ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ գլխավոր խնդիրն այն չէ, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ ունի. բնական է, որ տարբեր թեմաների վերաբերյալ կարող է դիրքորոշումների տարբերություն լինել:
«Իրավիճակային բարդությունն այն է, որ հայաստանյան իշխանությունը այս ամենն անընդհատ սրում է, տանում բախումների և փորձում այնպիսի կետի հասցնել, որից այն կողմ` նախկին հարաբերություններին վերադառնալն այլևս անհնար կլինի:
Ինքս մեծ թվով չստացված հարցեր ունեմ` այս կամ այն իրավիճակում ՌԴ-ի գործելու/չգործելու վերաբերյալ, սակայն ցանկացած հայտարարություն անելիս կամ որոշում կայացնելիս պետք է հիշել, որ ՌԴ-ն այս տարածաշրջանի գլխավոր դերակատարն է և նրա հետ հարաբերությունները թաղելն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ:
Մի կարևոր հանգամանք էլ՝ շատ ժամանակ վերլուծություններն ու քաղաքական գնահատականները հենվում են իրավիճակային գործոնների վրա, սակայն հիմքը 2018 թվականի փաշինյանական արտաքին քաղաքական կուրսն է, որի կենտրոնում ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակի կտրուկ իջեցումն էր, որն էլ իր հետ բազմաթիվ ծանր հետևանքներ բերեց:
ՌԴ-ի հետ հարաբերություններն իր բնականոն հուն վերադարձնելու և ՌԴ-ի որոշումները ռազմավարական-դաշնակցային որոշումների շրջանակ բերելու հնարավորությունը չի սպառվել, բայց դա չի կարող տեղի ունենալ այս իշխանության պայմաններում, որովհետև ո´չ ցանկություն ունեն, ո´չ կամք, առավել ևս, որ գաղափարական առումով լրիվ այլ տրամաբանության մեջ են», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։
comment.count (0)