«Ժողովրդավար» ընտրություններ՝ չվերահսկվող և ոչ թափանցիկ նախընտրական ֆինանսներով
17:16 - 29 նոյեմբերի, 2023

«Ժողովրդավար» ընտրություններ՝ չվերահսկվող և ոչ թափանցիկ նախընտրական ֆինանսներով

Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ սեպտեմբերին տեղի ունեցած ավագանու ընտրություններն ի ցույց դրեցին իրենց քաղաքական ուժի «անսասանելի հավատարմությունը հեղափոխության արժեքեներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և ժողովրդի կամքի նկատմամբ անառարկելի և անքննարկելի հարգանքին»։ Ընտրությունների ժողովրդավարական լինելը Փաշինյանը կապում է ընտրակեղծիքների բացակայության հետ, մինչդեռ բուն ընտրությունից բացի՝ ընտրական գործընթացի այլ օղակներում նվազեցվել են հանրային վերահսկողության մեխանիզմները, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչն առնվազն չի բխում ժողովրդավարական արժեքներից։ 

2021 թվականին, ի թիվս Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների մի շարք փոփոխությունների, փոխվեցին նաև նախընտրական հիմնադրամների վերահսկողության և տվյալների հրապարակայնության վերաբերյալ կետերը։ Մասնավորապես, նախընտրական հիմնադրամ նվիրատվություններ կատարած ֆիզիկական անձանց տվյալներն այլևս հրապարակման ենթակա չեն։ Իսկ այդ նվիրատվությունների վերահսկողության գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխարեն պետք է իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ 

Նախընտրական շրջանում ստացած նվիրատվություններով են թեկնածուներն ու կուսակցություններն իրականացնում քարոզարշավը։ Հետևաբար այդ ֆինանսների թափանցիկությունը կարևոր է, որ ընտրողը կարողանա գնահատել քարոզարշավի վրա ծախսվող գումարի օրինականությունը։ 

Օրենսգրքում կատարված փոփոխությունները, սակայն, սահմանափակել և նվազեցրել են նախընտրական ֆինանսների թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը։

 

Նախընտրական հիմնադրամ. ի՞նչ և ինչո՞ւ

Ընտրություններին մասնակցող կուսակցությունները (համամասնական) և թեկնածուները (մեծամասնական) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ 5 օրվա ընթացքում, պարտավոր են ստեղծել նախընտրական հիմնադրամներ։ Այդ հիմնադրամների համար բանկերում բացվում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, որոնց էլ ֆիզիկական անձինք, կուսակցություններն ու թեկնածուները փոխանցում են քարոզարշավի ծախսերն իրականացնելու համար նվիրատվություններ։ Քարոզարշավի ծախսերը ներառում են տարածքների վարձակալումը, բուկլետների տպագրությունը, գովազդային արշավները և այլն։ 

Նախընտրական հիմնադրամներ նվիրատվությունները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով։ Արգելվում են անանուն նվիրատվությունները։ 

Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունները կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել, ուստի կարևոր է դրանց թափանցիկությունը և հետագծելիությունը։ 

Մինչև օրենքի այս փոփոխությունը լրագրողները հնարավորություն են ունեցել ստանալ նվիրատուների վերաբերյալ տվյալները և բացահայտել հետաքրքիր դրվագներ՝ նվիրատվությունների չափի, մոտիվացիայի, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ 2021 թվականից սկսած՝ ԸՕ փոփոխությունները շղարշել են գործընթացի թափանցիկությունը՝ անտեսելով հանրային վերահսկողության անհրաժեշտությունն ու կարևորությունը։ 

 

Կուսակցություններին նվիրատվություն արած անձանց տվյալները փակ են

ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության լիազորությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին փոխանցելուց բացի օրենքում ավելացվեց ևս մեկ դրույթ. նախընտրական հիմնադրամ նվիրատվություններ կատարող ֆիզիկական անձանց տվյալներն այլևս հրապարակման ենթակա չեն։ Այսպիսով, նախընտրական շրջանում հանրությունն ու լրատվամիջոցները զրկվում են կուսակցություններին և թեկնածուներին հաշվետու դարձնելու հնարավորությունից։

Նվիրատվություն կատարող անձանց տվյալների հասանելության սահմանափակումը հիմնավորվում էր նրանց չկաշկանդելու և նրանց նկատմամբ հնարավոր բացասական ազդեցությունը բացառելու նպատակով։ 

Եթե նվիրատվություն անողների տվյալները փակելը նրանց պաշտպանելու միտում ունի, ապա «Կուսակցությունների մասին» օրենքը հակասում է այդ նպատակին։ Մասնավորապես, վերոնշյալ օրենքը սահմանում է, որ ամեն տարի կուսակցությունները պարտավոր են հրապարակել ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի վերաբերյալ հաշվետվություններ՝ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ից ոչ ուշ։ Այս հաշվետվություններում կուսակցություններին նախընտրական շրջանում նվիրատվություններ արած անձանց տվյալները բաց հրապարակվում են, բայց ընտրություններից հետո՝ հաջորդ տարվա մայիսին։ Այսինքն՝ այս փոփոխությունը նպատակ ունի ոչ թե նվիրատուներին պաշտպանելու, այլ նախընտրական շրջանում կուսակցությունների քարոզարշավի ֆինանսական աղբյուրները թաքցնելու։ 

Քարոզարշավի ֆինանսների իրական թափանցիկություն ապահովելու համար  կարևոր է նվիրատուների տվյալների հրապարակման ժամկետները։ Դիտարկենք այս տարվա Երևանի ավագանու ընտրությունների` իշխող ուժի նախընտրական ֆինանսների հավաքագրման օրինակը։

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Ավագանու ընտրությունները։ Դրանից առաջ՝ հուլիսի 31-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել էր դրամահավաք-երեկո։ Երեկոյի ընթացքում, ըստ ՔՊ հայտարարության, 987 անձանց նվիրատվությունների արդյունքում հավաքվել էր շուրջ 506 մլն դրամ։ Նվիրատուների ցանկին, սակայն, հանրությունը կարող է ծանոթանալ միայն ընտրություններից 8 ամիս անց։

ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով դրամահավաք-երեկոյի ընթացքում փոխանցումները կատարվել են անկանխիկ։ Նա հայտնեց, որ «Հայէկոնոմբանկի» հետ համագործակցությամբ տեղադրվել են վճարային տերմինալներ։ Բանկի աշխատակիցները վերցրել են կանխիկ գումարը և մուտքագրել կուսակցության հաշվեհամարին։

Այս միջոցառման ժամանակ նվիրաբերված գումարի մի մասը՝ մոտ 300 մլն դրամը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր անունից նվիրաբերել է կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին։ Այսինքն՝ 987 անձանց նվիրատվությունները փաստացի ներկայացվել են որպես ՔՊ նվիրատվություն։

Նախընտրական շրջանում մենք հարցում ուղարկեցինք ՔՊ՝ ստանալու նվիրատուների ցանկը։ Մեզ պատասխանեցին, որ իրենք իրավունք ունեն այդ ցանկը հրապարակել մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, ուստի կծանոթանանք ցանկին, երբ այն հրապարակվի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, հանրային կապերի համակարգող, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հնգօրյա ժամկետում ցանկի տրամադրման մերժումը մեկնաբանեց՝ ասելով՝ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքը կուսակցություններին չի վերաբերում։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցով, սակայն, մեկ այլ իրավիճակում դատարանի վճիռը պարտավորեցրել է այն կուսակցություններին, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից, ենթարկվել «Տեղեկատվության ազատության» մասին օրենքին։ «Քաղաքացիական պայմանագիրը»  նույնպես պետբյուջեից ֆինանսավորվող կուսակցություն է։

Հետաքրքիր է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դրամահավաք-երեկոյի մասին նախապես չի իրազեկել հանրությանը։  Դրամահավաքից օրեր անց կուսակցությունը միայն հրապարակել է արդյունքները։

Իրավագետ Հասմիկ Սարդարյանը կարծում է, որ թեև նման մոտեցումը նվազեցնում է հանրային վերահսկողության հնարավորությունները, սակայն այն հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ ապահովելու քաղաքացիների անխոչընդոտ մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ «Սակայն նվիրատուների իրավունքների և հանրային վերահսկողության շահերի միջև հավասարակշռություն ապահովելու նպատակով օրենսդրական փոփոխությունների մակարդակում կարող է դիտարկվել հանրային վերահսկողություն իրականացնող որոշ սուբյեկտներին նվիրատուների տվյալների նկատմամբ որոշակի պայմաններով հասանելիություն տրամադրելու հնարավորությունը»,- նշում է իրավագետը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը նաև համահեղինակել է ԸՕ փոփոխությունները,  մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցություններն օրենքին հակասող ոչինչ չեն արել, երբ նախընտրական հիմնադրամ մուտքերը կատարել են միայն կուսակցության անունից։ Իսկ հարցին՝ արդյո՞ք դա չի նվազեցնում գործընթացի թափանցիկությունը՝ հաշվի առնելով նախորդ տարիների լրագրողական հրապարակումներն ու բացահայտումները, Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Դե այդպես ասեք, որ մենք ուզում ենք, որպեսզի ընտրությունների արդյունքների վրա ազդենք։ Ձեր ցանկությունն է, որ երբ դուք որևէ հրապարակում կունենաք, որևէ բան կբացահայտեք որևէ կուսակցության հետ կապված, դա ազդի այդ կուսակցության ընտրության արդյունքների վրա։ Դուք քաղաքական ուժերին վերաբերվում եք որպես պոտենցիալ հանցագործների»։ Նա նաև հավելեց, որ որպես ԿԸՀ նախագահ կարծում է, որ ընտրական գործընթացը պետք է լինի թափանցիկ, միևնույն ժամանակ, ընտրության ընթացքի վրա արհեստական խոչընդոտ կամ ազդեցություն չպետք է լինի։ 

Հովակիմյանը կարծում է, որ եթե լրագրողների նպատակն է թափանցիկ գործընթաց ապահովելը, ապա իրենց համար մեծ տարբերություն պիտի չլինի՝ նվիրատուների ցանկը ուսումնասիրել ընտրությունների ընթացքու՞մ, թե՞ դրա ավարտից շուրջ 8 ամիս անց։

 

Նախընտրական ֆինանսների հանրային վերահսկողություն չկա, իսկ կա՞ պետական վերահսկողություն

Քանի որ ԿԸՀ նախագահը լրատվամիջոցների՝ ռիսկային նվիրատվությունների վերաբերյալ հրապարակումները համարում է ընտրական գործընթացի վրա ազդեցություն կամ արհեստական խոչընդոտ, հարց է առաջանում, թե արդյո՞ք նախընտրական ֆինանսների պետական վերահսկողությունն անխոչընդոտ իրականացվում է։ 

Նախկինում նախընտրական հիմնադրամների նվիրատվություններն ու ծախսերը վերահսկում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (ՎՎԾ)։ Ընտրական ցուցակների գրանցումից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք էին ներկայացնում ՎՎԾ, իսկ վերջինս ամփոփում էր այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում ԿԸՀ կայքում:

Օրենքի փոփոխությամբ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության վերահսկողական որոշ լիազորություններ փոխանցվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ)։ Նշենք, որ սրան նախորդած  «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով արդեն ԿԿՀ-ին էր փոխանցվել կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողությունը։ Իսկ նախընտրական հիմնադրամների մուտքերի ու ելքերի վերահսկողության փոխանցումը ԿԿՀ-ին պայմանավորված էր նրանով, որ վերջինս օրենքով օժտված է ինստիտուցիոնալ անկախությամբ, մասնագիտացված է կոռուպցիոն ռիսկերի գնահատման հարցերում, ունի կոռուպցիայի դեմ պայքարի համար օրենքով վերապահված անհրաժեշտ գործիքակազմ, այդ թվում՝ բանկային գաղտնիքի հասանելիություն։ Այսպիսով, գնահատվել էր, որ վերոնշյալ կարողությունները ԿԿՀ-ին հնարավորություն են տալիս պատշաճորեն իրականացնել նախընտրական քարոզարշավի ֆինանսների  վերահսկողական գործառույթը։ 

Այս փոփոխության պատճառաբանություններից մեկն էլ այն էր, որ ԿԸՀ ենթակայությամբ գործող Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամբողջովին անկախ չի կարող գործել։ Դեռ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հրապարակված զեկույցում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) անդրադարձել էր ՎՎԾ կարգավիճակին. «Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ՎՎԾ-ն պետք է գործի ԿԸՀ-ից անկախ, սակայն օրենքը հստակ չի սահմանում նրա ինստիտուցիոնալ կարգավիճակը կամ աշխատակարգը: ՎՎԾ-ն ԿԸՀ-ից ունի իրական անկախության պակաս, քանի որ վերջինս է նշանակում ու պաշտոնից ազատում ՎՎԾ ղեկավարին: Բացի այդ, ՎՎԾ-ն չի կարող իր նախաձեռնությամբ որևէ վարչական վարույթ սկսել կամ վիճարկել ԿԸՀ որոշումները»,- նշված է զեկույցում։

Թեև շուրջ 2.5 տարի առաջ ԿԸՀ որոշ լիազորություններ փոխանցվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, սակայն վերջինս այդպես էլ այդ լիազորությունները չիրացրեց։ Փոփոխությունները պիտի ուժի մեջ մտնեին 2023 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝  սեպտեմբերին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ֆինանսների վերահսկողությունը պետք է իրականացներ ԿԿՀ-ն։ Սակայն հետագա փոփոխությամբ լիազորությունների ստանձնումը  ևս մեկ տարով հետաձգվեց։ 

Մեզ հետ զրույցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքի և ԸՕ փոփոխությունները համարում է «ոչ գրագետ»։ Հայկուհի Հարությունյանը Հանձնաժողովին նախընտրական վերահսկողության լիազորությունը հանձնելը ճիշտ չի համարում, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող ազդել որևէ քաղաքական ուժի՝ ընտրապայքարում լինելու կամ դրանից դուրս մնալու գործընթացի վրա. «Կանխարգելումն այդտեղ այն է, որ եթե կուսակցությունն անօրինական գործողություն է անում, իշխանություն չդառնա։ Իսկ այդ հարցում ԿԸՀ-ն է բացառապես իրավասություն ունեցող մարմին՝ որոշելու թեկնածուն կամ կուսակցությունը ընտրապայքարից դուրս գա՞, թե՞ շարունակի ընտրապայքարին մասնակցել։ Հիմա եթե կուսակցությունը խախտում է արել, ու իրեն շարունակում ենք հանդուրժել, այդ կանխարգելման ավելացված արժեքը ո՞րն է։ Իմաստը ո՞րն է մի ամբողջ մարմնի ռեսուրս ծախսել պետական բյուջեից, ասել ստուգի, որ այդ գումարը անօրինական է,  եզրակացություն տուր, բայց ոչինչ, թող ինքը շարունակի մասնակցել ընտրություններին»,- բացատրում է Հանձնաժողովի նախագահը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշում է, որ ի սկզբանե կողմ չի եղել ԿԸՀ լիազորությունները ԿԿՀ-ին փոխանցելուն. «Եթե ընտրությունների ֆինանսավորումը վերահսկում է ԿԿՀ-ն, մենք Սահմանադրության խնդիր ենք ունենում։ Ես այն ժամանակ էլ էի ասում, որ ինչ անում է ԿԿՀ-ն, պիտի ընտրությունների արդյունքների վրա որևէ ազդեցություն չունենա։ Սահմանադրությունն ընտրությունների օրինականության վերահսկողությունը պատվիրակում է բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- ասում է ԿԸՀ նախագահը։

Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ եթե ընդունված օրենքի դրույթներից մեկի սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններ կան, ինչու՞, օրինակ, նախագահը ստորագրելուց առաջ այն Սահմանադրական դատարան չի ուղարկել։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ 2021 թվականի մայիսին մոտենում էին արտահերթ ընտրությունները ու բարեփոխումը չէին կարող հետաձգել։ Այդ ժամանակ, ըստ նրա, եղել է ընդհանուր համաձայնություն՝ ընդունելու օրենքը, իսկ հետո՝ մինչև հաջորդ սպասվող ընտրությունները, շուրջ մեկ տարի ժամանակ կլինի ավելի մանրամասն քննարկումներ ծավալելու, և անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ անելու։ 

«2021-ի առաջին կեսը գնաց նախընտրական եռուզեռի վրա, երկրորդ կեսն էլ արդեն նոր խորհրդարան, նոր իրողություն, նոր քաղաքական պայմաններ։ 2022 հունվարին օրենքը, որ ուժի մեջ մտավ, ինչ խնդիրներ որ նախկինում տեսել էինք, քննարկման կարիք կար, բայց շտկելու հնարավորություն 2021-ին չեղավ»,- նշեց Վահագն Հովակիմյանը։

 

Նախընտրական և ընտրական բոլոր գործառույթները չի կարող ԿԸՀ-ն միայնակ իրականացնել. այս կարծիքին է քաղհասարակությունը, որը մասնակցել է օրենքի փոփոխությանը  

Ընտրական օրենսգրքի փոփոխություններում ակտիվ ներգրավված են եղել նաև քաղհասարկության ներկայացուցիչները։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդական ինստիտուտի մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, որը մասնակցություն է ունեցել օրենքի փոփոխության քննարկումներին, կարծում է, որ նախընտրական ֆինանսների հանրային վերահսկողությունը կարևոր է. «Եթե կուսակցությունը մի մարդու կուսակցություն է, դրա մասին պետք է խոսել, որովհետև դա նշանակում է, որ ընտրողը տեղեկացված է, իրազեկված է ու իրազեկված որոշում է կայացնում։ Ինձ համար, որպես քաղաքացի, շատ կարևոր է իմանալ, որ ինչ-որ կուսակցություն, օրինակ, մենակ դրսից է ֆինանսավորվում։ Ու դրա իմանալը շատ ավելի լավ ազդեցություն կունենա ընտրությունների վրա, քան այդ ֆինանսավորումը»,- մանրամասնում է Գրիգորյանը։ Նա նշում է, որ Ավագանու ընտրությունների ժամանակ իրենք տեղեկություն ունեին, որ որոշ մարդիկ պարտադրված են եղել մասնակցելու ՔՊ կազմակերպած դրամահավաքին և նվազագույնը 20 000 դրամ նվիրատվություն անելու։ 

Վարդինե Գրիգորյանը նշում է, որ դեռևս 2011 թվականից քաղհասարակության ներկայացուցիչները, հետագայում նաև Վենետիկի հանձնաժողովը հայտնել են այն կարծիքը, որ քաղաքական ֆինանսավորման վերահսկողությունը չպետք է լինի ԿԸՀ ենթակայության տակ։ Անդրադառնալով օրենքի սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններին՝  քաղհասարակության ներկայացուցիչը՝ նշում է. «Դա սուտ փաստարկ է իրականում, որովհետև դա կնշանակեր, որ ընտրական հանցագործություններ, ամեն ինչ ԿԸՀ-ն պետք է քննի։ Ու ընդհանրապես, ընտրությունների հետ կապված՝ ուրիշ ոչ մեկը ոչ մի գործ չպետք է ունենա»,- ասում է Վարդինե Գրիգորյանը։ 

Օրենքի սկզբնական քննարկումների ժամանակ Վարդինե Գրիգորյանն առաջարկել է նաև, որ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, որպես կառույց, տեղափոխվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակայության տակ։ Այդ տարբերակը, սակայն, չի դիտարկվել։ 

 

Մեկ տարի անց՝ կրկին փոփոխություններ ընտրական օրենսգրքում. ո՞վ է ի վերջո վերահսկողը

2022 թվականի նոյեմբերին Ազգային ժողովն ընդունեց պատգամավորներ Արփինե Դավոյանի և Ալխաս Ղազարյանի հեղինակած «Ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը։ Այս օրենքով ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հունավարի 1-ը, նախընտրական հիմնադրամների ֆինանսական վերահսկողությունն իրականացնելու է ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը։ Օրենքի նախագծում լրացումը հիմնավորվում էր կիրառվելիք օրենսդրական կարգավորումների սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններով։ 

ՔՊ պատգամավոր Արփինե Դավոյանը հրաժարվեց հարցազրույց տալ՝ մեկնաբանելու օրենքի իր հեղինակած փոփոխությունը։ Մեզ պատասխանեց նրա օգնականը՝ նշելով, որ առաջիկա ամսվա ընթացքում Դավոյանը զբաղված է լինելու բժշկական հարցերով։

2022 թվականի նոյեմբերի փոփոխությունը փաստացի ազատեց ԿԿՀ-ին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական հիմնադրամների միջոցների վերահսկողությունից։ Իսկ ԿԸՀ-ն հրապարակեց միայն նվիրատվությունների և ծախսերի ընդհանրական հայտարարագրեր՝ առանց իրական նվիրատուների բացվածքի։  

Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ ինչ նպատակ ուներ այդ փոփոխությունը, արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի ԿԿՀ-ին հնարավորություն տալ Ավագանու ընտրությունների ընթացքում իրագործել վերահսկողության լիազորությունները։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ գործնականում դրա կիրառությունը չափելու էր միայն վնասի աստիճանը։

Ներկայիս կարգավորումներով՝ 2024 թվականի հունվարի 1-ից ԿԿՀ-ն պիտի ստանձնի այդ լիազորությունները։ Հայաստանում հաջորդ ընտրությունները սպասվում են 2026 թվականին։ Այժմ շրջանառվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթ, որը դեռ Խորհրդարան չի մտել, գտնվում է լրամշակումների փուլում։ Սպասվող այս փոփոխություններով նախընտրական հիմնադրամների ֆինանսական վերահսկողությունը կվերադարձվի ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը։ Ի դեպ՝  մտցվել է ևս մեկ սահմանափակում. կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ փոխանցումներ կկարողանան կատարել միայն կուսակցությունները։ Թեկնածուները, ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց նվիրատվությունները պիտի կատարեն կուսակցությանը, իսկ կուսակցությունն իր անունից՝ նախընտրական հիմնադրամին։ 

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով փոփոխությունների նոր փաթեթի շուրջ քննարկումների արդյունքում հանգեցին այն եզրակացությանը, որ խնդիրն ունի շատ պարզ լուծում. համամասնական ընտրությունների դեպքում նախընտրական հիմնադրամ փոխանցում կատարելու իրավունք կունենա բացառապես կուսակցությունը։ Կուսակցություններ կատարված նվիրատվությունները «Կուսակցությունների մասին» օրենքով ամբողջովին կմնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակայությանը։ Կուսակցության մուտքերը կվերահսկի ԿԿՀ-ն, իսկ նախընտրական հիմնադրամից կատարված ծախսերը՝ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը։ Պարոն Հովակիմյանի պնդմամբ թափանցիկության հետ կապված խնդիրն ամբողջովին կլուծվի, երբ անցնենք համընդհանուր հայտարարագրման համակարգին. «Եթե նայենք այն հեռանկարը, որ սպասվում է, որ 2024 թվականից Հայաստանում բոլորը հայտարարագրեր են ներկայացնելու, թեման փակվում է»,- ասում է ԿԸՀ նախագահը։

 

Միջազգայիններն առաջարկում են վերանայել ֆիզիկական անձանց նվիրատվությունները չթույլատրող «պարզ լուծումը» 

2023 թվականի հոկտեմբերի 9-ին հրապարակված Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում նշվում է, որ պարզ չէ, թե քաղաքական կուսակցությունների ընտրական հիմնադրամներին ֆիզիկական անձանց կողմից կատարված նվիրատվությունները ինչու այլևս չպետք է թույլատրվեն: Հաշվի առնելով, որ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը քաղաքական մասնակցայնության ձև է, և որ կուսակցությունների համար նպատակահարմար է սահմանված պայմաններով դիմել մասնավոր ֆինանսական նվիրատվություններ ստանալու՝ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկում են վերանայել այս փոփոխությունը։

Անդրադառալով ԿԿՀ-ին փոխանցված լիազորությունները ՎՎԾ-ին վերադարձնելուն՝ նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ավելի վաղ ի գիտություն էին ընդունել քարոզարշավների վերահսկողության, ինչպես նաև կուսակցությունների ընդհանուր ֆինանսավորման վերահսկողության պատասխանատվությունն ապագայում ԿԿՀ-ում կենտրոնացման ծրագրերը: Փոփոխությունների ներկայիս նախագիծը չի իրականացնում այդ ծրագրերը։ Ըստ օրենքի նախագծի հիմնավորման՝ անհրաժեշտ է տարանջատել կուսակցությունների ամենօրյա ֆինանսական գործունեության վերահսկողությունը նախընտրական քարոզչության հիմնադրամներում կատարվող վճարների, ծախսերի և դրանց հաշվարկների վերահսկումից և միայն նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերահսկողությունը փոխանցել ՎՎԾ-ին։ Թեև հստակ միջազգային ստանդարտներ չկան, որոնք պահանջում են որոշակի ինստիտուցիոնալ կառուցվածք, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այն կարծիքին են, որ կուսակցությունների ընդհանուր ֆինանսների և նույն մարմնի (ԿԿՀ) կողմից ընտրարշավների ֆինանսավորման վերահսկումը որոշակի առավելություններ կունենար արդյունավետության և հետևողականության առումով: Առաջարկվում է փոփոխությունների այս հատվածը նույնպես վերանայել։

Համատեղ կարծիքով կառույցներն անդրադառնում են նաև նվիրատուների անունների ոչ հրապարակային լինելուն։ Մասնավորապես նշվում է, որ թեև նվիրատուների անձնական տվյալները հրապարակելու պահանջը կբարձրացնի թափանցիկությունը, օրենսդրությունը նաև պետք է հավասարակշռություն ապահովի այդ պահանջի և անհատ նվիրատուների գաղտնիության վերաբերյալ մտահոգությունների միջև այն դեպքերում, երբ սպառնալիքների, ոտնձգությունների կամ բռնաճնշումների ողջամիտ հավանականություն կա: Կառույցներն առաջարկում են նաև հնարավոր լուծման տարբերակ։ Կարող է սահմանվել շեմ, որից ցածր նվիրատվությունների տվյալները չեն հրապարակվի, որ պաշտպանվեն փոքր գումար նվիրաբերողների գաղտնիությունը։ Ավելի մեծ նվիրատվությունները հրապարակելը կբարձրացնի քարոզարշավների նվիրատվությունների թափանցիկությունը: 

ԿԸՀ նախագահին կրկին հարցրինք հանրային վերահսկողության խնդրի մասին՝ նշելով, որ ԿԿՀ-ն կուսակցությունների մուտքերի վերաբերյալ հաշվետվությունը հրապարակում է ընտրություններից ամիսներ անց։ Վահագն Հովակիմյանը նախ պատասխանեց. «Դուք էդ համոզմունքը ունե՞ք, որ եթե անունները հրապարակվի, տվյալ անձինք հետապնդման չեն ենթարկվելու»։ Հետո նաև ավելացրեց, որ իրենք մի միտք էլ ունեն, որ եթե նախընտրական շրջանում կուսակցության հաշվեհամարին ֆիզիկական անձից մուտքեր լինեն, դա կարող է հրապարակվել, ինչպես նախընտրական հիմնադրամի մուտքերը. «Դա կարող է տրվել ՎՎԾ-ին, ՎՎԾ-ն հրապարակի՝ անուն-ազգանուն, գումարի չափ»։  

Հասկանալի չէ՝ ի վերջո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարծիքով տվյալները պե՞տք է հրապարակվեն, թե՞ ոչ, և ո՞ր մարմինը պիտի իրականացնի նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների վերահսկողությունը։ Ակնհայտ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծ ցանկություն չունի դրանով զբաղվելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցանկանում է զբաղվել վերահսկողությամբ, իսկ քաղհասարակությունն ու միջազգային կառույցները կարծում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը չունի բավարար անկախություն և գործիքակազմ՝ վերահսկողությունն իրականացնելու համար։

Լյուսի Մանվելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել