Ինչ ընդգրկման տիրույթի մասին են խոսում  «ազգ», «ազգային արժեք», «ազգային շահ» ասողները․ Սուրեն Սահակյան
07:25 - 13 նոյեմբերի, 2019

Ինչ ընդգրկման տիրույթի մասին են խոսում «ազգ», «ազգային արժեք», «ազգային շահ» ասողները․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իմ փոքրիկ երազանքներից մեկն ա, որ «ազգ», «ազգային արժեք», «ազգային նպատակ», «ազգային շահ», «ազգային անվտանգություն» ու ազգային նման բան գրողները/ասողները ամեն անգամ հետգրությամբ կամ որևէ այլ կերպ անմիջապես էլ բացատրեին, թե ինչ ընդգրկման տիրույթի մասին են խոսում։

«Ազգ» ասելիս մի հարթության մե՞ջ ենք դիտարկում, ասենք, ինձ,1894 թվին Սասունի ջարդերից մազապուրծ ԱՄՆ տեղափոխված Բզդիգյանների ընտանիքի 3-րդ սերնդի ժառանգ Նունուֆարին, իրեն «հոգով-սրտով» հայ համարող պարսիկ Ալիին, 2-րդ սերնդի ռոստովահայ, իրեն ռուս համարող Վոլոդյային ու Հայաստանի Ռյա-թազա գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Մրազին։

Եթե՝ հա, ապա ո՞նց են հարաբերվում նրանց արժեքները, ո՞նց են համադրվում նրանց նպատակներն ու շահերը, ո՞նց ենք խոսում ազգային անվտանգության մասին, եթե նշվածներից միայն ես ու Մրազն ենք ՀՀ քաղաքացի, իսկ մյուսների անվտանգության ապահովողը մի դեպքում ԱՄՆ-ն ա, մյուսում՝ ՌԴ-ն, երրորդում՝ Իրանի ԻսլամականՀանրապետությունը և այդպես շարունակ։

Եթե խոսքը «քաղաքական ազգ» հասկացության մասին ա, ապա դրա մեդալի մյուս երեսին պետությունն ա՝ մեր դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, որի շրջանակներում նշվածներից պայմանավորվելու ու կիսելու բան ունեմ միայն եզդի Մրազի հետ։ Մրազի հետ մենք կարող ենք խոսել, պայմանավորվել մեր ընդհանուր պետական շահի, նպատակի, անվտանգության, սահմանադրորեն ամրագրված արժեքների մասին։ Ավելին, մենք ստիպված ենք նման հարցերի շուրջ հարաբերվել՝ ուզենք, թե չուզենք։

Սա ա պատճառը, որ ես միշտ լարվում եմ, երբ որոշակի մտքերի մեջ լսում եմ «ազգ» բառը։ Չեմ հիշում, որ մեկն ըստ նշանակության օգտագործի էդ բառը ու դեռևս որևէ մեկը չի գտնվել, որ էդ տիրույթը հստակ գծի ու հիմնավորի, որ հենց էդ տիրույթի մասին էր խոսքը։ Նման խոսակցությունները, սովորաբար, ոչ մի բանի մասին են եղել, ոչ մի արդյունքի չհանգեցնող։ Ա՛յ, հենց նշված հասկացությունների կողքին լսվում ա «պետական» բառը, խոսակցությունը միանգամից առարկայական ու հետաքրքիր ա դառնում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել