«Արժանապատվության շարժում» նախաձեռնությունը հիմնադրած քաղաքացիները մեկամսյա շտաբային աշխատանքներից հետո նորից դուրս են եկել փողոց։ Նրանց հրապարակած մանիֆեստում ասված է, որ փողոց են դուրս եկել՝ «անթույլատրելի համարելով ՀՀ կառավարության կողմից ՀՀ տարածքների և իրավունքների նկատմամբ վերաբերմունքը և Արցախի պաշտպանության Հայաստանի տված խոստման դրժումը և համոզված լինելով, որ Հայաստանում կառավարող ուժի ներկայիս վարած ներքին և արտաքին քաղաքականության պատճառով մենք հանգելու ենք ավելի մեծ ու անլուծելի խնդիրների»։
Շարժման անդամները համոզված են, որ այդ խնդիրների լուծման ճանապարհը որոշելը քաղաքացիների բացառիկ իրավունքն ու պատասխանատվությունն է։
«Արժանապատվության շարժումը» վերանվանվել է «Զանգ», որը այսօր 16:00-ին հավաք է հրավիրել Մաշտոցի պուրակում։
«Քննարկումների արդյունքում մենք ձևավորել ենք գործելու սկզբունքներ և ճանապարհային քարտեզ, որով նպատակադրված ենք հանրային համաձայնության արդյունքում ստեղծել իրապես ինքնիշխան պետություն՝ միջազգային իրավունքի սուբյեկտին հատուկ որոշումներ կայացնելու շրջանակներով և քաղաքացիների կողմից միմյանց ֆիզիկական անվտանգության, իրավունքների և մշակութային ինքնության պաշտպանության ու զարգացման գործում հասնել հանրային համերաշխության՝ պետության երաշխավորության ներքո։
Այդ նպատակներին հասնելու համար մենք պետք է հեռացնենք ներկայիս կառավարող ուժին՝ այն փոխարինելով շարժման նպատակներին հավատարիմ, գործունակ ժամանակավոր կառավարիչներով»,- ասված է Շարժման մանիֆեստում։
ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը պուրակում հրավիրված հավաքի ժամանակ իր ելույթում ասաց․ «Ես կարծում եմ մեր սպառնալիքները ակներեւ էին 2020 թվականից սկսած, բայց ինչն է մեզ այսօր դրդել փողոց դուրս գալ, կան լուրջ ռիսկեր, որ մենք երկու-երեք ամսից կարող ենք հատել անդառնալիության կետը՝ բուն ՀՀ ունենալու համար»։
Հայրապետյանը մեջբերեց Իլհամ Ալիեւի խոսքերը, որ Ղարաբաղի հարցը փակված է, ու հիմա թիրախը Հայաստանն է։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը պետական մակարդակով մեր երկիրը կոչում է «Արեւմտյան Ադրբեջան»։ Նրա խոսքով սա շատ լուրջ մարտահրավեր է, եւ եթե մինչ այդ մեզ խաբում ասում էին խնդիրն Արցախն է, հանձնենք լավ կլինի, հիմա հասկանում ենք, որ Արցախն ընդամենը պլացդարմ էր։
«Սա մեր վերջին հանգրվանն է, մենք կա՛մ կանգնում ու պաշտպանում ենք, կա՛մ պիտի սկսենք մեզ այլ երկրում ապաստան գտնել։ Այսօր դուրս գալու նպատակը փողոցային ակցիաներն են, որով պիտի հասնենք Փաշինյանի հեռացմանը, որովհետև նա ունակ չէ պաշտպանել Հայաստանը»,- ասաց Հայրապետյանը։
Զանգ շարժման համակարգող խմբի անդամ Միքայել Նահապետյանն իր ելույթում ասաց, որ իրենց խնդիրը, տեղում քիչ հավաքված մարդկանց խնդիրը հարյուր հազարներին համոզելը չէ
«Մեր խնդիրը կրակ դառնալն է, որպեսզի ջերմացնենք մարդկանց սառած սրտերը, կոտրենք մարդկանց վախերը, վստահություն ներշնչենք, որ էդ մարդիկ գան, կանգնեն էն նպատակների կողքին, որոնք մենք ենք առաջարկում։
Առաջիկա օրերի պլանը՝ ամեն օր կսկսենք էս քննարկումից, հետո իրազեկող միջոցառում կանենք, հետո մեզ որտեղ հարմար լինի, մեր սիմվոլ վրանը կդնենք ու կպահենք էնքան, ինչքան թույլ կտա վրանը պահող քաղաքացիների ուժը։
Առաջին մարտավարական խնդիրը՝ իրադարձությունները տարածել էնպես, որ ոչ մի քաղաքացի լուռ, մի կողմ քաշված լինելու տարածություն չունենա, դա չի նշանակում խանգարել նրանց, մարդիկ կարող են կողմ լինել մեր առաջարկին, դեմ լինել, մենք պարտավոր ենք հագնել էդ որոշումը, բայց լուռ մնալ չի կարելի, մարդկանց կտրել իրենց առօրյայից, որ նրանք որոշում կայացնեն։
Երկրորդը՝ Ոստիկանությունը բոլոր երկրներում միշտ կատարել է իր ֆունկցիան (նկատի ունի խոչընդոտելը, մինչեւ այդ վրան դնել թույլ չտալը՝ խմբ․), դա բնականոն ռեժիմ է, բայց էն պահին, երբ էս խաղաղ գործողությունները կտարածենք էն աշխարհագրությամբ, որ ոստիկանները չկարողանան կառավարել բոլոր գործողությունները միաժամանակ, փորձը ցույց է տալիս, որ կդիմեն քաղաքական ղեկավարությանը, որ հարցին քաղաքական լուծում դրվի։ Էդ էն ա, ինչին մենք ձգտում ենք»,- նշեց Նահապետյանը՝ ընդգծելով, որ ոչ մի դեպքում իրենք բռնություն չեն կիրառելու։
Նա նշեց, որ իրենք հարգելու են բոլորի արժանապատվությունը, այդ թվում՝ ոստիկանության ծառայողների․ «Կտրականապես արգելվում է վիրավորել էդ մարդկանց, պիտակավորել, մենք սառը գլխով, քիչ խոսող, շատ գործ անող պրոցես պիտի տանենք»։
Շարժման համակարգող խմբի անդամներից Սուրեն Սահակյանն էլ իր խոսքում նշեց․ «Հարցը էն չի ինչ են անում ադրբեջանցիները, հարցը էն ա, որ մենք հանձնվում ենք։ Ես էն տարիքում եմ, որ ավելի շատ մտածում եմ իմ անցյալի մասին, քան ապագայի, բայց նաեւ էն տարիքում եմ, որ երեխաներ եմ ունենում, ու էդ երեխաների ինքնության հարցն ա՝ վաղվա Հայաստանում ինչպիսի մարդիկ են ապրելու, պարտված, թե արժանապատվությունը վերականգնած մարդիկ, որոնք գիտեն ինչի համար են ապրում, ինչ արժեքների համար կարելի ա գնալ կռվի։
Ես կոչ եմ անում ոչ թե միանալ, գալ, միացողը միանալու ա անկախ կոչերից, ես կոչ եմ անում մտածել, թե ինչ ինքնություն ենք մենք ձեւավորում։ Էսօրվա ինքնություն ձեւավորողը մենք ենք։ Մենք որոշելու բացառիկ մենաշնորհ ունենք, քաղաքացու իրաբունքն է որոշելը, դա է պետության հիմնական նպատակն ու իմաստը։ Կարո՞ղ ենք մենք այլ երկրում ապրել, լինել քաղաքացիներ, ինձ համար էդ տարբերակը չկա, էնտեղ որոշողը մենք չենք լինելու։ Էդ որոշելու իրավունքի համար դուք պատրաստ եք քայլել, մի օր պետության սիմվոլ վրանը պահել, դուրս գալ կոմֆորտ զոնայից։ Մտածեք»։
Սահակյանը հայտնեց, որ վաղը՝ ժամը 4-ին, նորից հավաքվելու են նույն վայրում։
Այս պահին քաղաքացիները, վրանը բացած, երթ են սկսել դեպի Հանրապետության հրապարակ։ Նրանց ուղեկցում է մոտ երեք տասնյակ ոստիկանների խումբ։ Քաղաքացիները «Մենք համաձայն չենք», «Հնազանդ չենք», «Նիկոլ չենք» եւ այլ կարգախոսներ են հնչեցնում երթի ընթացքում։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)