Մինչև դեկտեմբերի 31-ը փոխհատուցում կտրվի վրացական համարանիշներով ավտոմեքենաների օգտագործման համար․ 2024-ից ուժի մեջ կմտնի խիստ պահանջ
13:17 - 30 նոյեմբերի, 2023

Մինչև դեկտեմբերի 31-ը փոխհատուցում կտրվի վրացական համարանիշներով ավտոմեքենաների օգտագործման համար․ 2024-ից ուժի մեջ կմտնի խիստ պահանջ

ՀՀ կառավարության որոշմամբ 2024թ․ հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցը ՀՀ ժամանակավորապես ներմուծելու համար պարտավորված կլինեն մաքսատուրքի և հարկերի չափով գումարը վճարել մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին, որը նրանց կվերադարձվի տվյալ ավտոմեքենան վերաարտահանելիս։

«Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվեց նոյեմբերի 30-ին կայացած նիստի ընթացքում։

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ քանի որ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններում (հիմնականում Վրաստանում) թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար օրենքով սահմանված մաքսային վճարների չափերը ավելի ցածր են, քան ԵՏՄ օրենսդրությամբ նախատեսված վճարների չափերը, ՀՀ-ում այդ տրանսպորտային միջոցները օրենքով սահմանված կարգով ազատ շրջանառության նպատակով ձևակերպելու և գրանցելու փոխարեն այդ տրանսպորտային միջոցները ձևակերպվում և գրանցվում են այդ երկրներում (հիմնականում Վրաստանում) և ներմուծվում ու տնօրինվում են ՀՀ-ում «ձևական» ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարհով: Ուստի այս միջոցի նպատակը նամն կերպով ներմուծումը ոչ շահավետ դարձնելն է։

«Ներկա պահին Հայաստանի Հանրապետության տարածքում վերոհիշյալ կարգավիճակով շահագործվում է շուրջ 9000 միավոր ավտոմեքենա: Արդյունքում վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե՛ մաքսատուրքերի, թե՛ ավելացված արժեքի հարկի, թե՛ բնապահպանական հարկի և թե՛ գույքահարկի գծով: Դրա փոխարեն ՀՀ-ում շահագործվող, սակայն գրանցում չստացած խնդրո առարկա տրանսպորտային միջոցների մասով վերը նշված վճարներով համալրվում են այլ երկրների պետական բյուջեի եկամուտները»,- նշել են ՊԵԿ-ից։

Այս որոշումը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։ Սահմանափակումը չի տարածվի իրենց անձնական ավտոմեքենայով Հայաստանի Հանրապետություն տուրիստական կամ գործնական այցելություններ իրականացնող օտարերկրացիների նկատմամբ:

Արդեն զեկուցվող հարցերի փաթեթով ՀՀ կառավարությունը քննարկեց և ընդունեց վերոնշյալ տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը, որը գործելու է մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ը։

Նշվում է, որ ներմուծման ժամանակ ֆիզիկական անձանց կողմից վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի գումարը շատ ավելի մեծ է, քան իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պարագայում, ինչը պատճառ է դառնում ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծման հնարավորության շահարկմանը։ Արդյունքում տեղի են ունենում պետական եկամուտների հավաքագրման՝ օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներից շեղումներ։ 

Մասնավորապես 2023թ․ տվյալներով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր ներմուծված և չվերաարտահանված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար միասնական դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի հաշվարկային գնահատված մեծությունը կազմում է շուրջ 443 մլրդ դրամ, եթե այդ տրանսպորտային միջոցները ազատ շրջանառության նպատակով ստանային մաքսային ձևակերպում։ 

Մասնավորապես մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը կազմում է շուրջ 1200, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը՝ շուրջ 7800։ Այդ տրանսպորտային միջոցները ամբողջությամբ ՀՀ-ում ֆիզիկական անձանց կողմից մաքսային ձևակերպում կատարելու պարագայում մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մասով կարող է գանձվել շուրջ 78 մլրդ դրամ, իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների գծով՝ շուրջ 365 մլրդ դրամ։

Այսպիսով՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է փոխհատուցում․

ա միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով՝ մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով,

բ միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 70%-ի չափով՝ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով։

Ըստ ՊԵԿ-ի՝ մինչև 5 տարեկան ավտոմեքենաների գծով փոխհատուցվող գումարը կարող է կազմել 3․1 մլրդ․ դրամ, իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների մասով՝ շուրջ 25․6 մլրդ․ դրամ։ Արդյունքում՝ նշված ավտոմեքենաները ՀՀ-ում ֆիզիկական անձանց կողմից ձևակերպում ստանալու և փոխհատուցում կատարելու դեպքում՝ ՀՀ պետական բյուջերի զուտ եկամուտը կարող է կազմել շուրջ 15․6 մլրդ․ դրամ։

Նշվում է, որ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում է նախատեսվում՝ շուրջ 15 մլրդ դրամի չափով։

Նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Մենք կարող էինք գնալ մաքսատուրքերն իջեցնելու ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ ԵԱՏՄ կարգավորում է, և ՀՀ-ն չի կարող միակողմանիորեն այդ հարցը լուծել: Մենք կարծում ենք, որ այդ հարցը կարող է քննարկվել ԵԱՏՄ շրջանակներում, և մենք կդիտարկենք այդ տարբերակը»։

Նա հայտնեց, որ այս կարգավորումներին զուգահեռ՝ ՀՀ ոստիկանությունը վարչարարություն կիրականացնի․ «Նրանց, ում մեքենաների շահագործումը չի համապատասխանի այս կանոններին, համապատասխան ընթացակարգերով վարչարարություն կիրականացնենք և համապատասխան լծակներով կդրդենք մեր քաղաքացաիներին, որ ինչպես հարկն է, ՀՀ-ում երթևեկեն ՀՀ պետհամարանիշներով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել