխատանք։ Ընկերության աշխատակիցները պատասխանեցին, որ Evolution-ը ՏՏ ընկերություն է, որը ստեղծում է այդ խաղերը և վաճառում օնլայն խաղատներին։
Մեկ այլ ուսանողի հարցին ի պատասխան՝ Evolution ընկերության աշխատակիցները ի թիվս առաջարկվող այլ հաստիքների՝ ներկայացրին խաղավարի աշխատանքը՝ նշելով, որ ուսանողներին առաջնահերթ դիտարկելու են հենց խաղավարի հաստիքի համար։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, պատասխանելով ուսանողների վրդովմունքին, ասաց, որ իրենց միակ նպատակն է նպաստել ուսանողի՝ որպես մասնագետի կայացմանը աշխատաշուկայում։
Այստեղից հարց է առաջանում, թե արդյո՞ք օնլայն խաղատան խաղավարի մասնագիտություն ձեռք բերելը ԵՊՀ-ն ուսանողի մասնագիտական կայացում է համարում։
ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը «Ինֆոքոմին» հայտնեց, որ երկար քննարկել են՝ համագործակցե՞լ ընկերության հետ, թե՞ ոչ։ Ըստ պրոռեկտորի՝ որոշել են համագործակցել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Evolution-ը համակարգչային ծրագիր (software) ստեղծող ընկերություն է, ոչ թե «բուն ազարտային խաղերի կազմակերպիչը, ջատագովը կամ գովազդողը»։ Ըստ Միքայել Հովհաննիսյանի՝ իրենք պայմանավորվածություն են ունեցել Evolution-ի հետ, որ միայն մասնագիտական հնարավորություններն են ներկայացնելու. «Խաղավարի աշխատանք ներկայացնելը ի սկզբանե պայմանավորվել ենք, որ պիտի բացառվի»։ Պրոռեկտորի խոսքով պայմանավորվածություն են ունեցել ընկերության հետ, որ այն ներկայանալու է ոչ թե որպես ազարտային խաղերի, այլ soft construction-ի ոլորտի ընկերություն։
Evolution-ի աշխատակիցների հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ
ԵՊՀ-ն միակը չէ. Evolution-ը խաղավարներ է պատրաստում նաև այլ բուհերի ուսանողներից
Հոկտեմբերի 30-ին առցանց խաղատների համար ՏՏ լուծումներ առաջարկող «Էվոլյուշն Ստուդիո Էլեմ» ՍՊԸ-ն տաղավար էր տեղադրել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ ուսանողներին առաջարկելով գրավիչ պայմաններով աշխատանք։ Ազարտային խաղեր ստեղծող կազմակերպությունն առաջարկում է ուսանողներին աշխատանք՝ ճկուն գրաֆիկով և մրցակցային աշխատավարձով։ Ուսանողները հրավիրվում են՝ վարելու առցանց խաղատների համար նախատեսված խաղերը։
Տաղավարի մոտ տեղադրված էր պաստառ՝ ընկերության տարբերանշանով, այցեքարտեր, բրենդավորված այլ իրեր։ Ընկերության ներկայացուցիչները ուսանողներին ծանոթացնում էին աշխատանքի նկարագրությանը, հետաքրքվածության դեպքում առաջարկում գրանցվել՝ լրացնելով անուն-ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե, ծննդյան օր, ամիս, տարեթիվ և ստորագրություն։ Ուսանողները նաև հնարավորություն ունեին պատասխանելու ընկերության մասին հարցերի՝ շահելով տարբեր նվերներ։
ԵԹԿՊԻ-ի Զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանին հարցրինք, թե որքանով է էթիկապես ընդունելի բուհի ներսում տեղադրել ազարտային խաղեր արտադրող ընկերության պաստառները։ Պրոռեկտորը նշեց, որ չի կարծում, որ բուհում տեղի ունեցածը կարող է դիտարկվել որպես ազարտային խաղերի գովազդ, քանի որ կազմակերպության ներկայացուցիչները ուսանողներին աշխատանքի առաջարկ են անում։
«Ես ճիշտն ասած գովազդի տեսնակյունից չեմ նայել, միգուցե եթե էդպես վերցնենք, դա բացթողում է։ Հայտնի բան է, որ ուսանողները աշխատում են, ունեն դրա անհրաժեշտությունը, կարիքը։ Ցավոք, բոլորը չի, որ աշխատում են մասնագիտությամբ։ Ավելին՝ մասնագիտական ոլորտը միշտ չէ, որ նրանց բերում է այն եկամուտը, որով կարող են վճարել ուսման վարձ, եկամուտ ապահովել և այլն։ Ո՞րն է խնդիրը, թե որ ոլորտից են կազմակերպության աշխատակիցները, եթե իրենք ուսանողներին ազատ գրաֆիկով աշխատավարձ են խոստանում և կարծես թե չեն խաբում»,- ասում է պրոռեկտորը։
Պարոն Հարությունյանի խոսքով եթե խոսք գնար դպրոցների կամ քոլեջների մասին, իր վերաբերմունքը գուցե այլ լիներ. «Բայց ես գիտեմ, որ մեր ուսանողներից շատերն աշխատում են նաև այդ ոլորտում։ Իսկ այս դեպքում անգամ ստացվում է, որ մենք պատասխանատվությունը կիսում ենք։ Եթե մենք առաջարկել ենք ուսանողին այդ համագործակցությունը, նշանակում է՝ մենք կիսում ենք նաև պատասխանատվությունը»։
Բուհը, սակայն, պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից գործատուի ազնվությունը կամ արդարությունը ստուգելու մեխանիզմներ չունի։ Այս դեպքում, օրինակ, պրոռեկտորը նշեց, որ կազմակերպությունն իրեն անծանոթ է եղել, դրա մասին իմացել է ընկերության ներկայացուցիչներից, նայել է կայքը, ընկերությունը նաև ծանոթ է եղել բուհի որոշ աշխատակիցների։
Պարոն Հարությունյանը նշում է, որ չի ենթադրել, որ դա կարող է դիտարկվել որպես ազարտային խաղերի գովազդ։ Ընկերության աշխատակիցների այցը բուհ դիտարկել է՝ որպես ուսանողի համար գումար վաստակելու օրինական հնարավորություն։
Evolution-ի տաղավարը ԵԹԿՊԻ-ում
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Evolution ընկերության աշխատակիցները հոկտեմբերի 25-ին էլ այցելել են այդ բուհ։ Հանդիպման ընթացքում ուսանողները ստացել են տեղեկատվական նյութեր, ծանոթացել են կազմակերպության գործառույթներին, աշխատանքների բնույթին, ինչպես նաև առաջարկվող հնարավորություններին, թափուր աշխատատեղերին։ Հատուկ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողները գրանցվել են՝ հետագայում հարցազրույց անցնելու և կազմակերպությանը միանալու համար։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով օրինականության տեսանկյունից խնդիր չկա, որովհետև ընկերությունը Հայաստանում գրանցված է, գործում է։ Սակայն կրթության փորձագետը խնդիրներ է տեսնում էթիկայի տեսանկյունից. «Հասկանալի է, որ ՏՏ ընկերություն լինելը դեռևս բավարար հիմք չէ, մանավանդ եթե կապ ունի ազարտային խաղերի հետ։ Կարծում եմ, որ բուհերը, ելնելով իրենց քաղաքացիական առաքելությունից նաև էթիկական նորմերից, չպետք է խրախուսեն։ Մենք շատ ենք հիմա շեշտ դնում բուհ-աշխատաշուկա, բուհ-գործատու կապի վրա, և անտեսում ենք բուհերի քաղաքացիական առաքելությունը, որը շատ հաճախ ավելի կարևոր է, քան մասնագիտական կրթությունը։ Դրա համար ես այդքան էլ չեմ ողջունում նման կազմակերպությունների մուտքը բուհեր։ Թող անեն իրենց գովազդը, սեմինարները, բայց բուհի պատերից դուրս»։
Փորձեցինք կապ հաստատել նաև Evolution ընկերության հետ։ Պաշտոնական կայքում կամ սոցցանցերի էջերում հետադարձ կապի հեռախոսահամար չգտանք։ Ստացվեց կապվել մարդկային ռեսուրսների կառավարման մենեջեր Ալինա Մելիքբեկյանի հետ, ով հրաժարվեց բանավոր մեկնաբանություն տալ։ Առաջարկեց գրել կազմակերպության ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին և հարցնել հանրային կապերի պատասխանատուի տվյալները։ Կազմակերպությունը մեր նամակին դեռ չի պատասխանել։
Ի՞նչ հմտություններ և մասնագիտական առաջընթաց կարող են ձեռք բերել ուսանողներն Evolution-ում
Բուհերում ուսանողներին առաջարկվող օնլայն խաղավարի աշխատանքի ընդունման հարցազրույցին մասնակցելու համար պարզապես անհրաժեշտ է տրամադրել տվյալներ, որից հետո ընկերության աշխատակիցները կապ են հաստատում։ Հեռախոսով ևս մեկ անգամ աշխատանքը ներկայացնելուց հետո առաջարկում են այցելել կազմակերպություն՝ խմբային հարցազրույցի։
Հարցազրույցն անցկացվում է կազմակերպության գրասենյակում՝ Ծովակալ Իսակով 24 հասցեում։ Շենքում ձեզ դիմավորում են անվտանգության աշխատակիցները, քանի որ կողմնակի անձինք մուտք գործել չեն կարող։ Իմանալով, որ եկել եք հարցազրույցի՝ խնդրում են տրամադրել անձը հաստատող փաստաթուղթ։ Հանդիպման նախանշված ժամին մոտենում են մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակիցը և ապագա աշխատակիցների թրեյնինգներ անցկացնող աշխատակիցը։ Հարցազրույցի առաջին մասում ներկայացնում են կազմակերպությունը, պատմում աշխատանքի, աշխատավարձի մասին։ Իսկ երկրորդ մասում՝ հարցերի միջոցով ստուգում են մասնակիցների անգլերենի մակարդակը։ Հարցազրույցի լեզուն անգլերենն է։
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները հրավիրվում են 9-օրյա դասընթացի, որի ավարտից հետո էլ հնարավորություն են ստանում աշխատանքի անցնելու։ Դասընթացի առաջին օրը մասնակիցները գրասենյակ մուտք գործելիս կրկին ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ, այնուհետև գրանցում իրենց մատնահետքը, քանի որ մուտքը գրասենյակ և սենյակներ միայն մատնահետքով է։ Evolution Academy անունով սենյակում տեղադրված են մոտ 10 սեղան՝ նախատեսված ազարտային խաղերի համար։ Մասնակիցներից յուրաքանչյուրը նստում է մի սեղանի մոտ, և սկսվում է ծանոթությունն այն ազարտային խաղին, որի խաղավարը պիտի դառնա տվյալ մասնակիցը։ 6-ժամյա թրեյնինգի հիմնական մասում սովորում են խաղի կանոնները, խաղը ներկայացնելու համար անհրաժեշտ արտահայտությունները։ Յուրաքանչյուր մասնակցի սեղանը կահավորված է հատուկ էկրանով, որը դառնում է խաղավարի «օգնականը»։ Այնտեղ երևում են խաղացողների անունները, ինչպես նաև կա զրուցարան (live chat), որտեղ խաղացողները խաղի ընթացքում թողնում են հաղորդագրություններ։
Ուսուցողական մոնիտորների վրա պարբերաբար թարմացվում էին խաղացողների մեկնաբանությունները։ Ենթադրվում է, որ դրանք պիտի պատրաստեն ապագա խաղավարներին իրական խաղում հանդիպող հնարավոր մեկնաբանություններին։ «Ինչ գեղեցիկ ես, դու պետք է մոդել լինեիր», «Ես գտել եմ քեզ Facebook-ում, արի շփվենք», «Քո հերթափոխից հետո կսպասեմ քեզ գրասենյակի մոտ», «Եթե ինձ անհրաժեշտ խաղաքարտերը չբացես, ինձ կսպանեն պարտքերի պատճառով» և նմանատիպ այլ մեկնաբանություններ։
Ապագա խաղավարներին նաև սովորեցում են, թե ինչպես պատասխանել մեկնաբանություններին, որ մեկնաբանություններին պատասխանել և որոնք պարզապես անտեսել։ Խաղի ընթացքում խաղավարից պահանջվում է լինել աջակցող, քաջալերել խաղացողներին, ճիշտ և օգտակար հուշումներ տալ նրանց։
Դասընթացի ընթացքում մարզիչը հատուկ շեշտում է՝ «Մենք օնլայն կազինո չենք, մենք ՏՏ ընկերություն ենք»։
Լյուսի Մանվելյան
comment.count (0)